Եթե չփոխվեն պահանջները, թերեւս վրացիները առայժմ բավարարվեն 2003-ի հեղափոխությամբ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
Վրաստանն առանց նախագահի, ընտրություններ սահմանադրական ժամկետներում, քաղբանտարկյալների ազատում, խորհրդարանում մեծամասնական կարգի վերականգնում: Սրանք էին այն հիմնական պահանջները, որոնք հրապարակել էին դեռեւս մեկ ամիս առաջ վրաց ընդդիմադիրները` պահանջները ներկայացնելով երկրի իշխանություններին:
Չորս տարի առաջՙ նոյեմբերի 2-ին Վրաստանի խորհրդարանի առջեւ հավաքված բազմության համար որոշիչ ու առանձնահատուկ սկիզբ եղավ, որ հետո կոչվեց «վարդերի» հեղափոխություն: Այն ժամանակ երկրի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հրաժարականն էին պահանջում մեծ մասամբ նրանք, ովքեր այսօր Վրաստանում իշխանություն են` ի դեմս նախագահ Միխեիլ Սաակաշվիլու:
Չորս տարի անց նույն տեղում հանրահավաք էին անցկացնում այսօրվա ընդդիմադիրները, որոնք թեեւ անմիջականորեն Սաակաշվիլու հրաժարականի հարց չէին ձեւակերպել, բայց դրա կարիքը եւս կարծես թե չկար, քանի որ նախընտրությունը տրվում է խորհրդարանական Վրաստանին:
Վրաց խորհրդարանի շենքի առաջ երեկվա հանրահավաքը սկսվեց մոտ քառասուն րոպե ուշացումով եւ, տարբեր գնահատականներով, մինչեւ 70-80 հազար մասնակիցներով: Մինչ կհարթվեին տեխնիկական խնդիրները, Ռուսթավելու փողոցում սկսեցին բաժանել սպիտակ կտորներ, իսկ ժողովուրդը գնալով ավելանում էր:
Խորհրդարանի շենքի հարեւանությամբ, Վրաստանի հակամարտությունների կարգավորման հարցերով պետնախարարի աշխատակազմի շենքի տանիքից էլ կախված էր Բադրի Պատարկացիշվիլու ծաղրանկարը «Կարաբաս-Բադրիբոս եւ բադրիոնետներ» մակագրությամբ եւ ընդդիմադիր ղեկավարների դեմքերով տիկնիկներով, որն, ի դեպ, հենց հանրահավաքի ընթացքում հանվեց ու կախվեց կրկին` մնալով արդեն անուշադրության մատնված:
Ընդդիմադիր առաջնորդներն ամենից առաջ շեշտեցին, թե Սաակաշվիլին եւ խորհրդարանի նախագահ Բուրջանաձեն դուրս չեն գալիս ընդառաջ, թերեւս հրաշալի իմանալով, որ առնվազն երկրի նախագահը Թբիլիսիից դուրս էր գտնվում: Սաակաշվիլին «Եվրոպայի արեւելքի կառուցում» խորագրով միջազգային կոնֆերանսի հյուրերի հետ մեկնել էր Կախեթի շրջանի Սիղնախի քաղաք:
Ընդդիմության լիդերները, հանգստություն ու կայունություն ապահովելու կոչերին եւ որեւէ սադրանքի չգնալու խնդրանքին զուգահեռ, նախ հայտարարեցին, որ կձեւավորեն պատվիրակություն եւ նշված պահանջներով կուղարկեն Սաակաշվիլու մոտ: Այնուհետեւ ինքնաբավության որակներ ունեցող հայտարարություններ էին հնչում. «Զիջումները բացառվում են, քանի որ մենք վրացի ենք», «Սուտ չենք ընդունում», «Ուզում ենք աշխատել ու ապրել, իսկ դրա համար իշխանությունները պիտի հեռանան», «Վրացիները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ իմաստուն են», «Կեցցե վրաց ժողովրդի հանճարն ու արժանապատվությունը» եւ այլն: Ի դեպ, հնչող ելույթների մեծագույն մասում դիմում ու հիշատակում էին միայն վրացիներին:
Բավականին յուրօրինակ ու ընդհանուր ֆոնին իր ակտիվությամբ խիստ տարբերվող էր Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդու` Կոնստանտինի ելույթին ամբոխի արձագանքը, թեեւ առանձնակի ոչինչ չասվեց: Դրա փոխարեն հաջորդ ելույթներում գույները խտացան, խոսքն արդեն ոչ թե ինչ-որ պահանջների բավարարմանն էր վերաբերում, այլ Սաակաշվիլու հրաժարականին, իշխանությունների հեռանալուն:
«Հեռացեք», «Հրաժարական» ձայնարկությունները կամաց-կամաց զուգակցվեցին հրապարակում մնալու, մինչեւ վերջ իշխանություններին ներկայացված պահանջների կատարմանը հետամուտ լինելու կոչերը:
Ժամը 16:15-ին Վրաստանի նախկին պետնախարար Գեորգի Խաինդրավան հայտարարեց, որ պատվիրակությունն արդեն կազմված է, իշխանություններին վերջնաժամկետ է ներկայացվում մինչեւ ժամը 18-ը:
«Աջ ընդդիմություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը, որ ի սկզբանե միասնական ընդդիմության մաս էր կազմում, չմասնակցեց հանրահավաքին` պատճառաբանելով, թե ակցիան կարող է վերաճել հեղափոխական գործընթացների, ինչին այս կուսակցությունը դեմ է: Դրա փոխարեն բողոքի ցույցին միացավ «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցությունը, որի նախագահ Գոգի Թոփաձեն հայտարարեց, որ ներկա եւ նախկին իշխանություններին շատ բան է ներվել ու էլ բավական է:
Խորհրդարանական մեծամասնության ղեկավարներից Գիգա Բոկերիան նույն օրը հայտարարել էր, թե հանրահավաքը կանցնի խաղաղ, եթե ինչ-որ մեկի խելքին չփչի ինչ-որ հիմարություն անել: Իսկ եթե նման բան պատահի, կկանխվի օրենքի շրջանակներում: Ինչ վերաբերում է ընդդիմության «վերջնագրին», ապա Բոկերիան, իր կուսակիցների հետ քննարկումից հետո այն անլուրջ էր որակել եւ անարժան անգամ քննարկման:
Ընդդիմությանը ֆինանսավորող Բադրի Պատարկացիշվիլին էլ իր հերթին հայտարարել էր, որ թեեւ Լոնդոնից ժամանել էր Թբիլիսի, բայց չի լինի հանրահավաքին: Այնուամենայնիվ, Պատարկացիշվիլու խոսքերով, պայքարն իշխանության հետ հնարավորինս պիտի կազմակերպվի սահմանադրական դրույթներին համապատասխան եւ իրականացվի ընտրություններով: «Ընտրություններում պիտի հաղթի արժանի եւ ժողովրդի ընտրած մարդը: Դա է այն գլխավորը, ինչով ես կզբաղվեմ»:
Չնայած այդ հայտարարությանը` գրեթե գերմանական ճշգրտությամբ ժամը 18-ին «Վարդերի» հրապարակում հայտնվեց Պատարկացիշվիլին: Ողջունելով վրացիներին, որ հրապարակում «Բադրի» էին վանկարկում (ինչպես ժամանակին նույն կերպ ողջունում էին Վրաստանի առաջին նախագահին կամ էլ վարդյա հեղափոխության ժամանակ` ներկայիս նախագահին), Պատարկացիշվիլին հայտարարեց, թե ոչ մի հավակնություն չունի, բացի Վրաստանի քաղաքացի, վրացի, շարքային զինվոր լինելուց:
Պատարկացիշվիլու հեռանալուց հետո հանրահավաքի մասնակիցներին տեղեկացրին, որ իշխանությունները համաձայնել են երկխոսության եւ ժամը 19-ին տեղի կունենա հանդիպում խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ: Հանդիպման մեկնեց յոթ հոգուց բաղկացած պատվիրակություն, որի կազմում էին ԱԳ նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, Կոբա Դավիթաշվիլին, Թինաթին Խիդաշվիլին եւ այլք:
Նինո Բուրջանաձեի հետ հանդիպումը տեղի ունեցավ` ակնհայտորեն հիասթափություն պատճառելով ընդդիմության պատվիրակներին: Վերջիններս հենց խորհրդարանի շենքում հանդիպումից հետո հայտարարեցին, որ Բուրջանաձեն միայն կփոխանցի իրենց պահանջները նախագահ Սաակաշվիլուն:
Բուրջանաձեն ինքը հայտարարեց, թե չի հասկանում ընդդիմության ցանկությունըՙ որեւէ գնահատական լսել հենց Սաակաշվիլուց, ավելին, ըստ խորհրդարանի նախագահի կարծիքի, վրաց բնակչության համար կարեւոր չէ, թե երբ, օրինակ, կանցնեն ընտրությունները: Հեղափոխության սեփական փորձն ունեցող Բուրջանաձեն ընդգծեց, որ ամենամեծաթիվ ակցիան անգամ պահանջներ կատարելու հիմք չէ: Ամենայն հավանականությամբ, Բուրջանաձեն այդ հանդիպմամբ կարողացավ վերացնել ընդդիմության վերջնագրով դրված ժամկետը, իսկ որոշում կայացնելու ժամանակը մնաց Սաակաշվիլու տնօրինությանը:
Համենայնդեպս, բազմության մի մասը մնաց հրապարակում, «նարնջագույն» հեղափոխությունը կրկնելու հույսով: