«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2007-11-02 | #202, 2007-11-03 | #203, 2007-11-06


«ԳՈՒՆԱՎՈՐ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Վրացական ընդդիմությունը հացադուլ է սկսում

Դեռեւս շաբաթ օրը` նոյեմբերի 3-ի երեկոյան, հերթական վերջնաժամկետի ավարտին վրաց ընդդիմությունն, ըստ էության, զուտ քաղաքական պահանջներից առաջ խմբագրեց եւս մեկը` երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրաժարականը: Այլեւս խորհրդարանական Վրաստան ունենալու նպատակով հիմնավորված աննախագահ հեռանկարի պահանջը վերաձեւակերպվեց որպես Սաակաշվիլու հրաժարական:

Ընդ որում, Ռուսթավելու փողոցում հավաքված մարդիկ նախագահի հրաժարականն էին պահանջում օսերեն վանկարկելով «հեռացիր»` ի նմանություն հենց Սաակաշվիլու հեղինակած Հարավային Օսիայի ներկա իշխանությունների հրաժարականը պահանջող տեսահոլովակի:

Առավել հետաքրքրական է, որ այսօր դեռեւս նոյեմբերի 2-ին սկսված ցույցը շարունակող մարդկանց տասը հազարանոց խմբերը սպասում են, որ հանրահավաքին կմասնակցի պաշտպանության նախկին նախարար, ներկայումս ընդդիմադիրների պնդմամբ երկրից բռնի հեռացված Իրակլի Օկրուաշվիլին: Միեւնույն ժամանակ, ոչ մեկը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում այդ տեղեկությունները:

Ամեն դեպքում, ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը մինչ երեկ ուշ երեկոյան դեռեւս մնում էր իշխանական կողմից միայն խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի կատարման հույսին այն ժամանակ, երբ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, ավելի շուտ, իշխանական կուսակցության «գաղափարախոս» Գիգա Բոկերիան բացառեց երկխոսությունը:

Նախագահ Սաակաշվիլին էլ նոյեմբերի 4-ին հեռուստաեթերից հայտարարեց, թե ընդդիմությունը կիրառում է դեռեւս Ռուսաստանում Բորիս Ելցինի դեմ օգտագործված ստի տեխնոլոգիաները` «անտաղանդ փորձ անելով կրկնել վարդերի հեղափոխությունը»: Ինչ վերաբերում է մյուս տարի անցկացվելիք ընտրություններին, ապա այդ առնչությամբ Սաակաշվիլին հստակ հայտարարել է, որ պատրաստվում է երկրորդ անգամ երդում տալ որպես երկրի նախագահ:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը ֆինանսավորող օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլուն, ապա հենց նրա մասնակցության հետեւանքով իշխանությունները հանրահավաքը որակում են որպես ռուսական սադրանք: Մինչդեռ ընդդիմությունն, իր հերթին, իշխանություններին սադրանքի մեղադրանք հասցեագրեց, երբ խորհրդարանի առջեւ տեղի ունեցող հանրահավաքի մի շարք մասնակիցների մոտ թունավորման դրսեւորումներ ի հայտ եկան:

Ավելի ուշ երկրի առողջապահության նախարարն ուղղակի հայտարարեց, թե դա թունավորում չէ, այլ ուղղակի հարբածություն: Իսկ քիչ ավելի ուշ իշխանական թեւն ինքն իրեն հակասեց, հայտարարելով, որ ձերբակալվել է թունավորման մեջ մեղադրվող անձը` ի դեմս Վրաստանի նավիգացիոն ծառայության հսկիչ ծառայության աշխատակիցներից մեկի:

Ինչեւէ, երեկ արդեն հանրահավաքի որոշ մասնակիցներ հացադուլ հայտարարեցին, մյուսներն էլ, ինչպես ասում են, կենդանի օղակի մեջ առան Վրաստանի խորհրդարանի եւ նախագահական նստավայրի շենքերը: Ընդ որում, որքան էլ տարօրինակ է, վրաց ընդդիմադիրների գործողությունները դժվար է որակել այլ կերպ, քան քաղաքացիական անհնազանդություն` խորհրդարանի առաջ ցույցին գումարելով նաեւ սահմանադրական փոփոխություններ անցկացնելու առաջարկության օգտին հենց խորհրդարանում անցկացվող ստորագրահավաքը:

Հիշեցնենք, որ վրաց խորհրդարանում չորս ընդդիմադիր խմբակցություն կա, ճիշտ այնքան, որքան իշխանական:

Իսկ վրաց իրականության ակտիվ գործողություններում յուրօրինակ դերակատար դարձած լրատվամիջոցների կապակցությամբ նշենք, որ այս «հեղափոխության» դրոշակակիր է դարձել ընդդիմությանը ֆինանսավորող Բադրի Պատարկացիշվիլու «Իմեդի» հեռուստաընկերությունը` ի նմանություն վարդերի հեղափոխության ժամանակ կարեւորագույն դերակատարում ունեցած «Ռուսթավի-2» հեռուստաընկերության:

Ու թերեւս լրատվամիջոցների օգտագործման հետաքրքրական պրակտիկա ունեցող ներկայիս վրացական իշխանությունների համար անկարեւոր չէր կարող լինել «Իմեդիի» ուղիղ եթերով տարածվող հանրահավաքը, քանի որ ինչպես նոյեմբերի 2-ին, այնպես էլ հաջորդած շաբաթ եւ կիրակի օրերին հեռուստաընկերության եթերը պարբերաբար տեխնիկական խնդիրներ էր ունենում, ինտերնետով շատ երկրներից անհնար էր դարձել դիտել «Իմեդիի» օնլայն տարբերակը, անգամ Թբիլիսիի ու այլ տարածաշրջաններում բնակավայրերն ուղղակի հոսանքազրկվում էին:

Իսկ ինչ վերաբերում է «նարնջագույն» հեղափոխության նմանակմանը, ապա այս հարցում էլ արտառոց խոչընդոտներ ի հայտ եկան: Որոշ տեղերից նոյեմբերի 3-ին «անհետացան» ցույցի մասնակիցների համար սննդամթերք մատակարարող մեքենաները, անգամ ժամանակ առ ժամանակ հոսանքազրկվեց Թբիլիսիի մետրոն, որն, ըստ էության, հանրահավաքի այս օրերին միակ տրանսպորտային միջոցն է կենտրոնական փողոցներում տեղաշարժվելու համար:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4