Մարզային ԶԼՄ-ները քննարկում են իրենց աշխատանքային խնդիրները
«Մարզում մի դուքանչու քննադատելն ավելի դժվար է, քան Երեւանում նախագահին քննադատելը», երեկ «Կոնգրես» հյուրանոցում հրավիրված սեմինարին մարզային լրատվամիջոցների խնդիրների մասին խոսելիս ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Բայց մյուս կողմից էլ, ինչպես նկատեցին սեմինարի մի քանի մասնակիցներ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը մայրաքաղաքային եւ մարզային հեռարձակող լրատվամիջոցներից համարձակվեց հեռարձակել միայն Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունը, որի պատճառով էլ մինչ այսօր խնդիրների մեջ է: Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանն ասաց, թե կզարմանար, որ առաջին նախագահի ելույթն ամբողջությամբ մայրաքաղաքային որեւէ հեռուստաընկերություն հեռարձակեր:
«Հասարակական շահերի պաշտպանություն` ժուռնալիստական կազմակերպությունների եւ տարածաշրջանային ԶԼՄ-ների գործունեության հզորացման մրջոցով» ծրագրի շրջանակներում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) 2006-ի դեկտեմբերից մինչեւ 2007-ի սեպտեմբերն իրականացրել է մարզային լրատվամիջոցների մոնիտորինգ: Ծրագրի առաջին փուլում, այսինքն` հիշյալ ժամանակաշրջանում, ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով, ընտրվել են Լոռու, Սյունիքի եւ Շիրակի ԶԼՄ-ները, որոնց մոնիտորինգն իրականացվել է երեք փուլերով: Երեկ հրավիրված սեմինարի ժամանակ, որին մասնակցում էին մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ԽԱՊԿ-ն ներկայացրեց մոնիտորինգի արդյունքներն ու վերջիններիս աշխատանքի բարելավման առաջարկությունների փաթեթ:
Հետաքրքրական էր մարզային լրատվամիջոցների հիմնախնդիրներին նվիրված քննարկումը. կարծիքները տարբեր էին` հակառակ աշխատանքային խոչընդոտների ընդհանրությանը: Գյումրեցի անկախ լրագրող Կարինե Հարությունյանը, վստահ է, որ ԶԼՄ-ների աշխատանքին հիմնականում խանգարում են ֆինանսավորման հարցը, մարզ-մայրաքաղաք համագործակցության բացակայությունն ու գովազդային դաշտի կոռումպացվածությունը: Նրա խոսքով, հեռուստաընկերություններն անկախ լինելու համար պետք է բոլորովին այլ ֆինանսավորում ունենան, իսկ եթե ուզում են գովազդներ ունենալ, ապա պետք է հաճոյանան իշխանություններին: Կարինե Հարությունյանը դժգոհեց նաեւ այն հանգամանքից, որ եթե լրատվամիջոցը իշխանությունների «սիրելին» չէ, ապա նաեւ չի հրավիրվում մարզային կամ քաղաքային միջոցառումներին, ասուլիսներին: Լրագրողը նկատեց նաեւ, որ մայրաքաղաքից մարզ այցելած պաշտոնյաներին մարզի լրագրողները չեն կարողանում հարցեր տալ, եւ մոտեցումը բավական խտրական է:
Նկատենք, որ նման մոտեցումը միայն մարզերի լրագրողների նկատմամբ չէ: Անգամ մայրաքաղաքում կազմակերպված ասուլիսների ժամանակ հարցեր տալու իրավունքը «շնորհվում է» «ընտրյալ» լրատվամիջոցների լրագրողներին: Ավելի ցավալի է, որ խտրականություն է դրվում նաեւ այլ հարցերում: Օրինակ, պատահում է մայրաքաղաքային լրատվամիջոցների լրագրողներին հանրապետության հեռավոր շրջան են տանում որեւէ արարողության, բայց ոմանց այլ վերաբերմունքի են արժանացնում` մինչեւ անգամ «նախընտրելիներին» այլ փոխադրամիջոցներով Երեւան վերադարձնելը:
Վանաձորի «Լոռու մարզ» թերթի խմբագիր Մանվել Միկոյանը, որը նաեւ «Ազգի» թղթակիցն է Վանաձորում, ընդգծեց, որ անհրաժեշտ է ամեն մարզում գոնե մի լավ լրատվամիջոցի ստեղծմանն աջակցել: Գորիսի մամուլի ակումբի նախագահ Սուսաննա Շահնազարյանը նշեց մարզային լրատվամիջոցներին տեխնիկապես, կադրային հարցերում աջակցելու անհրաժեշտությունը: Տեխնիկական խնդրի կամ կադրերի պակասի անդրադարձը լրատվամիջոցի աշխատանքի որակի վրա ոչ մի կերպ չկարողացավ արդարացնել «Ինտերնյուս» ՀԿ նախագահ Նունե Սարգսյանը. «Եթե ԶԼՄ-ն հասել է այդ վիճակին, կներեք, բայց ավելի լավ է, որ այդպիսի լրատվամիջոցը փակվի»:
Քննարկումը կշարունակվի այսօր, որտեղ ավելի շատ անդրադարձ կլինի նախորդ տարի 18 ԶԼՄ-ների ստորագրած էթիկայի վարքականոնին: ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը հայտնեց, որ իրենց ծրագիրը շարունակվելու է եւս երկու տարի` վերջնակետում ընդգրկելով հանրապետության 10 մարզերի ԶԼՄ-ների գործունեության ուսումնասիրությունը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ