«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2007-10-30 | #199, 2007-10-31 | #200, 2007-11-01


ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ 7 ԵՐԳԵՀՈՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Հոկտեմբերի 23-ից 30-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բեմը ծածկված էր երգեհոնի 4 հազար շեփորներովՙ ասեղաչափից մինչեւ 3 մետրանոց: Նորոգվում էր Հայաստանի 7 երգեհոններից մեկը: Այն կրկնօրինակն է 17-18-րդ դարերի երգեհոնի եւ նախատեսված է հենց բարոկկո ոճի երաժշտության կատարման համար: 1979 թվականին հոլանդական «Ֆլենտրոպ» ընկերության տեղադրած երգեհոնը եզակի էր ողջ խորհրդային տարածքում եւ բացառիկ հնչողությամբ` միակը մինչեւ 90-ականները, քանի որ ջեռուցման բացակայության հետեւանքով գործիքի վնասվածությունը համարվում էր անշտկելի: Բարեբախտաբար այդ կարծիքը սխալ էր` Գերմանիայից հրավիրված վերականգնող-մասնագետ Քրիստիան Վեգշայդերը տասնօրյա գիշեր-ցերեկ աշխատանքով առաջիկա 10 տարիների համար նորոգել է երգեհոնը: Փոխարենը վարպետը ոչինչ չի ստացել բացի երախտագիտության արտահայտությունից, որն առավել մեծ կլինի նոյեմբերի 1-ին Կամերային երաժշտության տանը երգեհոնի վերականգնման առթիվ կազմակերպված տոնական համերգից հետո: Համերգի մասնակիցներն են «Հովեր» երգչախումբը, երգչուհի Աննա Մայիլյանը, Արամ Թալալյանի ղեկավարությամբՙ Նարեկացի նվագախումբը: Համերգին կարեւոր մասնակցություն ունի բրիտանացի երգեհոնահար Քրիստոֆեր Ստեմբրիջը: Նա այնպիսի ծրագիր է կազմել, որը հնարավորություն կտա ներկայացնելու Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան երգեհոնի հնչողության ամբողջականությունը:

Այս կապակցությամբ երեկ Կամերային երաժշտության տանը հրավիրված ասուլիսում փաստվեց, որ գործիքի նորոգումը իրականացվել է շնորհիվ երեւանյան բարոկկո երաժշտության փառատոնի կազմակերպիչ Արամ Թալալյանի, նույն փառատոնի մասնակից բրիտանացի երգեհոնահար Քրիսոֆեր Ստեմբրիջի ջանքերով եւ ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ: «Այլեւս անհարմար չենք զգա հայտնի երգեհոնահարների Հայաստան հրավիրել, քանի որ գործիքը սարքին է, իսկ Հայաստանի պարագայում արտերկրի երաժիշտները ֆինանսական հանգամանքին բավական մեղմ են մոտենում», կարծիք հայտնեց Արամ Թալալյանը, միաժամանակ ընդգծելով, որ սրտացավ մոտեցման դեպքում հնարավոր կլինի մյուս 6 երգեհոնների նորոգումն էլ իրականացնել, հատկապես որ գործիքով հետաքրքրվող երիտասարդ երաժիշտներ կան կոնսերվատորիայի ուսանողների շարքում, բայց տվյալ բուհի երգեհոնների վրա ուսուցանելը խստիվ արգելված էՙ գործիքների անդառնալի վնասվածության պատճառով:

«Հովեր»-ը որոշում է իր լինելու պատճառները»

«Հովեր» երգչախումբի համար 2007-ը հոբելյանական է: Երգչախումբը հիմնադրվել է 1992 թվականին: 10 տարի գործել առանց ֆինանսավորման: Կազմը 17 երգչից հասել է 24-ի, որոնցից 8-ը հենց սկզբից են երգչախմբում: Աշխատանքի ու հաջողությունների հետ միաժամանակ պատրաստվում է երգչախմբի նոր սերունդը, ինչն ըստ Սոնա Հովհաննիսյանի, շռայլություն է, քանի որ ապագան հստակված չէ: Այնուամենայնիվ երգչախմբի ստեղծագործական 15-ամյա գոյությունը բերել է որոշակի ճանաչում ու բնականաբար թեթեւացրել ֆինանսական դժվարությունները: Հոբելյանական տարում երգչախումբը 33 համերգ է ունեցելՙ բոլորը պատվիրված: Եկող տարվա համար էլ հրավերներ արդեն իսկ կանՙ քիչ չեն, բայց եւ ընտրված չեն. «Հովեր»-ն ամեն տարի իր լինելու պատճառները պետք է ցույց տա, իսկ դա բարդ, բայց սթափեցնող խնդիր է», այս բացատրությունը տվեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը: Իսկ 2007-ի համերգներից 12-ը Գերմանիայի մի քանի քաղաքներում են կայացել եւ արժանացել ոչ մեծաքանակ, բայց ընտիր ունկնդրի հիացմունքին. «Երգչախմբային երաժշտության օրրան համարվող Գերմանիայում համերգից հետո մի անգամ չէ որ ասացինՙ կկարոտենք ձեր երաժշտությանը», տեղեկացրեց Սոնա Հովհաննիսյանը, ընդգծելով, որ կոմիտասյան հարմոնիզացիան օտար ականջի համար էկզոտիկ է ու դասական: Հաջորդ հաջողությունը երգչախումբը մտադիր է արձանագրել նոյեմբերի 2-4-ը Լեհաստանում կայանալիք հոգեւոր քրիստոնեական «Լոգոս» 11-րդ փառատոնում, որտեղ «Հովեր»-ի արական կազմը ներկայացնելու է Կոմիտասի պատարագը: Ի դեպ, այն որպես CD տեղ է գտել հեղինակավոր ձայնադարաններում, իսկ այժմ Գերմանիայում թողարկվող CD-ում ներկայացվելու է Կոմիտասի աշխարհիկ 30 խմբերգ «Հովեր»-ի կատարմամբ: Սա կլրացնի ոչ շատ ստվար, բայց արժեքավոր CD-ների շարքը: Նոր գործեր կներկայացվեն նաեւ երգացանկում. «Ճանապարհորդություն» է կոչվելու Աննա Ազիզյանի երաժշտությամբ խմբերգային ներկայացումը, որ պատրաստում ենք եւ որում հանդիպելու են մի քանի հեքիաթների հերոսներ, առանցքային դերում կլինի «Փոքրիկ Իշխանը», տեղեկացրեց Սոնա Հովհաննիսյանըՙ ընդգծելով, որ երգչախումբը բազմածրագիր է, փորձարարական:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4