Առաջին 300 խոշոր հարկատուների ցանկի առաջին հորիզոնականներում գտնվող ընկերությունների եւ հասարակությանը հայտնի օլիգարխների ընկերությունների հարկային վճարումներին անդրադարձանք մեր նախորդ հրապարակմամբ («Ազգ», 26 հոկտեմբերի, 2007): Սակայն բազմաթիվ այլ հետաքրքրական փաստեր կան այս ցանկում:
Աչքի են զարնում ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունների մեծաթիվ լինելն ու առաջատար դիրքերն այս ցանկում: Դա անառարկելի փաստ է, ապացույց, որ Հայաստանում բնակչության բարեկեցությունը բարձրանում է եւ ավտոմեքենաներ գնել ցանկացողներն ավելանում են: Ընդ որում, այս ցանկում դեռ հայտնի ընկերությունների տեղական ներկայացուցչություններն են, իսկ բազում այլ ընկերություններ եւ անհատ ձեռնարկատերեր էլ ներմուծում են ավելի փոքր ծավալներով եւ որոշ ժամանակ շահագործված ավտոմեքենաներ:
Մասնավորապես, «Արմենիա-Լադան» զբաղեցնում է 19-րդ տեղը 1,5 մլրդ դրամ վճարած հարկերով, «Կարկոմավտոն» 24-րդ տեղում էՙ 1,3 մլրդ դրամով, «Մուրանը»` 31-րդ տեղում 1,1 մլրդ դրամով, «Տոյոտա Երեւանը»` 36-րդ տեղում 1 մլրդ դրամով: Բացի այդ, 300 խոշոր հարկատուների ցանկում են նաեւ «Ավանգարդ մոթորսը», «Եվրովագենը», «Մագաս ինվեստը», «Ֆորան», «Արարատ մոթորսը», «Եվրոմոթորսը»:
Էլեկտրոնային ապրանքների խոշորագույն ներմուծողներ եւ իրացնողներ «Արայն» ու «Զիգզագը» նախորդ տարվա համեմատ փոխվել են դիրքերով: «Արայը» հայտնվել է 42-րդ տեղում եւ վճարել 946 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 57-րդ տեղի եւ 531 մլն դրամի փոխարեն: Իսկ «Զիգզագը» 55-րդ տեղում է եւ վճարել է 701 մլն դրամ, նախորդ տարվա 40-րդ տեղի եւ վճարած 768 մլն դրամի փոխարեն: Դժվար է հավատալ, որ սպառողական վարկերով էլեկտրոնային ապրանքների գնման այս բումի ժամանակ «Զիգզագի» շրջանառությունը նվազած լինի:
Սննդամթերքի խոշոր ներմուծողները, չնայած ներքին շուկայում ունեցած պատկառելի ներկայությանը, խիստ համեստ դիրքեր են զբաղեցնում 300 խոշորների ցանկում: Դրանցից «Դերժավա-Ս»-ն գտնվում է 66-րդ տեղում եւ վճարել է 615 մլն դրամ, «Սովռանոն» 73-րդ տեղում է, վճարելով 547 մլն դրամ, «Ապեյրոն» 84-րդն է եւ վճարել է 477 մլն դրամ, «Մառնիկը» 150-րդ տեղում է եւ վճարել է 259 մլն դրամ, «Սլավ գրուպը» եւ «Դոստ ինտերնեշընլը» համապատասխանաբար 192-րդ եւ 193-րդ տեղերում 202 մլն-ական դրամ հարկերով եւ այլն: Վերոնշյալ ընկերությունները զբաղվում են Հայաստան կարագ, ձեթ, քաղցրավենիք եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ներկրելով: Թեեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նրանց վճարած հարկերը որոշակիորեն ավելացել են, բայց անկասկած է, որ դա տեղի է ունեցել սպառման ավելացման եւ այդ ապրանքների գների թանկացման, այլ ոչ թե նրանց ստվերային շրջանառության նվազման հաշվին: Դրանում համոզվելու համար բավական է նայել շահութահարկի վճարման ծիծաղելի գումարներին: Մեկ այլՙ «Մակրո Երեւան» ընկերությունն այս ցանկում բացակայում է ընդհանրապես: Նա գտնվում է 584-րդ տեղում եւ վճարել է 62 մլն դրամ: Իսկ անցյալ տարի զբաղեցնում էր 212-րդ տեղը եւ վճարել էր 156 մլն դրամ: Մի՞թե մեր կառավարությունն այսպես է պայքարում ստվերի դեմ, երբ բոլոր առումներով ավելի բարենպաստ վիճակում հայտնված ներմուծողները շահում են նաեւ հարկերից խուսափելու հաշվին:
Առեւտրի օբյեկտների եւ տոնավաճառների մասին: Ցանկից բացակայում են բոլոր խոշոր սուպերմարկետները, որոնք իրենց ցանցերն ունեն Երեւանի մի քանի վայրերում: «Սաս», «Վաս», «Սթար», «Երեւան սիթի»ՙ սրանք չկան խոշոր հարկատուների ցանկում: Միայն «Հայր եւ որդի Երիցյանները» հայտնվել են հարկատուների ցանկի 407-րդ տեղում 100 մլն դրամ վճարած գումարով, ինչը սակայն նույնպես հարկային բարձր պարտաճանաչության մասին չի խոսում:
Տոնավաճառներից այս անգամ եւս լավագույն ցուցանիշն ունի Մալաթիայի տոնավաճառըՙ «Ռաֆայել-Տաթեւ» ընկերությունը, որը վճարել է 390 մլն դրամ եւ գտնվում է 99-րդ տեղում: Սակայն համեմատության համար ասենք, որ այս ընկերությունից ավելի շատ հարկ է վճարել եւ նրանից մեկ աստիճան վեր է գտնվում «Լեռնամետալուրգիայի ինստիտուտը»ՙ 397 մլն դրամ: Կգտնվի՞ Հայաստանում որեւէ մեկը, որ հավատա, թե Մալաթիայի տոնավաճառում ավելի քիչ փող է շրջանառվում, քան լեռնամետալուրգիայի ինստիտուտում: Ամենաթանկ տոնավաճառի համարումն ունեցող «Հրազդան տոնավաճառը» հանգրվանել է 105-րդ տեղում, վճարելով 361 մլն դրամ, «Հայաստան առեւտրի կենտրոն Հայրապետյան եղբայրներ» հանրախանութը 298-րդ տեղում է եւ վճարել է 135 մլն դրամ: «Փեթակն» ընդհանրապես դուրս է մնացել այս ցանկից եւ գտնվում է 311-րդ տեղում` նախորդ տարվա 168 մլն դրամի փոխարեն վճարելով ընդամենը 130 մլն դրամ: Մինչդեռ դժվար թե այստեղ առեւտրի ծավալները նվազած լինեն:
Ի դեպ, արտադրողներից նույնպես քչերն են 300 խոշորների ցանկում: Փաստորեն, բացի «Գրանդ քենդիից», 300 խոշոր հարկատուների ցանկում են միայն «Աշտարակ-կաթը»` 104-րդ տեղում, 363 մլն դրամ վճարած հարկեր, Ավանի աղի կոմբինատըՙ 108-րդ տեղում եւ 355 մլն դրամ հարկեր, «Եվրոթերմը»` 154-րդ տեղում եւ 254 մլն դրամ, «Մուշը»` 238-րդ տեղում եւ 170 մլն դրամ, «Թամարան»` 246-րդ տեղում եւ 166 մլն դրամ, «Դուստր Մարիաննան»` 274-րդ տեղում եւ 149 մլն դրամ հարկերով: Այստեղ չկան բոլորիս հայտնի «Գեղարդը», «Աթենքը», «Բարի սամարացին», «Դարոյինքը», «Ասան», «Մավա իմպուլսը» («Շանթ» ապրանքանիշով) եւ ուրիշներ:
Արտահանող ընկերություններից առանձնահատուկ ուշադրության է արժանի պարտատոմսեր թողարկած, բայց իր ստանձնած պարտավորությունների կատարմամբ աչքի չընկնող ու անցած տարիներին մշտապես բնապահպանական լուրջ խնդիրներ առաջացնող «Արմենիան քափըր փրոգրամը» (ACP): Թեեւ այս տարի մշտապես խոսվում էր նրա արտադրության ընդլայնման մասին, բայց ընկերությունն ավելի քիչ հարկեր է վճարել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Մասնավորապես այս տարվա 9 ամիսներին 402 մլն դրամ եւ 96-րդ տեղ, անցյալ տարվա 9 ամիսներինՙ 413 մլն դրամ եւ 75-րդ տեղ:
Հանրահայտ «Ջրաշխարհի» եւ նրան հարակից հյուրանոցի սեփականատեր «Վալենսիա» ընկերությունը 207-րդ տեղում է եւ վճարել է 188 մլն դրամ հարկ, որից ընդամենը 31 մլն դրամն է շահութահարկ եւ եկամտահարկ: Մինչդեռ «Ջրաշխարհի» միայն մեկ օրվա շրջանառությունն ամենահամեստ հաշվարկներով տատանվում է 15-20 մլն դրամի սահմաններում:
Հետաքրքրական է թռչնաֆաբրիկաների եւ պետական բուհերի հարկային վճարումների համադրությունը: Այսպես, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը 242 մլն դրամ հարկային վճարման ցուցանիշով մեկ հորիզոնական առաջ է գտնվում Արզնու ԹՏԽ-ից, որը վճարել է 240 մլն դրամ: Երեւանի պետական համալսարանն էլ 120-րդ տեղում էր եւ 320 մլն դրամ հարկային ցուցանիշներով առաջ է անցել 125-րդ տեղը զբաղեցնող «Արաքս թռչնաֆաբրիկայից» (313 մլն դրամ) եւ 143-րդ տեղը զբաղեցնող Լուսակերտի թռչնաֆաբրիկայից (268 մլն դրամ):
Թեեւ նախորդ հրապարակմամբ անդրադարձել էինք «Արմավիայի» հարկերի վճարման հետընթացին, բայց կցանկանայինք նշել եւս մեկ հանգամանք: Մեր ազգային փոխադրողի վճարած հարկերն ավելի քիչ են, քան վերոնշյալ բուհերինը, իսկ ցուցակում նրան հաջորդող Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի վճարած 154 մլն դրամն ընդամենը 2 մլն դրամով է պակաս «Արմավիայից»:
Այս ամենով հանդերձ, դժվար է ասել, թե վերոնշյալն ամենաուշագրավ տարօրինակություններն են, որ առկա են խոշոր հարկատուների ցանկում եւ դրանից դուրս: Ամենայն հավանականությամբ, դրանք շատ ավելին են:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ