Մեր ներսն ու դուրսը
Որ հանկարծ ասում ենՙ աղբի մասին գրի, քաղաքն ամբողջ աղբի մեջ կորած է, թե չէ փիլիսոփա-միլիսոփա, դրանք ում են պետք, մեր այս կյանքի հետ ի՞նչ կապ ունեն, մտածում եսՙ դե ճիշտ են մարդիկ ասում, էս կեղտի մեջ էս ինչ բարձր բաների մասին ենք մտածում կամ գրումՙ ի՜նչ վերանցականություն, ի՜նչ հոգեւոր վերապրումներ, ի՜նչ բարոյականություն, արիականությունս ո՞րն է, ցեխի մեջ ընկած էլ մնանք: Լավ է, հանգիստ ենք:
Տնից դուրս ես գալիսՙ աղբը քթիդ տակ, շնչիր որքան ուզես: Մինչեւ Հակոբ Հակոբյան փողոց մտնելը շենքերի չերեւացող արանքներում աղբի հսկա կուտակումներն օր օրի աճում-բարգավաճում են: Հետո դուրս ես գալիս Հակոբյան փողոցՙ մթերային շուկայից քիչ ներքեւ, դիմացի մայթին Արաբկիր համայնքի աղբատարների մեծ կետերից մեկն է, հսկա մետաղե հրեշներՙ ահռելի գարշահոտով, առավոտից երեկո լեփլեցուն, ոմանց համար նույնիսկ «գրավիչ»: Օրերից մի օր մի կին ճիշտ կենտրոնում նստածՙ հանգիստ վայելում էր նատյուրմորտային յուրատեսակ այս բնօրինակները, «մեռած իրերը» վերցնում-դնում, ուսումնասիրում: Որտեղից որտեղ մանկուց հիշողությանս մեջ մնացած մի լուսանկար հիշեցրեց արտառոց այդ պատկերըՙ Մայր Հայաստանի խորհրդանիշ կինը ավերակների մեջտեղումՙ ողբալիս:
Պարզվում է, որ դժվար բան է Երեւանի աղբը մաքրելու մեխանիզմ ստեղծելը, մինչդեռ թվում էրՙ թաղապետարանների ամենապարզ պարտականություններից մեկն է: Երեկ չէ առաջին օրը, օրինակ, մետաղի այդ հրեշները կրակ էին կտրել, ծխի քուլաներ էին արձակում: Աղբից ազատվելու այդ մեթոդը շատ բնակիչներ ամռանը գարշահոտությունից ու զանազան վարակներից խուսափելու համար ճարահատ անում էին: Բայց դա գոնե բակերի, շենքերի չերեւացող տեղերում, ուր անցուդարձ քիչ կա, չնայած օդը, միեւնույն է, ապականվում է: Բայց մթերավաճառ շուկայի հարեւանությամբ օրը ցերեկով աղբը կրակի տալ ու ճենճահոտը շուրջբոլորը տարածե՞լ: Քաղաք է, չէ՞, մարդիկ են ապրում: Երեւանում այնպիսի աղբակույտեր կան, որ ասես անհիշելի ժամանակներից են ժառանգվել, առնվազն մոտ անցյալից, ասենք, սովետների ժամանակից. աղբը որքան հին, գարշահոտը այնքան թունդ:
Կենցաղային աղբը քիչ է, հիմա էլ շինարարական աղբն է քաղաքը զավթել, հապա տրանսպորտային երթեւե՞կը, այս ինչ համատարած քանդուքարափ է մեր նյարդերի հաշվին, վարորդների նյարդերը տեղի են տալիս, մարդիկ չեն դիմանում, հայհոյանքն արդեն հասարակական տրանսպորտում սովորական է դարձել: Ի՜նչ են այսքան կառուցում ու կառուցում, Աբովյան փողոցի նորակառույց շենքերը ոնց որ գլխներիս թափվեն. հեղձուկ է... Ասում ենՙ ուշացե՜լ ենք, տեսնես էդ ինչի՜ց են ուշացել: Ո՞ւմ համար են կառուցում, մարդիկ փախչել են ուզում այս երկրից: «Ռեստորանների, սուպերմարկետների, բար-բորդելների, կազինոների երկիր Հայաստանը» մարդկանց կոկորդին է մնացել, էլ չեն ուզում տեսնել դրանք: Այդ առեւտրային, զվարճալիքի «էլիտար» սարդոստայն ելումուտ անողներն էլ միշտ նույն մարդիկ են, մնացածները ցուցափեղկերի հետեւից երբեմն հայացք ձգելով միայն պատկերացում կարող են կազմել, կամ էլ այսօրվա ազգային ամենամեծ աղետիՙ հայկական հեռուստաեթերից, դրանց ծրագրերի 90 տոկոսի անհեթեթության հասնող պարզունակ հաղորդումներից, գովազդներից, շոուներից, ֆիլմերից, «բարի լույս»- երից եւ այլն, եւ այլն (գովազդները ծայր են առնում սկեսուրի ու թթվասերի խաչաձեւումից, հասնում Լոս Անջելեսից Հայաստան «միասին հալվելու» զառանցանքների): Ուրեմն կենցաղային, շինարարական աղբը դեռ ոչինչ, եթերային աղբը մեր միջավայրը, մարդկային էկոլոգիան ապականող ամենամեծ չարիքն է:
Ամռանը մի 2 օրով Ծաղկաձորում էի, երեկոյան իբր դուրս էի գալիս շրջում, երկու տղամարդու խոսակցություն ուշադրությունս գրավեց (հատուկ բարձր էին խոսում): «Մեզ համար հալալ ապրում էինք: Էս երեւանցիք էս ինչ եկան, հարամեցին մեր քաղաքը»: Անտառները զավթած առանձնատները միայն նկատի չուներ մարդը, այլ հենց բարոյական ապականումը: Խեղճ մեր Երեւան, որ գոյություն չունես հիմա, որովհետեւ նկարագիր ու դիմագիծ չունես: Քարվանսարա, մեծ քարվանսարաՙ իրար գլխի լցված, ոնց որ աշխարհի վերջն է, խայտառակ աճապարանք, պարապ տեղ չեն թողնում, ամեն անկյուն մի բան են խցկում, քաղաքային միջավայր չկա, ճարտարապետական համալիր մոտեցում չկա, օրինաչափություններ չկան, քաղաքաշինության նորմերը չեն պահպանվում:
Իսկ ո՞ւր մնաց մեր աղբը: Այդ աղբը, պարզվում է, ամենուրեք է, մեր շուրջն ու մեր մեջ: Ամենամեծ կեղծիքը մեր մեջ է, մեր գիտակցության, մեր մտածողության պարտադրված կաղապարային վիճակների մեջ, մեր խղճուկ եսակենտրոնության, սեփական անձից կամ խմբի շահից ու բարօրությունից ուրիշին տեսնել չկարողանալու տկարության մեջ ու ամենակարեւորը այլընտրանքային մտածողություն չհանդուրժելու եւ ներքին թշնամու հիդրայի կերպարանքով նկարագիր ձեւավորելու, դրանով իսկ մթնոլորտը թունահոտով լցնելու մեջ: Ու սա սոցիալական ստորացումների ու այսօրվա քարոզչության զանգվածային զոմբիացման հետեւանքն է (սրա համար բավարար է հայկական փոփ երաժշտությունըՙ երգիչների այս խառնիճաղանջ «աստղաբույլը», հումորային խեղանդամ ներկայացում-շոուները, հայկական սերիալները): Այստեղ տեղն է քաղաքապետարանից պահանջել վերջապես հանել Երեւանի վրա ծանրացած ու պատուհաս դարձած օդն ի կախ այդ հսկա պաստառները «Իմ զենքի»ՙ զանազան անհեթեթ մակագրություններով: Որովհետեւ վերոնշյալներով են մեր երեխաները պատկերացում կազմում հայ կյանքի ու հայ մշակույթի մասին եւ ձեւավորում վերաբերմունք, նկարագիր: Ու քանի որ նրանց մեջ բարեբախտորեն ինտելեկտուալ հետաքրքրություն ունեցողներ դեռ կան, իրենց ապագան այս երկրում որեւէ կերպ չեն պատկերացնում: Հայկական հեռուստաեթերը (ծրագրերի չնչին բացառությամբ) մեծապես նպաստում է հայ ինտելեկտուալ երիտասարդության մեջ երկիրը լքելու մտայնությունը:
Իսկ ամենակարեւորըՙ համատարած սոցիալական կեղեքումն ու գիտակցության համահարթեցումը (սովետների հանգով) տեղիք են տալիս հասարակության իգացման վտանգավոր պրոցեսների: Վերանում ենՙ իմ համոզմամբ, տղամարդկային երեք հիմնական որակներըՙ պատվախնդրություն, իմացականություն, արժանապատվություն, խորանում են թուլամորթությունը, շողոքորթությունը, զրպարտությունը: Հատկապեսՙ կեղծիքը: Եվ որեւէ միտք եթե ազատ չէ, դրա ծնունդ որեւէ բան ճշմարիտ չի կարող լինել:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ