Սեմինար-քննարկում Իտալիայի պատվո հյուպատոսարանում
Հուշարձանների համաշխարհային ֆոնդի կողմից Գյումրին ճանաչվել է աշխարհի 100 հուշարձան քաղաքներից մեկը: Այսպիսի հավաստում հնչեց ուրբաթ օրը Գյումրիում, Իտալիայի պատվո հյուպատոսարանում կազմակերպված սեմինար-խորհրդակցությունում` նվիրված Շիրակի մարզում զբոսաշրջության զարգացման եւ իտալերենիՙ որպես մշակութային երկխոսության ու աշխատանքային լեզվի դերի հարցերին: Խնդրին առնչվող տարբեր ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ, իտալերենի շաբաթի շրջանակներում անցկացված միջոցառմանը ներկա էին պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն, դեսպան Մասիմո Լավեցոն:
Վերջին տարիներին տարբեր առիթներով հաճախ է խոսվել Գյումրի քաղաքում ու Շիրակի մարզում տուրիզմի զարգացման հնարավորությունների, քաղաքի ու մարզի զբոսաշրջային գրավչությունների մասին, բայց գործնական առումով այդ ուղղությամբ էապես ոչինչ չի արվել, առավել եւս` պետական մակարդակով: Ինչո՞ւ հանրապետությունում ամենաքիչ թվով զբոսաշրջիկներ գալիս են այստեղ: Հիմնական պատճառներից թերեւս պետք է նշել ճանապարհների վատ վիճակը, տեսարժան եւ հետաքրքրություն ներկայացնող վայրերում սպասարկման օբյեկտների բացակայությունը, ոլորտի մասնագետների պակասը եւ այլն: Սակայն, ինչպես նշեցին սեմինարի որոշ մասնակիցներ, նախ մենք պետք է մեր ունեցած հետաքրքրությունների գիտակցումն ունենանք, եւ, բացի դրանից, կարողանանք ճիշտ ներկայացնել մեր արժեքները:
Մեր երկրի հետ դարավոր բարեկամությամբ կապված Իտալիան միշտ հետաքրքրվել է Հայաստանով, հատկապես մեր մշակույթով, պատմամշակութային հուշարձաններով: 88-ի դեկտեմբերյան աղետից անմիջապես հետո իտալացի ժողովուրդն առաջիններից մեկն էր, որ մեզ օգնության ձեռք մեկնեց` նաեւ կառուցելով Իտալական պոլիկլինիկան Գյումրիում, Աշոցքի հիվանդանոցը եւ այլն: Իսկ դեռեւս Խորհրդային Միության տարիներին իտալացի մասնագետները մեծ աշխատանք են կատարել հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ուսումնասիրման ուղղությամբ, Շիրակում կատարվել են Մարմաշենի վանքի, «Կումայրի» արգելոց-թանգարանի որոշ շենքերի վերականգնման աշխատանքներ: Շարունակվող մշակութային գործուն երկխոսության արտահայտություն են Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսության առկայությունը, քաղաքի դպրոցներից մեկում իտալերենի դասավանդումը:
Իտալացի բարեկամների համոզմամբՙ Գյումրին որպես մշակույթի քաղաք կարող է զարգանալ նաեւ զբոսաշրջության միջոցով, որն իր հերթին խթան կլինի մշակույթի զարգացմանը: Սակայն, ինչպես նկատվեց նաեւ սեմինարում, զբոսաշրջության ոլորտը միայն պատմամշակութային հուշարձանները չեն: Շիրակի մարզում կան նաեւ բազում բնական հուշարձաններ եւ հիանալի լանդշաֆտներ (օր.ՙ Արփի լիճն ու շրջակայքը, Մարմաշենի վանքի տարածքի հրաբխային լիճը, Արագածի լանջերի հրաշալիքները), բուսական եւ կենդանական աշխարհի եզակի նմուշներ` ծաղիկներ, դեղաբույսեր, որոնք կարելի է օգտագործել էկոտուրիզմի, նաեւ գիտարշավների նպատակներով: Ձյունառատ մարզը կարող է գրավել ձմեռային հանգստի, դահուկային զբոսաշրջության սիրահարներին:
Ուրույն մշակութային ավանդույթներ ունեցող Գյումրին կարող է մարդկանց գրավել կազմակերպվող աշուղական արվեստի, դուդուկի, հումորի մրցույթ-փառատոներով, ժամանակակից արվեստի ցուցադրություններով, քանդակի սիմպոզիումներով, ծաղրանկարների ցուցահանդես-մրցույթներով, իր թանգարաններով եւ այլ հետաքրքրություններով: Եվ նույնիսկ քաղաքի հետաղետյա վերականգնման ընթացքն ու փորձը կարող են այստեղ բերել մարդկանց որոշակի խմբերի, հետաքրքրված մասնագետների:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ