«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2007-10-25 | #196, 2007-10-26 | #197, 2007-10-27


ԼՂՀ. ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ` ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼՈՒՄ

ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ գերագույն դատարանի նորանշանակ նախագահ Արարատ Դանիելյանի երդման արարողությունը: Նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորելով Ա. Դանիելյանին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը միաժամանակ կարեւորեց դատաիրավական ոլորտում լուրջ բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտությունը, որը բխում է նաեւ անցյալ տարվա դեկտեմբերին ընդունված սահմանադրության պահանջներից:

Նշված ոլորտում բարեփոխումների առաջին փուլը ԼՂՀ-ում անցկացվել է 1998-2002 թվականներին: Ձեւավորված դատական համակարգը ներկայումս բաղկացած է առաջին ատյանի դատարանից եւ գերագույն դատարանից: Վերջինիս իրավասությանն են տրված վերաքննության, վճռաբեկության եւ սահմանադրական արդարադատություն իրականացնելու գործառույթները: ԼՂՀ նախագահի բնորոշմամբ` գործող դատական համակարգը թե՛ ներպետական, թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից թույլ չի տվել իրականացնել լիարժեք եւ արդյունավետ դատական իշխանություն: Երեք դատարանների գործառույթների միավորումը մեկ դատարանում չի արդարացրել իրեն: Ներկայումս ԳԴ-ում վերաքննությունը երեք դատավորի փոխարեն իրականացվում է մեկ դատավորի կազմով, վերաքննիչ գործեր քննած դատավորը հանդես է գալիս վճռաբեկ դատարանում, իսկ ԳԴ բոլոր դատարանները` սահմանադրական դատարանում:

«Յուրաքանչյուր իշխանության գլխավոր խնդիրը հասարակական վստահությունն է: Այս հարցում ԼՂՀ դատական համակարգը լուրջ խնդիրներ ունի: Քաղաքացիներից ստացված դիմում-բողոքները վկայում են, որ դեռեւս ցածր է հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ, քանզի որոշ դատավորների աշխատանքում առկա են լուրջ թերություններ եւ բացթողումներ:

Շատ բան կախված է դատավորի անաչառությունից, ազնվությունից, համբերատար եւ կիրթ վերաբերմունքից ու մասնագիտական պատրաստվածությունից: Առկա են դեպքեր, երբ ոչ բարդ գործերը անհարկի շրջապտույտ են գործում դատական ատյաններով` հարվածելով երկրի տնտեսությանը եւ իշխանության հեղինակությանը», ասաց Բակո Սահակյանը:

Բարեփոխումների արդյունքում, որոնք կիրականացվեն առաջիկա երկու տարիներին, ԼՂՀ դատական համակարգում կձեւավորվեն ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ եւ գերագույն դատարաններ, ինչպես նաեւ կգործեն օրենքով նախատեսված մասնագիտացված դատարաններ: Փաստորեն, Ղարաբաղում կգործի եռաստիճան դատական համակարգ, որի բարձրագույն դատական մարմինը կլինի գերագույն դատարանը: Այն բաղկացած կլինի սահմանադրական եւ վճռաբեկ ատյաններից:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4