Երեւանի տարբեր բուհերի առաջ միակերպ (հագուստով, խոսքով, շարժուձեւով) իրար գլխի հավաքված երիտասարդ տղաների կուտակումները սովորական բաներ են: Անցորդները գիտեն, որ նրանցից, այնուամենայնիվ, զգուշանալ պետք է: Սովորաբար դրանք «հաշիվ մաքրելու» հայկական տարբերակներ են, որոնք հիմնականում հայհոյախառը ծեծկռտուքներով են ավարտվում: Բայց այն, ինչ երեկ պետհամալսարանի Աբովյան փողոցի «սեւ» մասնաշենքի դռների մոտ կատարվեցՙ սարսափելի էր, վայրագության աննկարագրելի երեւույթ: 18-20 տարեկան սեւազգեստ տղաների հսկայական ծավալի շուրջկալը արդեն չարագուշակ էր թվում առաջին իսկ հայացքից:
Հանկարծ շուրջկալածների 30-ից ավելի խումբը վայրագաբար հարձակվեց իրենց մեջ կանգնածներից մեկիՙ «դատապարտյալի» վրա ու բոլորը մեկ մարդու պես ոտքերով անխնա սկսեցին հարվածել գետնին տապալվածին: Ոհմակային մտածողությամբ այս տղաները պետք է ենթադրել, որ համալսարանի ուսանողներից են (այս շենքում տեղակայված են պատմության, տնտեսագիտության եւ աստվածաբանության ֆակուլտետները): Ահավասիկ, դատաստան տեսնելու բնազդային, կենդանական, վայրենի մեթոդ, այն էլՙ փողոցում, բոլորի աչքի առաջ: Եվ ոչ մի անցորդ չարձագանքեց, որեւէ միջամտություն չեղավ, օրենքի որեւէ «պահապան» մոտ չեկավ: Անտարբերությո՞ւն է, թե՞ վախ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ