Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը «փորձում է համոզել»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կառավարության նիստում երեկ հավանություն տրվեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրին: Նշենք, որ այդ ծրագրի բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական բացասական ազդեցության եւ հանքավայրի շահագործումը ձեռք բերած ընկերությանՙ «Արմենիան քափըր փրոգրամի» (ACP) նախկինում ստանձնած պարտավորությունների չկատարման մասին բազմիցս է անդրադարձ եղել ինչպես բնապահպանների եւ հասարակական կազմակերպությունների, այնպես էլ մեր թերթի կողմից: Վերոնշյալ փաստաթուղթը լրագրողներին ներկայացրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը:
Ըստ նախարարի, սա Հայաստանի խոշորագույն ծրագիրն է հանքարդյունաբերության ոլորտում: Թեղուտի հանքավայրում հաստատված հանքաքարի պաշարը կազմում է 450 մլն տոննաՙ պղնձի 1,6 մլն տոննա եւ մոլիբդենի 99 հազար տոննա պարունակությամբ: 25 տարի ժամկետով շահագործման լիցենզիան դեռ 2001-ին ստացել է «Արմենիան քափըր փրոգրամը»: Շահագործման առաջին փուլում արտադրվող խտանյութերում պղնձի քանակը կկազմի տարեկան շուրջ 30 հազար տոննա, մոլիբդենինըՙ 800 տոննա: Նախատեսվում են 200-250 մլն դոլարի ներդրումներ 40 տարվա ընթացքում: Ներսես Երիցյանի հավաստմամբ, պղնձի գների ներկա մակարդակի պահպանման դեպքում Հայաստանից կարտահանվի տարեկան 270 մլն դոլարի խտանյութ, գների որոշակի անկման դեպքումՙ նվազագույնը 100 մլն դոլար:
Գլխավոր վիճահարույցՙ բնապահպանական խնդրի առնչությամբ նախարարը փորձում էր լրագրողներին համոզել, որ հանքավայրի շահագործումից ստացած օգուտներն ավելին են, քան դրա հետեւանքով առաջացած կորուստները: Նա նշեց, որ հստակ ծրագիր կա, թե ինչպես են հատվելու 357 հա անտառները: Մասնավորապես, խոսքը 40 տարվա ընթացքում տարեկան 12 հա անտառի հատման մասին է: Ընկերությունը պարտավորվել է ստեղծել սանիտարական գոտի, որը կկազմի 775 հա, իսկ բուն շահագործման տարածքը կկազմի եւս 716 հա: Այդ գոտու վերահսկողությունը դրված է առողջապահության նախարարության վրա:
Ինչպես եւ սպասվում էր, լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին Ներսես Երիցյանին: «Ազգի» հարցերից մեկն այն էր, թե «ինչպե՞ս կարելի է վստահել մի ընկերության, որը չի կատարել 1998-ից ի վեր իր ստանձնած պարտավորությունները Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործելիս»: Նախարարի կարծիքով, ընկերությունը վստահելի է եւ սոցիալական պատասխանատվություն է ստանձնել: Այսինքն, նորմալ հարկատու է, պարտատոմսեր է թողարկում, բնապահպանական նորմերը պահպանում: Երբ նրան առարկեցինք, որ բնապահպանական նորմերն Ալավերդիում ընկերությունը մշտապես խախտում է, Ներսես Երիցյանը պատասխանեց, որ խորհրդային տարիներին կառուցված Ալավերդու կոմբինատում արտադրության ցիկլն այնպիսին է, որ բնապահպանական միջոցառումները մեծ ծախսեր կպահանջեին: Այսինքն, դրանք տեղադրելու դեպքում ծախսերն ավելի մեծ կլինեին, քան օգուտը: Ասուլիսի ավարտից հետո Ներսես Երիցյանն այն կարծիքը հայտնեց, որ այսպես շարունակվելու դեպքում հավանական է, որ կոմբինատը փակվի:
Սակայն այս դեպքում եւս հարցեր են առաջանում, որոնց նախարարը փաստորեն չպատասխանեց: Օրինակ, մի՞թե 1998-ին, երբ «Մանես եւ Վալլեքս» կոչվողՙ դարձյալ Վալերի Մեջլումյանին պատկանող ընկերությունը սկսեց շահագործել կոմբինատը, չգիտեր, որ այնտեղ բնապահպանական սարքավորումներ տեղադրելը մեծ ծախսեր են պահանջում: Կամ երբ կոմբինատը փակվի, ո՞վ է պատասխանատվություն կրելու անցած 8-9 տարիներին նրա արտանետումների պատճառով Ալավերդու բնակչության առողջությանը եւ բնությանը պատճառած վնասների համար: Այդ տարիներին շահույթ ստացած Վալերի Մեջլումյա՞նը, թե՞ 1998-ից մինչ այժմ գործող կառավարություններից որեւէ մեկը: Ներսես Երիցյանը պարզապես լրագրողներին առաջարկեց մի կողմ թողնել Ալավերդին, որն այս ծրագրի հետ կապ չունի, եւ խոսել Թեղուտի մասին:
Թեղուտի մասին հարց ուղղեցինք, թե արդյոք հանքավայրը շահագործողի առջեւ կառավարությունը պարտավորություն դրե՞լ է հանքանյութի արդյունահանումից անցնել մաքուր պղնձի ձուլմանը եւ պղնձից պատրաստված սարքավորումների արտադրությանը: Նման պարտավորություն ստանձնելու մասին ընկերության սեփականատերը նույնպես հայտարարել էր 9 տարի առաջ: Ներսես Երիցյանի պատասխանից պարզվեց, որ խոսքը միայն խտանյութի արդյունահանման մասին է, իսկ պղնձաձուլարան կառուցելու այլ ծրագրեր կան: Մասնավորապես հայտնի է, որ նման ձուլարան նախատեսում է ստեղծել Քաջարանի ՊՄԿ-ի հիմնական բաժնետեր գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը: Փաստորեն, այս առումով եւս ACP-ն որեւէ պարտավորություն չի ունենալու:
Միաժամանակ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը այն կարծիքը հայտնեց, որ անհրաժեշտ հիմնավորումներ այն մասին, թե այս հանքավայրի շահագործումը կբերի կլիմայական կամ ռելիեֆային լուրջ փոփոխությունների, ինքը բնապահպանների տեսակետներում չի տեսել:
Ինչ մնում է նախարարի այն փաստարկին, որ հանքավայրի շահագործումն ավելի մեծ օգուտ կբերի մեր երկրին, քան վնաս... Եթե տարեկան Հայաստանից արտահանվի նվազագույնը 100 մլն դոլար խտանյութ, ապա, ինչպես նշել էր ձեռնարկության տնօրենը իր հարցազրույցներից մեկում, պետական բյուջե մուտք կգործի 10 մլն դոլարՙ շահութահարկի տեսքով: Դա կկազմի, օրինակ, եկող տարվա 2,1 մլրդ դոլար բյուջեի նախատեսվող եկամուտների ընդամենը 0,5 տոկոսը, որը պղնձի միջազգային բարձր գների դեպքում կարող է հասնել մինչեւ 1 տոկոսի: Դա է այն «օգուտը», որ մենք կստանանք Հայաստանի մի ամբողջ տարածաշրջանի էկոհամակարգ ոչնչացնելու հետեւանքով: Իսկ թե ո՞վ իսկապես մեծ օգուտներ կունենա, թերեւս հասկանալի է: