Շաբաթօրյա հանրահավաքից հետո քաղաքական դաշտում մի պահ լռություն է, լռում են կամ ավելի շուտՙ աշխատում են չխոսել հատկապես իշխանական թեւի քաղաքական ուժերի ղեկավարները: Այնպես որ Հանրապետականի ծանր հրետանու` ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի ասուլիսից, իրոք, լրագրողներն ինչ-որ գնահատականների սպասում էին, եւ դրանք տրվեցին, բայց ոչ սահմանային մակարդակներն անցնելու չափով: Սահմանագծերն, այո, դեռ չտրորված են բոլոր ուղղություններով:
Բնականաբար հարցերը նախ ուղղված էին Լ. Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականներին եւ ուրբաթօրյա հանրահավաքին: Գ. Սահակյանը կրկնեց ավելի վաղ ասած իր միտքը, թե հանրահավաքներով իշխանության գալու ժամանակն անցել է, եւ հասարակությունն էլ մեղադրանքների ճանապարհով չի գնում. «Հանրապետականը երբեք որեւէ քաղաքական ուժի մեղադրելով չի եկել իշխանության... Մենք որեւէ խնդիր չունենք պատասխանելու` ոչ թե պատասխան չունենք, այլ պարզապես ուզում ենք առաջ նայել, իսկ պատասխանները մնացին քարոզարշավի ժամանակ, երբ լուրջ ձեւակերպումներ կլինեն»: Իսկ ընդհանուր պատասխանը կլինի փետրվարի 19-իցՙ ընտրություններից հետո, այդ պատասխանը կտա ժողովուրդը. «Դա կլինի մեր պատասխանը», ասաց:
Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրումը պատճառ չի կարող դառնալ ՀՀԿ-ի նախընտրական ռազմավարության փոփոխության. «Երբ քաղաքական դաշտը կլրջանա, կունենա թեկնածուներ, այն ժամանակ կխոսենք. եթե տասը թեկնածու է` մի ռազմավարություն է, եթե երեք թեկնածու է` մի այլ: Այնպես որ հատկանշել, թե որեւէ թեկնածու է մեր մրցակիցը` չենք պատրաստվում, բոլորը կլինեն մեր մրցակիցները», ասաց նա: Իսկ որ քաղաքական ուժերն ավելի վաղ ասում էին, թե Տեր-Պետրոսյանի թեկնածությունը դրվելու դեպքում մրցակցությունն ավելի գաղափարական կդառնա՞: Գ. Սահակյանը, ճիշտ է, կանխավ այդպես էր մտածում, բայց հիմա հիասթափվել է, որովհետեւ քաղաքական բազա չկա Լ. Տեր-Պետրոսյանի նախագահ ընտրվելու համար, ու այսօր արդեն այդ կարծիքին չէ: Չնայած հանրահավաքին ներկա չի եղել` բայց շատ լավ տեղեկացված է քանակի վերաբերյալ, ըստ նրա, ներկաների ամենամեծ թիվը 12 հազար է եղել: Իսկ որ հանրահավաքի մասնակիցներն ասել են եւ թերթերը գրել են 60 հազար` այդքան մարդ որ լիներ, նրանք կհայտարարեին 600 հազար: Քանակը կարեւոր չէ Գ. Սահակյանի համար, որակն է կարեւոր. «Նավը դեռ ծով չգնացած` սկսեց խորտակվել, այդ պահի ճիչերին մենք չենք պատասխանելու, խորտակված նավի հետ գործ չունենք այստեղ», պատկերավոր արտահայտվեց նա:
Ըստ նրա` ընդդիմության միասնական թեկնածուն արդեն ուշացած ձեւակերպում է, իսկ նախագահի պատասխանը Մեղրուց ՀՀՇ-ին շատ դիպուկ էր եւ շատ հստակ. «Ես չեմ կարծում, որ լարվածությունն այնպիսին է եւ վիճակն այնպիսին, որ ուժգնացող նոր փոթորիկ է առաջանալու եւ հանրապետականներին ցաքուցրիվ պետք է անի. էդ խնդիրը բոլորովին չկա, առավել եւս` Հանրապետականի ներսում ամեն ինչ խաղաղ է, կայուն, վստահելի մթնոլորտ կա, եւ մենք այդ վստահությամբ էլ գնալու ենք ընտրությունների», հանրապետական իդիլիա գծեց նա:
Նախագահ ընտրելիս ինչո՞վ է առաջնորդվելու հասարակությունը: Նա գնահատական է տալու աշխատանքին, վերջին տարիների կատարածին. «Իհարկե, ամենամեծ դերակատարությունն ունեցել է երկրի նախագահը, բայց ամբողջական թիմ է աշխատել: Վճռորոշ դերակատարություն է ունեցել Հանրապետականը եւ սատարել է նախագահին. աշխատանքի գնահատականն էլ հասարակությունը տվել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:
Ինչո՞ւ է Լեւոն Տեր-Պետրոսյանը քննադատում միայն Հանրապետականին, իսկ ՀՅԴ-ի հասցեին երբեմն նույնիսկ լավ բաներ է ասում: Ըստ Գ. Սահակյանի` դրանից Հանրապետականը չպետք է զայրանա, քանի որ ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական ճակատներն առանց Հանրապետականի որեւէ խնդիր չեն լուծելու, դրա համար էլ թե՛ լավը, թե՛ վատն են ասելու իրենց մասին: Հարցը խորացրին. «Փորձում եք, որ մի երկու բան էլ ՀՅԴ-ին ասե՞մ` չե՛մ ասելու»: Այնուամենայնիվ` համաձայն չէ ՀՅԴ նախագահի երկու թեկնածուների այն որակմանը, թե Հայաստանը դեպի լճացում է գնում:
Եթե հոկտեմբերի 27-ի ողբերգությունը շարունակեն շահարկել, ինչպիսի՞ն են լինելու Ձեր հակադարձումները` հարցն ուղերձ ուներ Լ. Տեր-Պետրոսյանի գնահատականներին. «Չի կարելի իշխանության գալու համար շահարկել նման իրողությունները, շահարկման նյութ դարձնել, թող 7 տարի, 5 տարի առաջ լիներ էդ շահարկումը, հիմա որ իշխանության եք գալիս` նոր հիշեցի՞ք, որ էդպիսի խնդիրներ կան»: Ինքըՙ Գ. Սահակյանը հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված համարո՞ւմ է: «Ես սուբյեկտիվ վերաբերմունք ունեմ, որովհետեւ ականատեսն եմ եղել` միշտ էլ կասկածանքներ ունեմ, բայց դա չի նշանակումՙ կասկածներով իշխանության գալու համար ինչ-որ բաներ ասեմ: Համենայն դեպս, իմ սուբյեկտիվ կարծիքով` փակված չէ», ասաց նա` նկատելով, թե գործի մութ կողմերը կերեւան, երբ ավելի մեծ ուժ ունեցող պետություն դառնանք, այսօր այն պետությունը չենք, որ կարողանանք բոլոր դրսի մարտահրավերների վրա ազդեցություն ունենալ կամ կանխել: Սա Գ. Սահակյանի անձնական կարծիքն է, եւ երբեք նա իրեն թույլ չի տա հոկտեմբերի 27-ի զոհերի դրոշը վերցնել եւ դարձնել իշխանության գնալու գործոն. «Դա ահավոր անբարոյականություն է»:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ