«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2007-11-02 | #202, 2007-11-03 | #203, 2007-11-06


«ՊԱՇՏՊԱՆԵԼՈՎ ԳԱԼԱ-ԻՆ` ԿՊԱՇՏՊԱՆԵՆՔ ԲՈԼՈՐԻՍ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԱՍՈՒԼԻՍ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲՈՒՄ

Խոսքի ազատությունը եւ մարդկանց ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքը անկախ Հայաստանի կարեւորագույն ձեռքբերումներից են, եւ հասարակությունը պետք է տեր կանգնի դրանց, ինչպես եւ իր մյուս արժեքներին: Այս համատեքստում երեկ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսում «Քաղաքական մշակույթի եւ համաձայնությունների զարգացման «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ԱԺՄ Գյումրու տարածքային կազմակերպության պատասխանատու Վահան Թումասյանը ներկայացրեց քայլերի ու գործողությունների մի շարք, որ ինքը եւ մի խումբ համախոհներ առաջարկում են իրականացնել ի պաշտպանություն Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության եւ տեղեկատվության ազատության: Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին ԳԱԼԱ-ն («Գյումրու անկախ լրատվական ալիք») համապատասխան պետական ծառայության ակտիվ հարկային ստուգումներին է ենթարկվում այն բանից հետո, երբ «համարձակվել էր» հեռարձակել Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն ամբողջությամբ:

Նկատի ունենալով, որ նաեւ գովազդատուներին «խլելով» են ուզում վնասել ԳԱԼԱ-ին, Վ. Թումասյանը նշեց, թե որպես առաջին քայլ պետք է սկսել ԳԱԼԱ-ով ու հնարավորության դեպքում` մարզային մյուս ՀԸ-ներով ԳԱԼԱ-ն պաշտպանող սոցիալական գովազդների հեռարձակումով (օր.ՙ «Ձեռքերդ հեռու ԳԱԼԱ-ից», «Իսկ դուք պատվիրե՞լ եք գովազդ ԳԱԼԱ-ի եթերում»): Այս գովազդների պատվիրատուներն ու ֆինանսավորողները պետք է լինեն քաղաքացիական հասարակության կառույցները, նրանց աջակցել ցանկացող գործարարները, յուրաքանչյուր մտահոգ գյումրեցի ու շիրակցի: Որպես հնարավոր աջակցության տարբերակներ առաջարկվեցին մարզում գործող մյուս հեռուստատեսությունների եթերում «Ոչ գովազդային բլոկադային» արտահայտությամբ պատկերների ցուցադրումը, համաքաղաքացիների կողմից առաջիկայում միայն այն խանութների, բանկերի եւ այլ օբյեկտների ծառայություններից օգտվելը, որոնք չեն վախենում գովազդ պատվիրել ԳԱԼԱ-ի եթերում:

Այլ հնարավոր քայլերից նշվեցին ՀՀ իշխանություններին ուղղված` հեռուստաընկերության նկատմամբ բազմաբնույթ ճնշումներն անհապաղ դադարեցնելու եւ տեղեկատվություն ստանալու քաղաքացիներիս սահմանադրական իրավունքը հարգելու պահանջով արդեն սկսված ստորագրահավաքը, ըստ անհրաժեշտության կլոր սեղան-քննարկումների, հանրահավաքի ու երթի անցկացման նախապատրաստումը, միջազգային կազմակերպություններին ու ՀՀ-ում գործող դեսպանություններին դիմելը եւ այլն:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4