«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2007-10-25 | #196, 2007-10-26 | #197, 2007-10-27


ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՆԱԽԿԻՆ ՄՈԴԵԼՆ ԻՐԵՆ ՍՊԱՌԵԼ Է

Նորը պահանջում է անցնել հոսքային ուսուցման

Հանրակրթության համակարգում կատարվող փոփոխությունների մասին խոսելիս մասնագետները, թերեւս, ամենից առավել շեշտում են ավագ դպրոց-բուհ սահուն անցման նշանակությունը, ընդգծելով հոսքային ուսուցմամբ դրան հասնելու լավագույն մոդելը: «Քվանտ» վարժարանում այդ մոդելը գործում է արդեն 16 տարի, որի շնորհիվ դպրոցի շրջանավարտների 90 տոկոսից ավելին բուհ է ընդունվում առաջին իսկ տարում: Անցած ուստարվա 115 շրջանավարտներից 112-ն ընդունվել են պետական բուհեր, 62-ըՙ անվճար, 50-ըՙ վճարովի հիմունքներով:

Վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանն ասում է, որ ավագ դպրոցի իրենց մոդելը ստեղծվել է կյանքի պահանջներից, պատվիրատուն եղել է ոչ այլ ոք, քան աշակերտի ծնողը: «Բնական է, որ պետք է հարմարվեինք ծնողի պահանջներին, հենց այդտեղից ծնվեցին մասնագիտական հոսքերը` քիմիա, կենսաբանություն, տնտեսագիտություն, հումանիտար կրթություն: Այդպես որոշվեցին նաեւ դասաժամերի բաշխումն ու առարկաների բաժանումն ըստ մասնագիտականի ու ոչ մասնագիտականի: Այդ ամենը մտացածին չէր, այլ սոցիալական պահանջ, որն առ այսօր չի կորցրել իր այժմեականությունը: Եթե հանրապետությունում միջին հաշվով դիմորդների 80-90 տոկոսը պարապում է կրկնուսույցների մոտ, մեր վարժարանում պատկերը հակառակն է` շրջանավարտների 90 տոկոսից ավելին լրացուցիչ պարապմունքների կարիք չունի: Կարելի է միարժեքորեն պնդել, որ բուհ-դպրոց սահուն անցումը կարելի է լուծել միայն հոսքային ավագ դպրոց ունենալու դեպքում: Նորից եմ կրկնում` հոսքային, այսինքն, երբ բժշկական համալսարան դիմելու մտադրություն ունեցող աշակերտին չեն պարտադրվում մեծածավալ հանձնարարություններ հումանիտար առարկաներից: Պետք է ընդունել, որ պարտադրելու դեպքում արդյունքը դրական չի լինում: Իսկ թե ինչպես կգործի ավագ դպրոցը` առանձի՞ն, թե՞ ընդհանուր դպրոցի կազմում, դա արդեն նախարարության լուծելի խնդիրն է»:

Վարժարանի պատմության եւ իրավունքի ուսուցչուհի, պատմական գիտությունների թեկնածու Արաքս Սիմոնյանը կարծում է, որ ավագ դպրոցը կապող օղակ պիտի լինի դպրոցի ու բուհի միջեւ: «Իմ պարզ պատկերացմամբ, ավագ դպրոցի նախկին մոդելը բարոյապես մաշված ու մի քիչ էլ ժամանակավրեպ է: Թերեւս հասունացել է ավագ դպրոցում հոսքային ուսուցումը արմատավորելու ժամանակը: Խնդիրն այն է, որ հին կաղապարներով կրթությունը կազմակերպելու դեպքում աշակերտներն իրենց ուշադրությունը բեւեռում են քննական առարկաների վրա, եւ որքան էլ ուսուցիչը ճիգ ու ջանք է գործադրում դասաժամը հետաքրքրական ու բազմաբովանդակ կազմակերպելու համար, ոչ միշտ է ցանկալի արդյունք ստանում: Ուսուցիչն անտեղի ժամանակ է վատնումՙ չստանալով իր ակնկալիքների իրականացումը, իսկ աշակերտը չի ամբարում անհրաժեշտ գիտելիքների պաշար: Մինչդեռ աշխատանքը հոսքային ուսուցմամբ կազմակերպելու դեպքում աշակերտները 2-3 տարվա ընթացքում կուտակում են գիտելիքների այն ամբողջ զինանոցը, որով բուհ են ընդունվում անհամեմատ սահուն, առանց հոգեկան ու ֆիզիկական լարումների: Բացի այդ, գիտելիքների պարարտ միջավայրը նրանց կազատի բուհում լուրջ դժվարություններ ունենալուց: Կարծում եմ, այս անցումը պետք է կազմակերպել հնարավորինս հարթ, որովհետեւ դպրոցը չափազանց զգայուն օրգան է, ուր թույլատրելի չեն տարբեր փորձարկումները: Դա աններելի սխալ է հատկապես ավանդույթներ ունեցող հայկական դպրոցի համար: Սկզբնական շրջանում, անշուշտ, կարելի է կիրառել ավագ դպրոցի բազմազանության մոդելը. թող գործեն բազմաթիվ տեսակներ, որոնցից ինքնամաքրման օրենքով դուրս կգան բոլոր ավելորդ, ոչ ցանկալի տարրերն ու կմնա միայն օգտաբերը»:

Իշխան Հարությունյանը վարժարանի գիտամանկավարժական խորհրդի նախագահն է, նրա համոզմամբ, բուհ ընդունվող աշակերտին տրվող հարցերի բարդությունը կարծես մի փոքր կտրվել է հանրակրթական դպրոցի տված գիտելիքների որակից: «Այդ կարծիքը հասարակության մեջ գերակշռող է եւ իր պատճառներն ունի: Դրանցից մեկն այն է, որ հանրակրթության որակը վերջին տարիներին ինչ-ինչ պատճառներով ընկել է, իսկ բուհերի պահանջը մնացել է նույն մակարդակի վրա: Իհարկե, կան դպրոցներ, որտեղ սովորող աշակերտների ձեռք բերած գիտելիքները բավական են բուհ ընդունվելու համար, սակայն այդպիսի շրջանավարտները բավականին քիչ տոկոս են կազմում: Կարծում եմ, ավագ դպրոցում հոսքային ուսուցման անցնելը բուհ ընդունվելու ավելի լայն հնարավորություններ կբացի աշակերտների առջեւ»:

Վարժարանի ուսումնական գծով փոխտնօրեն Լեւոն Ասատրյանը հավելում է, որ հոսքային, տարբերակված ուսուցումը պետք է իրականացվի պատշաճ մակարդակով, ինչի համար անհրաժեշտ են հմուտ մանկավարժներ: Նա ցավով է նշում, որ մերօրյա պայմաններում բարձրակարգ մանկավարժներ գտնելը բավականաչափ դժվար է: «Երկրորդ կարեւոր պայմանը ուսման վարկանիշը բարձրացնելն է: Կարծում եմ, այն բավականին ցածր է եւ հենց այդ պատճառով է, որ աշակերտները չեն սովորում դպրոցում, սակայն ինչ-ինչ ճանապարհներով ընդունվում են բուհ: Մենք որոշակի փորձ ունենք ուսումը կազմակերպելու եւ այդ ամենը հանգեցնում է այն բանին, որ մեր աշակերտները բուհ են ընդունվում առանց կրկնուսույցների»:

Վերջին տարիներին ընդունելության քննությունների ժամանակ նկատվող բնագիտական մասնագիտությունների հանդեպ հետաքրքրության նվազումը վարժարանի տնօրենը բացատրեց մաթեմատիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի եւ բնագիտական մյուս առարկաների որակյալ ուսուցիչների խիստ պակասով. «Պարզ է, որ լավ մասնագետները վարժարանում դասավանդելու փոխարեն կնախընտրեն աշխատել ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում: Բարձր որակավորում ունեցող մասնագետ հրավիրելու խնդիրն իրոք բարդ է: Փառք աստծո, մեր վարժարանում դեռեւս սուր չի զգացվում, քանի որ մեր շրջանավարտները բուհն ավարտելուց հետո գալիս են մեզ մոտ դասավանդելու: Բայց հասկանալի է, որ բարձր աշխատավարձով` 1000-1500 դոլար, աշխատանքի հրավեր ստանալու դեպքում կթողնեն վարժարանը: Եթե ուզում ենք զարգացած երկիր ունենալ, պետք է պատրաստենք խորագիտակ մասնագետներ, իսկ դա պետք է սկսել հանրակրթությունիցՙ հատկապես ավագ դպրոցից»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4