ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներն սպասում են իրավական գնահատականի, որպեսզի քաղաքական գնահատական տան հոկտեմբերի 23-ին ոստիկանության ու խաղաղ ցուցարարների միջեւ Երեւանում տեղի ունեցած բախմանը: «Խնդիրն իրավական է եւ մինչեւ իրավական գնահատականներ չտրվեն, քաղաքական գնահատականներ պետք չէ, որ տրվեն: ՀՀ սահմանադրությամբ ամրագրված են հասարակական կարգի պաշտպանությունը եւ մարդու ազատությունները: Եթե խախտվել է Հայաստանի սահմանադրությունը, երկու կողմից էլ, եթե մարդու իրավունքներ են ոտնահարվում, ապա դա բնականաբար դատապարտելի է, որն ասել է նաեւ մեր խմբակցության ղեկավարը: Եթե հասարակական կարգն է խախտվել, բնականաբար, դա եւս դատապարտելի է: Ինչո՞ւ, որովհետեւ մենք պետք է հասկանանք, որ ազատությունն այն ամենն անելու իրավունքն է, ինչն արգելված չէ օրենքով», գնահատականի եւ ազատության սահմանում տվեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նույն իրադարձությունը գնահատեցին նաեւ ԲՀԿ ներկայացուցիչներ Ավետ Ադոնցն ու Նաիրա Զոհրաբյանը: Վերջինիս ասելիքը հետեւյալն էր. «Եթե ցուցարարները գործել են սահմանադրության եւ օրենքի շրջանակներում, բնականաբար, նրանց հանդեպ գործադրված բռնությունը մեզ համար անընդունելի է: Դիմել եմ մարդու իրավունքի պաշտպանին, ստացել եմ որոշակի պարզաբանումներ Արմեն Հարությունյանից: Ասաց, որ արարողակարգային առումով, նրանց իրավունքներն արդեն, երբ որ տարվել են ոստիկանական բաժանմունք, չեն խախտվել, ինքն այդ մասով կարող է պատասխան տալ, ես կարծում եմ, նաեւ ծառայողական քննություն է սկսված, սպասում եմ նաեւ ծառայողական քննության պատասխանին` արդյոք եղե՞լ է հրահրում ոստիկանության, թե ում կողմից, որովհետեւ գիտենք, որ երկու կողմերի կարծիքները հակադիր են: Երբ որ կլինի այդ ծառայողական քննության նաեւ վերջնական պատասխանը, այդ ժամանակ կարելի կլինի խոսել` եղե՞լ է հասարակական կարգի խանգարում, ինչպես պնդում են պարոն Մահտեսյանը եւ փոխվարչապետը: Այդուհանդերձ, եթե գործել են օրենքի շրջանակներում, դատապարտելի է, եթե հասարակական կարգի խախտում է եղել, անվայելուչ հայհոյանքներ են եղել, ինչպես պնդում են պաշտոնյաները, ով ուզում է լինի, Հայաստանի Հանրապետության որեւէ քաղաքացու թույլատրված չէ անվայելուչ պահել իրեն եւ խախտել հասարակական կարգը: Այդուհանդերձ, կոնկրետ ինձ համար լրագրողի հանդեպ որեւէ բռնություն անընդունելի է»: Նաիրա Զոհրաբյանի պատասխանից եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի ղեկավար Ավետ Ադոնցի պատասխանը տարբերվեց հետեւյալ պնդումով. «Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցածը չէր բխում իշխանության շահից: Եթե կան ինչ-որ վարկածներ, որ սա իշխանությունների կողմից նախօրոք պատրաստված սադրանք է, ապա ես ուզում եմ ժխտել, մերժել բոլոր նման տիպի մոտեցումներն ու կարծիքները»:
ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների գործունեության սահմանափակման առաջարկին Հայաստանը կո՞ղմ է, թե՞ դեմ
ԱՊՀ տարածքում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների գործունեությունը սահմանափակելու Ռուսաստանի առաջարկը ստորագրել է նաեւ Հայաստանը: Սրան անդրադարձել են իշխանական երեք կուսակցությունների` ԲՀԿ, ՀՅԴ եւ ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներըՙ խորհրդարանի ավանդական ճեպազրույցներում: ԲՀԿ խմբակցության անդամ, խորհրդարանի եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցն ուղղակի ասաց, թե տեղյակ չէ եւ տեղեկացրեց. «Անձամբ ես կողմ չեմ: Որքան շատ միջազգային կազմակերպություններ հետեւեն մեր ընտրական գործընթացներին, ես այդ մոտեցման կողմնակիցն եմ»:
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը անգամ առաջարկեց ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն ընդլայնել, բայց եւ կարեւորեց, որ նրանց գնահատականները լինեն անաչառ ԵԱՀԿ անդամ շատ երկրների ներկայացուցիչների ներգրավվածության հաշվին. «Երկրորդ, եթե դիտորդական առաքելություն է իրականացվում, ապա առնվազն պետք է եզրակացությունը լինի հստակ փաստերի հիման վրա, ոչ թե այստեղից այնտեղից լսած բաներով եզրակացություններ: Իսկ որպեսզի հստակ փաստերի հիման վրա ձեւավորվի եզրակացությունը, հարկավոր է ավելի լայն մասնակցություն ընտրական գործընթացներին»:
ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը կարծիք հայտնեց, որ իշխանությունը պետք է առաջնորդվի պետական շահի գերակայությամբ եւ ընդունի միջազգային կառույցների գործընկերությունը, բայց ընդգծեց. «Այսօր աշխարհում երկակի ստանդարտներ շատ են կիրառվում: Կոռեկտ չէ այստեղ խոսել ԵԱՀԿ օբյեկտիվության մասին, այնուամենայնիվ կան միջազգային կազմակերպություններ, նաեւ Հայաստանում, որոնց օբյեկտիվությանը կարելի է կասկածել, որոնք կիրառում են երկակի ստանդարտներ»:
Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության հարցը անորոշ է
«Ժառանգություն» խմբակցության կողմնորոշվելու խնդիրը նախագահական ընտրությունում թեկնածուի առաջադրման հարցում դեռ օրակարգային է, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումն էլ կայացած չէ: Խմբակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի վկայությամբ` կուսակցության տարածքային կառույցների, մարզերի կազմակերպությունների հանդիպումներն ապացուցում են, որ առկա է Հովհաննիսյանին առաջադրելու մտադրություն: Սակայն կուսակցությունը ինքնանպատակ չի համարում առաջադրումը եւ կարեւորում է երկրի իրավիճակի փոփոխությունը, ժողովրդավարական բարեփոխումները. «Եթե այդ նպատակին կարող է ծառայել մեր կողմից մեկ այլ թեկնածուի առաջադրումը, օժանդակելը, աջակցելը, մենք նաեւ այդ քայլին կարող ենք գնալ», վստահեցրեց Արմեն Մարտիրոսյանը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ