Հունաստանի Հերակլիոն քաղաքում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 6-ը կանցկացվի շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն 40 թիմեր, կանանց մրցապայքարին կմասնակցի 29 թիմ:
Շախմատի Հայաստանի ֆեդերացիան հաստատել է մեր հավաքականների կազմերը: Տղամարդկանց հավաքականը գլխավորելու պատիվը տրվել է հայ շախմատիստների մեջ ամենաբարձր անհատական գործակից ունեցող Լեւոն Արոնյանին (2750): Երկրորդ խաղատախտակին կխաղա Վլադիմիր Հակոբյանը (2713): Թիմի կազմում են նաեւ Գաբրիել Սարգսյանը (2673), Սմբատ Լպուտյանը (2633) եւ Կարեն Ասրյանը (2623):
Հայաստանի կանանց հավաքականը կգլխավորի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը (2458): Երկրորդ խաղատախտակի վրա կխաղա Լիլիթ Մկրտչյանը (2402): Հաջորդ խաղատախտակների վրա հանդես կգան Նելլի Աղինյանը (2261) եւ Սիրանուշ Անդրեասյանը (2234): Պահեստային խաղացողը Լիանա Աղաբեկյանն է (2190):
Ինչ խոսք, չեմպիոնի կոչման համար անհաշտ մրցակցություն կընթանա: Այդ պայքարում Հայաստանի հավաքականի գլխավոր հակառակորդները կլինեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Անգլիայի, Վրաստանի, Իսպանիայի, Հոլանդիայի հավաքականները: Իհարկե, բացառված չէ, որ մյուս թիմերից ոմանք եւս համարձակորեն մարտահրավեր նետեն շախմատային ուժեղագույն երկրներին:
ՌԴ հավաքականի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Ալեքսանդր Մորոզեւիչը (2755), Պյոտր Սվիդլերը (2732), Եվգենի Ալեքսեեւը (2716), Ալեքսանդր Գրիշչուկը (2715) եւ Դմիտրի Յակովենկոն (2710): Ուկրաինայի հավաքականը կգլխավորի առաջնության մասնակից 200 շախմատիստներից ամենաբարձր վարկանիշ ունեցող Վասիլի Իվանչուկը (2787): Նրա խաղընկերները կլինեն գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը (2694), Անդրեյ Վոլոկիտինը (2678), Եվգենի Միրոշնիչենկոն (2651), Ալեքսանդր Մոիսեենկոն (2646): Անգլիայի հավաքականում մրցավեճի կբռնվեն Մայքլ Ադամսը (2729), Գավայն Ջոնսը (2567), Մարկ Հեբդենը (2542), Ստյուարտ Կոնգուեստը (2540) եւ Նիկոլաս Պերտը (2539): Վրաստանի հավաքականի առաջատարը Բայադուր Ջոբավան է (2644): Հավաքականի կազմում է վրացահայ Դավիթ Հարությունյանը (2574): Տարբեր թիմերի կազմերում առաջնությանը կմասնակցեն 2700-ից բարձր անհատական վարկանիշ ունեցող 14 շախմատիստներ:
Կանանց մրցավեճում չեմպիոնի կոչման հիմնական հավակնորդներն են Ռուսաստանի, Վրաստանի, Գերմանիայի շախմատիստուհիները: ՌԴ հավաքականը գլխավորում է գրոսմայստեր Ալեքսանդրա Կոստենյուկը (2515): Նրա թիմակիցներն են Տատյանա (2492) եւ Նադեժդա (2469) Կոսինցեւա քույրերը, Եկատերինա Կովալեւսկայան (2448) եւ Եկատերինա Կորբուտը (2443): Վրաստանի հավաքականի առաջատարն աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեն է (2500): Մյուս խաղատախտակներին կխաղան Լեյլա Ջավախիշվիլին (2474), Նինո Խուրցիձեն (2450), Նանա Ձագնիձեն (2416) եւ Մայա Լոմինայշվիլին (2409):
Գերմանիայի հավաքականում հանդես կգան Էլիզաբեթ Պյոտցը (2452), Կետինո Կախիանին (2404), Մարթա Միխնան (2375), Մելանի Օհմը (2274) եւ Մանուելա Մադերը (2203):
Առաջնության մասնակից շախմատիստուհիներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը (2515): 2500 եւ ավելի վարկանիշ ունի նաեւ Մայա Չիբուրդանիձեն (2500): Էլինա Դանիելյանն իր վարկանիշով (2458) 13-րդն է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ