«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2007-11-02 | #202, 2007-11-03 | #203, 2007-11-06


ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎՍ ԽՈԶԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿ Է ԳՐԱՆՑՎԵԼ

«Աֆրիկյան ժանտախտը» հասել է նաեւ Ղարաբաղ: ԼՂՀ գյուղնախարարության անասնաբուժական ծառայության տեսչության պետ Տիգրան Սարգսյանը նախանցյալ օրը ելույթ ունենալով Արցախի հանրային հեռուստատեսությամբ, հաստատել է հանրապետությունում խոզերի զանգվածային հիվանդությունների փաստը: Նա կոչ է արել բնակչությանը` հիվանդ կամ պայմանական առողջ խոզերին չմորթել, այլ անարյուն սպանդի ենթարկել` իրազեկելով տեղի իշխանություններին կամ անասնաբուժական ծառայությանը:

Տեսչության պետի խոսքով` «աֆրիկյան ժանտախտի» դեպքեր են արձանագրվել նաեւ վայրի խոզերի մեջ: Դրա մի բացասական հետեւանքն այն է, որ աշնան այս ժամանակաշրջանում գյուղացիներին պատկանող մեծ թվով խոզեր գտնվում են անտառներում, եւ մեծ է վայրի խոզերից նրանց վարակվելու վտանգը:

Անկված խոզերի ստույգ թիվը պարզել հնարավոր չէ, քանզի շատ մենատնտեսներ, երեւի թե հարկ չտալու նպատակով, խուսափում են պատկան մարմիններին ներկայացնել անասնագլխաքանակի իրական թիվը: Պաշտոնական տվյալներով, միայն Մարտակերտի եւ Ասկերանի շրջաններում անկված խոզերի քանակը հասնում է շուրջ 3000-ի:

Գյուղացիները համաճարակի հետեւանքով սատկած խոզերի համար պետությունից փոխհատուցում ստանալու հույսեր փափագում են, սակայն ինչպես իր հեռուստաելույթում նշել է գյուղնախարարության անասնաբուժական ծառայության տեսչության պետը` այդ հարցն առայժմ քննարկման փուլում է:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4