Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրն անհաջող էր Հայաստանի հավաքականների համար, որոնք վիճակահանության քմահաճույքով մրցում էին Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Մեր երկու հավաքականներն էլ մրցակիցներին զիջեցին միեւնույն 1,5-2,5 հաշվով:
Տղամարդկանց մրցաշարում իր առաջին ելույթն ունեցավ մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանը, որին նախորդ տուրում հանգստանալու հնարավորություն էին ընձեռել: Առաջին խաղատախտակի վրա նա ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ: Ռուսների հաղթանակն ապահովեց երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկած Ալեքսանդր Մորոզեւիչը, որը պարտության մատնեց Վլադիմիր Հակոբյանին: Մյուս երկու պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Գաբրիել Սարգսյանն ու Եվգենի Ալեքսեեւը, Կարեն Ասրյանն ու Դմիտրի Յակովենկոն:
Կանանց մրցաշարում մեր հավաքականի կազմում միակ հաղթանակը տոնեց Սիրանուշ Անդրեասյանը, որը պարտության մատնեց Եկատերինա Կորբուտին: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Նադեժդա Կոսինցեւայի հետ, իսկ ահա Էլինա Դանիելյանն ու Նելլի Աղինյանն անհաջողության մատնվեցին: Էլինան պարտվեց Ալեքսանդրա Կոստենյուկին, իսկ Նելլին զիջեց Եկատերինա Կովալեւսկայային:
Մեր հավաքականների անհաջողությունը զգալիորեն ազդեց նրանց մրցաշարային իրավիճակի վրա: Կանանց մրցաշարում 6 թիմեր` Լեհաստանը, Հունգարիան, Բուլղարիան, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Հոլանդիան երկուական հաղթանակ են տոնել: Ահա նրանց մասնակցությամբ հանդիպումների արդյունքները. Լեհաստան-Ադրբեջան` 3,5-0,5, Ֆինլանդիա-Հունգարիա` 0-4, Ֆրանսիա-Իսպանիա` 2,5-1,5, Բուլղարիա-Գերմանիա` 2,5-1,5, Հոլանդիա-Հունաստան`2,5-1,5: Բոլոր պարտիաներում վաստակած միավորներով առջեւում է ընթանում Լեհաստանի ընտրանին (7,5), որին կես միավորով է զիջում Հունգարիայի հավաքականը: Մեր շախմատիստուհիները վաստակել են թիմային 2 միավոր եւ բոլոր պարտիաներում վաստակած 4,5 միավորով ընթանում են 14-րդ տեղում: 3-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կմրցի գերմանացիների հետ, որոնք ունեն 4 միավոր:
Տղամարդկանց մրցաշարում 9 թիմեր 2-րդ հաղթանակները տոնեցին: Բոլոր պարտիաներում վաստակած միավորների ընդհանուր քանակով առաջատարը Սլովենիայի հավաքականն է (7 միավոր): 6,5-ական միավորով հաջորդ տեղերում են Հոլանդիայի եւ Ադրբեջանի հավաքականները: 6-ական միավոր ունեն Սերբիան, Ռուսաստանը, Դանիան, Իսրայելը եւ Չեխիան, հունգարացիներն ունեն 5,5 միավոր: Հայ շախմատիստները 2 միավորով (ընդհանուրը` 4,5) 19-րդ տեղում են: 3-րդ տուրում մեր շախմատիստները կհանդիպեն Ավստրիայի հավաքականի հետ:
Ահա առավել հետաքրքրական մրցախաղերի արդյունքները. Ուկրաինա-Իսպանիա` 2-2, Բուլղարիա-Ադրբեջան` 1,5-2,5, Ֆրանսիա-Սլովենիա` 1-3, Դանիա-Վրաստան` 2,5-1,5, Անգլիա-Չեխիա` 1,5-2,5, Թուրքիա-Իտալիա` 2-2:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ