«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2007-10-26 | #197, 2007-10-27 | #198, 2007-10-30


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Կրիտ կղզում հունական Հերակլիոն քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որի պարգեւներն են վիճարկում տղամարդկանց 40 եւ կանանց 30 թիմեր (Հունաստանը կանանց մրցաշարում ներկայացված է 2 հավաքականով): Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Յուրաքանչյուր հավաքականի կազմում ընդգրկված են 5-ական շախմատիստներ, որոնցից չորսը յուրաքանչյուր տուրում մասնակցում են մրցախաղերին: Միավորների հաշվարկը կատարվում է թիմային հանդիպումների սկզբունքով: Հաղթանակի դեպքում թիմին տրվում է 2 միավոր, ոչ-ոքին գնահատվում է մեկ միավոր: Հավասար միավորների դեպքում մրցաշարային աղյուսակում տեղերը բաշխելիս հաշվի են առնվում բոլոր պարտիաներում վաստակած միավորները:

Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները հաջող սկսեցին մրցաշարը` տոնելով անդրանիկ հաղթանակները: Մեր շախմատիստները մեկնարկում 3-1 հաշվով պարտության մատնեցին Ռումինիայի հավաքականին: Առաջին խաղատախտակի վրա Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Վլադիսլավ Նեւեդնիչուի հետ: Մեր թիմին հաղթական միավորներ պարգեւեցին Գաբրիել Սարգսյանն ու Սմբատ Լպուտյանը, որոնք պարտության մատնեցին Կոնստանտին Լուպուլեսկուն եւ Անդրեյ Մուրարիուին: Կարեն Ասրյանը միավորը կիսեց Քրիստիան Ջիանուի հետ մրցախաղում:

Նույնպիսի հաշվով Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց շվեդ շախմատիստուհիներին: Այդ մրցախաղում բոլոր պարտիաներն էլ արդյունավետ ելք ունեցան: Առաջին խաղատախտակին Էլինա Դանիելյանը հաղթեց Սվետլանա Ագրեստին: Միակ պարտությունը մեր թիմից կրեց 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկած Լիլիթ Մկրտչյանը` զիջելով Քրիստին Անդերսոնին: Նելլի Աղինյանն ու Սիրանուշ Անդրեասյանը առավելության հասան համապատասխանաբար Վիկտորյա Յոհանսոնի եւ Եվա Ջիրետորնի նկատմամբ:

Տղամարդկանց մրցաշարում անցկացված 20 մրցախաղերից եւ ոչ մեկում ոչ-ոքի արդյունք չգրանցվեց: Չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդներից մեկը` ՌԴ հավաքականը 3,5-0,5 հաշվով պարտության մատնեց Շվեդիայի թիմին: Իրենց օգտին հաղթանակներ գրանցեցին Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Եվգենի Ալեքսեեւը: Բոսնիա-Ուկրաինա հանդիպումը չկայացավ բոսնիացիների խաղին չներկայանալու պատճառով: Ուկրաինացիներին հաղթանակ գրանցվեց 4-0 հաշվով, որի շնորհիվ նրանք գլխավորեցին աղյուսակը: Եվս հինգ թիմի հաջողվեց հաղթել 4-0 հաշվով` անցկացնելով մեկնարկային տուրի հանդիպումները (Ադրբեջան-Թուրքիա, Գերմանիա-Բելգիա, Հունաստան-Լյուքսեմբուրգ, Խորվաթիա-Ուելս, Սլովենիա-Մոնակո): Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3 միավորով ընթանում է 14-րդ տեղում: Մեր հավաքականն իր միջին վարկանիշով 4-րդն է եւ զիջում է միայն Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի հավաքականներին:

Կանանց մրցապայքարում 5 թիմեր` Բուլղարիան, Իսպանիան, Հունաստանի 1-ին հավաքականը, Սլովենիան ու Լեհաստանը վաստակել են 4-ական միավոր: Չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդ Ռուսաստանի հավաքականը առավելության հասավ Իսրայելի (3,5-0,5) ընտրանու նկատմամբ: Իսկ ահա վրաց շախմատիստուհիները 1,5-2,5 հաշվով զիջեցին լիտվացիներին: Հաջող խաղաց Ադրբեջանի թիմը` 2,5-1,5 հաշվով պարտության մատնելով ուկրաինուհիներին, որոնք եւս մեդալների հավակնորդ են համարվում: Կանանց մրցաշարում էլ մեկնարկային տուրում ոչ-ոքի արդյունք չգրանցվեց: 2-րդ տուրում Հայաստանի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հավաքականները կմրցեն Ռուսաստանի ընտրանու հետ: Տղամարդկանց մրցաշարում կմրցեն հետեւյալ զույգերը. Արոնյան-Սվիդլեր, Հակոբյան-Մորոզեւիչ, Սարգսյան-Ալեքսեեւ, Ասրյան-Յակովենկո: Կանանց մրցավեճում կկայանան հետեւյալ պարտիաները. Դանիելյան-Կոստենյուկ, Մկրտչյան-Կոսինցեւա, Աղինյան-Կովալեւսկայա, Անդրեասյան-Կորբուտ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4