«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2007-11-01 | #201, 2007-11-02 | #202, 2007-11-03


ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՋԱԿՑԻ ՓԱՍՏԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԳՐԱՎՈՐ ԴԻՄՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ

Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում էր երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով, որի ընթացքում կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղեկցությամբ ծանոթացավ բուհի հիմնանորոգված մասնաշենքի, ժամանակակից տեխնիկայով զինված կաթսայատան հնարավորություններին եւ մասնակցեց բուհի գիտխորհրդի խորհրդակցությանը: Համատեղ քննարկվել են կրթօջախին առնչվող խնդիրներ, որոնցից կարեւորագույնը, ԵՊԲՀ ռեկտոր Գոհար Քյալյանի հավաստմամբ, տարածքային հարցն է: Բժշկական համալսարանին մերձակա տարածքը համալսարանական քաղաք է: Սակայն այնտեղ գտնվող որոշ շենքեր ու շինություններ 1995-96 թվականներին կամ մասնակի սեփականաշնորհվել են, կամ փոխանցվել այլ հիմնարկների:

Վիճակը շտկելուՙ կրկին նախկինում ունեցած տարածքների տերը դառնալու համար բուհի ղեկավարությունը նախագահի աջակցությունն է խնդրել, նպատակ ունենալով լիովին վերականգնել համալսարանական քաղաքը: Բժշկական համալսարանի ղեկավարությունը վստահեցրել է, որ ներկայումս ունի հաստատությանը նախկինում պատկանող շենքերի եւ շինությունների դիմաց փոխհատուցմամբ դրանք իրենց հաշվեկշիռ վերադարձնելու բոլոր հնարավորությունները: Այդ հնարավորության իրականացումն անհրաժեշտ է կրթօջախի զարգացման ու եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխան կրթական համալիր ունենալու համար: Հանրապետության նախագահը խոստացել է առաջարկությունը վերլուծելուց հետո ընթացք տալ բուհի ղեկավարության խնդրանքին, նաեւ գրավոր բոլոր հիմնավորումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը ստանալն է կարեւորել:

Ինչպես փոխանցեց նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, Ռոբերտ Քոչարյանը տպավորված է բժշկական համալսարանի հիմնանորոգված մասնաշենքի եւ նոր կաթսայատան հնարավորություններից: Առաջինը եւ ոչ միջնորդավորված նախագահի տպավորությունները հասու են դարձել Երեւանի քաղաքապետին եւ էներգետիկայի նախարարին, որոնց հետ զրույցում նախագահը կարծիք է հայտնել, որ կատարվածը ուսանելի փորձ է եւ կիրառելի ոչ միայն այլ ուսումնական հաստատություններում, այլեւ տարբեր հիմնարկներում: Իսկ կիրառելին գերժամանակակից կաթսայատունն է, որն աշխատում է գազով, արտադրում էլեկտրաէներգիա: Այն բավարարում է կրթօջախի կարիքները, ավելին` հնարավորություն է տալիս որոշ քանակությամբ էլեկտրաէներգիա վաճառել էներգացանցերին: Կաթսայատունը հնարավորություն է տալիս ձմռան համար ապահովվող ջերմությունը ամռանը վերածել օդափոխիչ-զովացուցիչ համակարգի: Ներկայացվածը, բուհի ռեկտոր Գոհար Քյալյանի հավաստմամբ, առաջընթաց քայլերի մի մասն է ընդամենը: Իսկ բուհի զարգացման եւ միջազգային մակարդակում մրցունակ մասնագետներ պատրաստելու համար հաստատության ղեկավարությունը նպատակ ունի վերականգնել համալսարանական քաղաքը, որը նույնպես պետք է համապատասխանի բարձր չափանիշներին:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4