Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի
Ինչպես տեղեկացանք Համաշխարհային տնտեսական ֆորումի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնից, «2007-2008 թթ. մրցունակության համաշխարհային զեկույցում», նախորդ տարվա համեմատ, Հայաստանը որոշակիորեն զիջել է իր դիրքերը:
Մրցունակության հիմնականՙ Համաշխարհային մրցունակության (ՀԱՄ) ցուցիչի դասակարգման մեջ Հայաստանը զբաղեցրել է 93-րդ տեղը 131 երկրների մեջ: Նախորդ տարի մեր երկիրը 82-րդն էր, բայց 125 երկրների մեջ: Այս տարի ուսումնասիրության մեջ ընդգրկվել են վեց նոր երկրներ (Լիբիա, Սիրիա, Սաուդյան Արաբիա, Օման, Ուզբեկստան, Պուերտո Ռիկո), իսկ Սերբիան եւ Չեռնոգորիան ներկայացված են որպես առանձին երկրներ: ՀԱՄ ցուցիչով առաջին երեք տեղերը զբաղեցնում են ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Դանիան: Այնուհետեւ գալիս են Շվեդիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Սինգապուրը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան եւ Նիդեռլանդները:
Վերոնշյալՙ ՀԱՄ ցուցիչը, ինչպես տեղեկանում ենք «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի հաղորդագրությունից, ներառում է 110 գործոններ, որոնք խմբավորվում են 12 հիմնական ուղղություններով: Վերոնշյալ ուղղություններից Հայաստանը լավ դիրքեր ունի մակրոտնտեսական կայունության առումովՙ 57-րդ տեղ, որը պայմանավորված է ցածր գնաճով եւ ՀՆԱ նկատմամբ փոքր պետական պարտքով: Մեր երկիրն ավելի բարձրՙ 40-րդ տեղն է զբաղեցնում աշխատուժի շուկայի արդյունավետության առումով, մասնավորապես գործատու-աշխատող հարաբերությունների ազատականությամբ եւ ճկունությամբ: Սակայն նշվում է, որ Հայաստանը չափազանց ցածր ցուցանիշ ունի մտավոր կարողությունների եւ տաղանդի օգտագործման առումով:
Ավելի ցածր են Հայաստանի դիրքերն այնպիսի ցուցիչների մասով, ինչպիսիք են «գործարարության կատարելագործումը»ՙ 115-րդ տեղ, «շուկայի չափը»ՙ 111-րդ տեղ, «ֆինանսական շուկայի կատարելագործումը»ՙ 110-րդ տեղ, «ապրանքների շուկայի արդյունավետությունը» եւ «տեխնոլոգիական պատրաստվածությունը»ՙ 104-րդ տեղեր:
Ինչ վերաբերում է մյուսՙ գործարար մրցունակության (ԳԱՄ) ցուցիչին, ապա այստեղ նույնպես, նախորդ տարվա համեմատ, Հայաստանը զիջել է դիրքերըՙ զբաղեցնելով 108-րդ տեղը 127 երկրների մեջ, նախորդ տարվա 91-րդ տեղի փոխարեն: Այս ցուցանիշից արված հետեւությունն այն է, որ մակրոտնտեսական կայուն միջավայրի առկայությամբ, ավելի կենսական նշանակություն են ստանում երկրի գործարար միջավայրի բարելավումը եւ գործարարության կատարելագործումը: Մասնավորապես Հայաստանի մրցունակության զարգացման հիմնական խոչընդոտներն են համարվում գործարար ռազմավարությունների եւ գործառույթների ցածր մակարդակն ու պարզունակությունը, մասնավոր հաստատությունների թերզարգացածությունը, ֆինանսական թույլ շուկան, փոքր ներքին շուկան եւ անբարեխիղճ մրցակցությունն այդ շուկայում, վարչարարական բարդությունները, դատական համակարգի անբավարար անկախությունն ու հովանավորչությունը, մասնագետների վերապատրաստման անբավարար համակարգերը, նորարարության ցածր մակարդակը եւ այլն:
Ի դեպ, առաջին անգամ Համաշխարհային տնտեսական ֆորումը մրցունակության զեկույցը հրապարակել է 1979-ին, իսկ Հայաստանն այդ զեկույցում ընդգրկվել է վերջին երեք տարիներին միայն:
Ի՞նչ կարելի է ասել այս զեկույցիՙ Հայաստանին վերաբերող մասի կապակցությամբ: Այն պարզորոշ ցույց է տալիս այն ուղղություններն ու ռեսուրսները, որոնք մեր երկրում լավ չեն օգտագործվում եւ որոնք լավ օգտագործվելու պարագայում բավականին լուրջ արդյունքներ կտան մեր երկրի մրցունակության բարձրացման առումով: Այսինքն, այս օրերին հերթական անգամ երկրի առաջին նախագահի հրապարակ նետած այն թեզը, ըստ որի Հայաստանը չունի երկարաժամկետ ռեսուրսներ տարածաշրջանում, մասնավորապես հարեւան Ադրբեջանի հետ մրցակցությանը դիմանալու համար, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Պարզապես սա հերթական «օղը» պետք է լինի կառավարության «ականջին», որպեսզի քաղաքական կամք դրսեւորի եւ գործնական քայլեր ձեռնարկի չօգտագործված հնարավորություններն օգտագործելու եւ մեր երկրի մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ