«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2007-11-02 | #202, 2007-11-03 | #203, 2007-11-06


ԻՆՉՈ՞Ւ «ԲՈԳԴԱՆՆԵՐԸ» ԿՐԿԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ ԴՈՒՐՍ ՉԵԿԱՆ

Վարորդներն աշխատանքային պայմանագրեր կկնքեն մասնավոր ՍՊԸ-ների հետ

«Բոգդան» ավտոբուսները երեկ նույնպես, ինչպես եւ ուրբաթ օրը, չերեւացին մայրաքաղաքի փողոցներում: Ավտոբուսների վարորդները, ինչպես եւ ուրբաթ օրը, երթուղիներ դուրս չէին եկել: Հիշեցնենք, որ նրանք դժգոհում էին կառավարության այն որոշումից, համաձայն որի, Երեւանի քաղաքապետարանի «Ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող ավտոբուսները տրամադրվելու էին միկրոավտոբուսային երթուղիներ շահագործող ընկերություններին կամ ինչպես ընդունված է ասելՙ գծատերերին: Վարորդներն այն մտահոգությունն ունեին, որ գծատերերի մոտ աշխատելով, իրենց աշխատանքային պայմանները կվատթարանայինՙ կաշխատեին ավելի շատ, կվարձատրվեին ավելի քիչ եւ ավտոբուսների շահագործման ժամանակ առաջացած բոլոր խնդիրների պատասխանատվությունը կբարդվեր իրենց վրա: Ինչպես տեղեկացրել էինք, իրենց մտահոգությունները վարորդները հայտնեցին վարչապետ Սերժ Սարգսյանին եւ հավաստիացում ստացան, որ իրենց աշխատանքային պայմանները չեն վատանա: Դրանից հետո, նույն օրը, ավտոբուսները դուրս եկան երթուղիներ: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, ավտոբուսները երեկ դարձյալ պարապուրդի էին մատնվել: Ի՞նչն էր պատճառը, որ երեւանցիները երեկ, ինչպես տարիներ առաջ, մնացել էին բացառապես միկրոավտոբուսների հույսին, արդյոք նրանց չէ՞ր բավարարել վարչապետի խոստումը:

Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի «Երեւանտրանս» ընկերության տնօրեն Կարեն Եդիգարյանից, երեկ վարորդների հետ հանդիպում է ունեցել քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Նա եւս հավաստիացրել է վարորդներին, որ աշխատանքային պայմանները չեն վատանա, առաջարկել է, որ այն աշխատանքային պայմանագիրը, որ վարորդներն ունեն «Ավտոբուս» ՓԲԸ-ի հետ, վերակնքել մասնավոր ՍՊԸ-ների հետ: Կարեն Եդիգարյանը հայտնեց, որ քաղաքապետն առաջարկել էր վարորդներին նոր առաջարկներ ներկայացնել աշխատանքային պայմանագրում ներառելու համար: Հանդիպման ժամանակ, սակայն, Կարեն Եդիգարյանի տեղեկացմամբ, վարորդները հանդես են եկել նոր առաջարկովՙ «Ավտոբուս» ՓԲԸ-ն սեփականաշնորհել իրենց, որը բնականաբար մերժվել է: Ի վերջո կողմերը պայմանավորվել են վերակնքել աշխատանքային պայմանագրերը նույն բովանդակությամբ, ինչ կնքված էին «Ավտոբուս» ՓԲԸ հետ, վերջինիս փոխարեն նշելով երթուղիները շահագործող ՍՊԸ-ների անունները: Այսօր արդեն այդ պայմանագրերը պետք է նոտարական վավերացում ստանային:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4