Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ Վախթանգ Դարչինյանը պետք է մենամարտի ֆիլիպինցի Զեդ Գորեսի հետ: Այդ մենամարտի հաղթողն իրավունք կստանա առաջին թեթեւ քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկել ներկայիս չեմպիոն, ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովի հետ: Վերջինս չեմպիոնի թափուր տիտղոսը նվաճել էր հոկտեմբերի 13-ին` Մոսկվայում հաղթելով ամերիկացի Խոսե Նավարոյին:
Ըստ Դարչինյանի ներկայացուցիչ Անջելո Հայդերի, Գորեսը ձախլիկ է եւ տիրապետում է ուժգին հարվածների, ինչպես եւ Վախթանգը: Վերջերս Գորեսը մրցավարների կասկածելի վճռով պարտվեց WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ֆեռնանդո Մոնտիելյուին:
Այժմ երկու բռնցքամարտիկներն էլ անհապաղ պետք է ֆեդերացիային տեղեկացնեն իրենց համաձայնության մասին: Հակառակ դեպքում IBF-ի ղեկավարությունը կքննարկի այլ թեկնածուների հարցը: Նշենք, որ երկու բռնցքամարտիկների պրոմոութերներն էլ դեկտեմբերի համար արդեն ծրագրել էին մասնակցությունը բռնցքամարտի շոու ծրագրերին եւ եթե հաջողվի համաձայնության գալ, ապա Դարչինյան-Գորես մենամարտը կկայանա դեկտեմբերի 1-ին կամ 8-ին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ