«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2007-11-01 | #201, 2007-11-02 | #202, 2007-11-03


ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԻԳՈՐ ՄՈԻՍԵԵՎԸ

Մոսկվայում 101 տարեկան հասակում մահացել է ՌԴ ժողովրդական պարի պետական ակադեմիական անսամբլի հիմնադիր եւ ղեկավար Իգոր Ալեքսանդրովիչ Մոիսեեւը:

Իգոր Մոիսեեւը ծնվել էր Կիեւում 1906-ին: 1920-ականների առաջին կեսին նա Մոսկվայում պար էր ուսանել մասնավոր ստուդիայում եւ պարարվեստի տեխնիկումում: 1924-ին նրան ընդգրկել էին Մեծ թատրոնի հաստիքակազմում: 1930-ից աշխատել էր որպես բալետմայստեր: Մեծ թատրոնում մասնակցել էր «Ֆուտբոլիստ», «Կարմիր կակաչ», «Երեք հաստլիկներ», «Սալամբո» ներկայացումների բեմադրություններին:

Մոիսեեւը ժողովրդական պարի անսամբլը հիմնել էր 1937-ին: Այդ համույթի հետ պարուսույցը հաջողությամբ շրջագայել էր աշխարհի բազմաթիվ երկրներում: Անսամբլի նշանավոր ներկայացումներից էին «ԽՍՀՄ ժողովուրդների պարերը», «Սլավոնական ժողովուրդների պարերը», «Պարտիզանները», «Խաղաղությունն ու բարեկամությունը», «Պոլովեցյան պարերը» (ըստ Բորոդինի երաժշտության), «Լիսայա լեռան գիշերը» (Մուսորգսկի), «Հունական պարերի շարքը» (Թեոդորակիս):

1930-ականներին Մոիսեեւը հայտնի էր նաեւ որպես Կարմիր հրապարակի ֆիզկուլտուրային շքերթների բեմադրիչ:

Իգոր Մոիսեեւը Ստալինյան երեք մրցանակի, Լենինյան մրցանակի, ԽՍՀՄ եւ ՌԴ պետմրցանակների, Լենինի շքանշանի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանի դափնեկիր էր:

ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4