«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2007-10-26 | #197, 2007-10-27 | #198, 2007-10-30


ՎԱՉԱԳԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ ՓԱԽՈՒՍՏԸ ՍՏՎԵՐԵՑ ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

Չիկագոյում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկների ընդհանուր առմամբ հաջող մրցելույթները ստվերվեցին տհաճ միջադեպով: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի անդամներից մեկը մրցումների ժամանակ փախուստի է դիմելՙ լքելով թիմը: Ինչպես տեղեկացանք ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունիցՙ դասալիքը Վաչագան Ավագյանն է: Վերջինս մինչեւ 54 կգ քաշային կարգում առաջին իսկ մենամարտում պարտվելով Չուլ Սոն Հանին (Կորեա)ՙ դուրս էր մնացել հետագա պայքարից: Դժվար է ասել, թե նրա գլխում երբ էր ծագել փախուստի դիմելու որոշումը: Գուցե դա էլ հենց խանգարել էր Վաչագանին ինչպես հարկն է նախապատրաստվել առաջին մենամարտին:

Հետաքրքրականն այն է, որ Վաչագան Ավագյանը միայն վերջին պահին էր ընդգրկվել Հայաստանի հավաքականում: Բանն այն է, որ ԱՄՆ-ի դեսպանատունը մուտքի թույլտվություն չէր տվել Գաբրիել Տոլմաջյանին (54 կգ) եւ Սամվել Մաթեւոսյանին (69 կգ): Եվ վերջին պահին Տոլմաջյանի փոխարեն հավաքականում ընդգրկվել էր Ավագյանը:

Վաչագան Ավագյանի փախուստը սեւ բիծ է ոչ միայն Հայաստանի բռնցքամարտի հավաքականի, այլ ընդհանրապես հայ մարզիկների վրա: Այսուհետեւ միջազգային մրցումների մեկնող մեր մարզիկների նկատմամբ դեսպանատներն ավելի խիստ կգտնվեն մուտքի թույլտվություն տալու հարցում: Առանց այն էլ, եզակի չեն դեպքերը, որ ոչ միայն առանձին մարզիկների, այլ ամբողջ թիմերի չեն թույլատրել միջազգային մրցումների մեկնել: Օրինակների համար հեռու գնալ պետք չէ: Ամիսներ առաջ բասկետբոլի Հայաստանի աղջիկների հավաքականին չթույլատրեցին մեկնել Եվրոպայի առաջնության: Իսկ մինչ այդ էլ տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը մուտքի թույլտվության պատճառով չմասնակցեց աշխարհի առաջնությանը:

Ինչպես հայտնի է, Չիկագոյում ընթացող աշխարհի առաջնությանը չի մասնակցում Կուբայի հավաքականը: Պատճառն այն է, որ կուբացի որոշ բռնցքամարտիկներ Բրազիլիայում կայացած մրցումների ժամանակ դիմել էին փախուստի: Եվ երկրի ղեկավարությունը, անձամբ Ֆիդել Կաստրոն, նոր փախուստները բացառելու նպատակով որոշում էին ընդունելՙ հրաժարվել աշխարհի առաջնությունից: Աստված չանի, որ մենք էլ որոշ մարզաձեւերում ստիպված լինենք նման քայլի դիմել:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4