Խոստանալով արտոնյալ պայմաններ եւ ճկուն գնային համակարգ
«bmi-ի մուտքը հայկական շուկա լայն հնարավորություններ կստեղծի հայ ուղեւորների համար», երեկ «Զվարթնոց» օդանավակայանում bmi բրիտանական ավիաընկերության իրականացրած Երեւան-Լոնդոն առաջին չվերթի ժամանակ հայտարարեց Հայաստանում bmi-ի կոմերցիոն տնօրեն Սիմոն Ավագյանը: Մեծ Բրիտանիայում մեծությամբ երկրորդ ավիաընկերությունը` bmi-ն վերջերս գնել է «Բրիթիշ էրուեյզ» ընկերության գործընկեր «Բիմեդ» ավիաընկերությունն ու այսուհետեւ հիշյալ ընկերության փոխարեն Երեւան-Լոնդոն չվերթն ինքն է իրականացնելու: Սիմոն Ավագյանի խոսքով, նույն հաճախականությամբ` շաբաթը 4 անգամ, Երեւան-Լոնդոն չվերթերը կիրականացվեն bmi-ի դրոշի տակ, նրա ստանդարտներով, անձնակազմով եւ օդանավերով:
«Զվարթնոց» օդանավակայանում bmi-ի տեղակայված գրասենյակում երեկ բրիտանական ավիաընկերության աշխատակիցները նշում էին իրենց ընկերության նորամուտը: Երեկվա անդրանիկ չվերթով Երեւանից Մոսկվա մեկնեցին 80 ուղեւորներ:
«Բրիթիշ էրուեյզ» ընկերության համեմատ bmi-ի հայաստանյան տնօրենությունը խոստանում է առավել արտոնյալ պայմաններ ստեղծել, տարատեսակ անակնկալներ մատուցել, մինչեւ անգամ գնային ճկուն համակարգ ներդնել, արդյունքները հայ ուղեւորներն առաջիկայում կտեսնեն: «Ըստ էության, ամենամեծ առավելությունն այն է, որ bmi-ն աշխարհի ամենամեծ ավիաընկերությունների միավորման ալյանսի անդամ է: Սա թույլ է տալիս ավելացնել համակցումները, տարանցիկ թռիչքները Լոնդոնից դեպի աշխարհի բոլոր ուղղություններ` դրանով ստեղծելով ավելի լայն հնարավորություններ հայ ուղեւորների համար աշխարհի որեւէ կետ թռնելու առումով», ասաց Սիմոն Ավագյանը: Նա ընդգծեց, որ bmi-ն չվերթեր է կատարելու «Զվարթնոց» օդանավակայանից Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի առաջին տերմինալ, ի տարբերություն նախորդ ավիաընկերության, որը թռիչքն իրականացնում էր «Հիթրոու»-ի 4-րդ տերմինալ. «Առաջին տերմինալն ավելի կհեշտացնի հայ ուղեւորների տրանսֆերային անցումը հաջորդ չվերթերի, որովհետեւ նրա ներքին դիրքն ու ծառայությունները 4-րդ տերմինալի համեմատ անհամեմատ լավն են»:
«Որոշակի լավացումներ կան ներինքնաթիռային զվարճանքների, անձնական հեռուստաէկրանների, տեսախաղերի օգտագործման, բիզնես կարգի սպասարկման ստանդարտների հետ կապված: Հայ ուղեւորները դեռ ականատես կլինեն էլ ավելի ցածր գների կիրառման, արտոնյալ պայմաններից օգտվելու հնարավորությանը: Նոր անվան հետ կապված կլինեն հետաքրքրական փրոմոշըններ, արտոնյալ պայմաններ հաճախակի թռչող ուղեւորների համար, ինչպես նաեւ արժեքավոր նվերներ», ասաց Սիմոն Ավագյանը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ