Թուրքական շրջանակներն այսպես են արձագանքում նախագահ Ահմադինեժադի Հայաստան կատարած այցին
Հոկտեմբերի 22-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ուղեկցությամբ արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի: Սա այցին նախագահ Ահմադինեժադի տված կարեւորության վկայությունն է: Այցի ծրագրով նախատեսվում էր երկու երկրների նախագահների առանձնազրույցը, պատվիրակությունների հանդիպում ընդլայնված կազմով, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ելույթը ՀՀ Ազգային ժողովում, նրա այցը Երեւանի պետական համալսարան, ապա եւ Մեծ եղեռնի հուշահամալիր:
Այցի առաջին օրը ստորագրվել են էներգետիկայի, հաղորդակցության, տնտեսության եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտներին առնչվող հայ-իրանական պայմանագրեր: Հաջորդ օրը Մահմուդ Ահմադինեժադը ելույթ է ունեցել ԵՊՀ-ում, որտեղ նրան շնորհվել է համալսարանի ոսկե մեդալն ու պատվավոր դոկտորի կոչում: Դրան է հետեւել նրա տպավորիչ ելույթը, որը նա ավարտել է հետեւյալ խոսքերով. «Երախտապարտ եմ Աստծուն, որ Հայաստանը եւ Իրանը եղբայրական երկրներ են: Ասում եմ, թող աշխարհը լսի` մենք հավերժ լինելու ենք իրար կողքի»:
Այս ելույթից հետո, սակայն, Իրանի նախագահը, առանց ՀՀ ԱԺ եւ Մեծ եղեռնի հուշահամալիրը այցելելու, հանկարծ վերադարձել էր հայրենիք: Մահմուդ Ահմադինեժադի այցի ընդհատումը տեղիք է տվել տարաբնույթ մեկնաբանությունների: Ընդհատմանը հոկտեմբերի 24-ի համարում անդրադարձել էր նաեւ «Ազգը»:
Կրկնությունից խուսափելու համար նշենք, որ նախագահ Ահմադինեժադի հայաստանյան այցը, առավել եւս այցի ընդհատումը մեծ հետաքրքրություն են առաջացրել Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտում: Թերեւս դա է պատճառը, որ հոկտեմբերի 25-ին ինստիտուտի ամենօրյա բյուլետենում տեղ են գտել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հայաստանյան այցի վերաբերյալ 3 առանձին հոդվածներ տարբեր հեղինակների ստորագրությամբ:
Թեեւ այդ հոդվածներում գոհունակությամբ է արձանագրվել այն բծախնդրությունը, որը հանդիպումներում 1915-ի իրադարձությունների առնչությամբ ցուցաբերել է նախագահ Ահմադինեժադը, նա չի այցելել Մեծ եղեռնի հուշահամալիր, ոչ էլ ԱԺ, որպեսզի ելույթում չանդրադառնա Հայոց ցեղասպանությանը, եւ այս ամենը պայմանավորվել է թուրք-իրանական հարաբերություններին նրա տված կարեւորությամբ, բայց եւ այնպես հոդվածագիրները չեն թաքցրել իրենց վրդովմունքը:
«Հայաստանի հետ Իրանի հարաբերությունները, գրում է Ֆիքրեթ Էրթանը, հետզհետե զարգանում են, աճում է ղեկավարների մակարդակով երկուստեք կատարվող փոխադարձ այցելությունների հաճախականությունը: Որքան էլ Ահմադինեժադն ընդհատի Հայաստան կատարած այցը, այնուամենայնիվ չկարողացավ չասել, որ 1915-ի իրադարձությունների հարցում Իրանը մշտապես Երեւանի կողքին է, ոչ էլ հրաժարվեց հիշեցնելու գայթակղությունից, թե ամեն տարի ապրիլի 24-ին հայերն Իրանում հիշատակում են այդ իրադարձությունները: Հետեւաբար Իրան-Թուրքիա հարաբերություններին տված կարեւորությունն ընդգծելու համար երկօրյա այցելությունը Հայաստան ընդհատող Ահմադինեժադը միաժամանակ ցույց տվեց, որ իրենք մեծ նշանակություն են տալիս հայ-իրանական հարաբերություններին»:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստան կատարած այցին մոտավորապես նույն տեսանկյունից են մոտենում մյուս հոդվածագիրները: Նրանցից Յըլդըզ Դեւեջի Բոզքուրթը ընդգծում է ի պատասխան Հայոց ցեղասպանության հարցին նրա ԵՊՀ-ում արտահայտած հետեւյալ միտքը. «Յուրաքանչյուր երկիր պետք է վերագնահատի իր պատմությունը: Դա կնպաստի խուսափել անցյալի կրկնությունից, սա մեկ, երկրորդը` Իրանը մշտապես եղել է Հայաստանի կողքին»: Իսկ Յըլմազ Օզթունան, համարելով նախագահ Ահմադինեժադի այցը հայ-իրանական բարեկամության ամրապնդման հերթական դրսեւորում, ավելացնում է. «Ոչ մի կերպ չես կարողանում իմաստավորել Հայաստանի նկատմամբ Իրանի պես տարածաշրջանի ազդեցիկ պետության հետաքրքրությունների դրդապատճառները»:
Ամենայն հավանականությամբ, նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Հայաստան կատարած երկօրյա այցն ընդհատել է ՀՀ Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության մասին արտահայտվելուց խուսափելու, առավել եւս Ծիծեռնակաբերդ չբարձրանալու համար: Նրա այս մոտեցումը չի կարող արժանանալ հավանության: Սակայն նախագահ Ահմադինեժադին քննադատելիս պետք է հաշվի առնել Իրանին միջազգայնորեն մեկուսացնելու եւ նրան տարածաշրջանի այլ պետությունների աջակցությունից զրկելու ԱՄՆ-ի նկրտումները: Չնայած ամերիկյան այս նկրտումներին, Թուրքիան փորձում է մերձենալ Իրանի հետ եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության շնորհիվ հետզհետե զարգանում են թուրք-իրանական հարաբերությունները:
Այսինքնՙ միջազգային իրավիճակի առանձնահատկությունները, ինչպես նաեւ ռազմական ներխուժման ԱՄՆ-ի սպառնալիքները նախագահ Ահմադինեժադին չեն տալիս մեր ակնկալիքներն արդարացնելու հնարավորություն: Արդարացնելու դեպքում Իրանը կբախվի նաեւ Թուրքիայի հակազդեցությանը, այսպիսով Մահմուդ Ահմադինեժադը ակամա կհայտնվի Իրանին տարածաշրջանի երկրների աջակցությունից զրկելու ամերիկյան նկրտումներին ծառայողի դերում:
Այլ կերպՙ կարելի է Հայաստան կատարած այցն ընդհատելու համար քննադատել Իրանի նախագահին, սակայն դա չպետք է հանգեցնի հեռու գնացող հետեւությունների: Ի վերջո, տարածաշրջանի երկիր է նաեւ Հայաստանը: Ավելին, հայ ժողովրդի քրիստոնյա լինելու հանգամանքը միանգամայն հակասում է քաղաքակրթությունների հակամարտության ամերիկյան «տեսության» տրամաբանություններին: Սա նշանակում է, որ այցի ընդհատման առնչությամբ հեռու գնացող հետեւություններ անելու դեպքում, բացի Վաշինգտոնի նկրտումներից, տուրք կտանք նաեւ այս համայն մարդկության անվտանգությանը սպառնացող տեսությանը: Դա միաժամանակ բացասաբար կանդրադառնա երկու երկրների դարավոր բարեկամության վրա: Այդ ընթացքում զգալի բավարարված կլինեն հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմամբ մտահոգված թուրքական քաղաքական շրջանակները:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ