«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2007-10-31 | #200, 2007-11-01 | #201, 2007-11-02


ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ 2008-ԻՆ

Արտաքին քաղաքականության գերատեսչության աշխատանքներն ապահովելու միջոցները եկող տարի լինելու են 4 հարյուր մլն դրամով ավելի այս տարվա համեմատությամբ ու կազմելու են 5 մլրդ 879 մլն դրամ: Արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի համար էլ հատկացվելու է 850 մլն դրամ: Այս թիվը նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի է 96,2 մլն դրամով: Երկրի պետական արարողակարգի ծառայությունը կստանա 134 մլն դրամ, ՀՀ անդամակցության վճարները կկազմեն 865 մլն դրամ: 200 մլն դրամ էլ տրամադրվելու է դեսպանությունների շենքեր գնելու համար: 20 տոկոսով բարձրացվելու են ԱԳՆ աշխատակազմում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը: Նույնչափ ավելացում է նախատեսվում նաեւ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական մարմիններում ծառայող դիվանագետների ամսական ծախսերի փոխհատուցմանը: Մեր երկրի դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման ծախսերը եկող տարի նախատեսվել են 4666.3 մլն դրամի չափով, որը 302.2 մլն դրամով ավելի է այս տարվա հատկացումից: Այս տվյալները երեկ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանըՙ «ՀՀ 2008 թ. պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկման ժամանակ: Արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյաննՙ անդրադառնալով ոլորտին տրամադրված միջոցներին, հավաստիացրեց, որ ԱԳ նախարարությանը հատկացված գումարները բավարար են արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար:

Դրամաշնորհներ եվրոինտեգրման համար

ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց եվրոպական ինտեգրման համար պետբյուջեից տրվող ֆինանսավորումը: 2008 թվականին պաշտոնական դրամաշնորհների ստացում է նախատեսվում: Եվրոպական հանձնաժողովից Եվրոպական հարեւանության շրջանակներում Հայաստան-Եվրոմիություն գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման համար նախատեսվում է 6.9 մլրդ դրամի չափով դրամաշնորհՙ 3 մլրդ 262 մլն դրամը ուղղվելու է միջին մասնագիտական կրթության բնագավառի բարեփոխումներին: Եկող տարվանից, ի թիվս այլ ծրագրերի, ինչպես հավաստեց ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, իրականացվելու են հանրային հաստատության ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված «Թվինինգ» եւ եվրոպական օրենսդրությանը տեղական օրենսդրության համապատասխանեցում եւ գործընթացի պարբերական գնահատում իրականացնող «Թայեքս» օգնության ծրագրերը:

Աշխատավարձերի բարձրացում ոստիկանության համակարգում

Հայրենի ոստիկանությանը եկող տարի հատկացվելու է 19,967 մլն դրամ, Հայաստանի փրկարար ծառայության համակարգի պահպանման ծախսերը 3,239 մլն դրամ են կազմելու, ազգային անվտանգության ապահովման համար նախատեսված է 12,554 մլն դրամ: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանը, ոլորտի աշխատողների աշխատավարձերը եւ հավելավճարները եկող տարի կազմելու են 10,824 մլն դրամ, ինչն այս տարվա համեմատությամբ աճել է 1,505 մլն դրամով: Դա էլ նախատեսված է երկրի դատախազությունից ոստիկանության համակարգ տեղափոխվող եւ ոստիկանությունում աշխատող քննիչների, ավագ, միջին եւ կրտսեր խմբի ծառայողների աշխատավարձերի բարձրացման, ինչպես նաեւ տեխնիկական սպասարկման համար:

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանի փաստմամբՙ ԱԱԾ տրվելիք 12,554 մլն դրամից 11,474 միլիոնը ծախսվելու է «Ազգային անվտանգության ապահովում» ծրագրով, իսկ «Պետական պահպանության ապահովում» ծրագրին տրվելու է 1,080 մլն դրամ:

ՀՀ փրկարար ծառայության պետ Էդիկ Բարսեղյանը նշեց, որ Հայաստանի փրկարար ծառայության աշխատողների աշխատավարձերը, հավելավճարները եւ քաղծառայողների պարգեւատրումները ծրագրված են 1,927 մլն դրամի չափով, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 47 մլն դրամով աճել է:

Պաշտպանության ոլորտին 20 տոկոսով ավելի հատկացում

Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի տեղեկացմամբ, եկող տարվա պետական բյուջեից պաշտպանության ոլորտին հատկացվելու է 122 մլրդ դրամ, ինչը 20 տոկոսով ավելի է այս տարվա նույն ցուցանիշից: Նախարարի վստահեցմամբՙ միջոցներն ուղղվելու են ՀՀ զինուժի մարտունակության բարձրացմանը, իսկ զինծառայողների աշխատավարձերը բարձրացվելու են շուրջ 10 տոկոսով: Զինծառայողների բնակարանային խնդիրների լուծմանն էլ միջոցներ են ուղղվելու պետբյուջեի ոլորտին տրված հատկացումներից: Միքայել Հարությունյանի վստահեցմամբՙ եկող տարի նախատեսվում է 6 հարյուր բնակարան կառուցել ավագ եւ կրտսեր սպայակազմի համար: Զոհված եւ հաշմված զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար նախատեսված է 3 մլն դրամ: Պաշտպանության նախարարը ոլորտի համար նախատեսված գումարը բավարար է համարում ՀՀ զինուժի մարտունակության պահպանման եւ մեր տարածքները, պետությունն ու Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու համար:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4