«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2007-11-02 | #202, 2007-11-03 | #203, 2007-11-06


«ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՑԱ, ՈՐՊԵՍԶԻ ՇԱՐՈՒՆԱԿԵՄ ՍԻՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

Արտո Չաքմաքչյանի արվեստը առհասարակ դուրս է ժամանակի որոշակիությունից, պայմանական ժամանակի պարտադրած մտածողական կաղապարներից: Արտիստիկ կերպար, որի ներքին կյանքը մտածողական «եռաչափ» մոդելի մեջ տեղադրել եւ ըստ այդու մեկնաբանություն անել, պարզապես անհնար է, որովհետեւ ճիշտ չի լինի: Արտաքուստ մեղմ, բարեկիրթ, ժպտուն, իրականում իր ներքին մարդու կերպարը անդրդվելիորեն անհաշտ է կեցվածքային որեւէ կերպի, երկդիմության հետ: Իր հմայքը պարզության, անկեղծության մեջ է, իր արվեստի ուժը ազատ մտածողության եւ դրանից դուրս որեւէ բանի տուրք չտալու, ինքն իրեն հավատարիմ մնալու մեջ է: Լեւոն Ներսիսյանին հիշեցի, երբ դասախոսություններից մեկի ժամանակ ասաց, որ «կարելի է դավաճանել կնոջը, ընկերոջը, նույնիսկ հայրենիքը, բայց երբեք ինքդ քեզ». ամենադժվարը, ինչպես յուրաքանչյուր մեկն իր կյանքում կհամոզվի, եթե խորհելու, սեփական հետագիծը տեսնելու ունակ է: Իմ համոզմամբ, այդպիսի արվեստագետ է Արտո Չաքմաքչյանը. իր որոնածը արվեստում ու կյանքում անկեղծիք իրականությունն է, շիտակ, թափանցիկ, ազատ: Արձանագործն այժմ ապրում է Մոնրեալում: Նա Հայաստանից մեկնեց 1975-ին, 2004-ից ամեն տարի Հայաստան է գալիսՙ իր խոսքերով հոգեկան ուժ ստանալու, ու միշտ այսպես է ասում. «Հեռացա Հայաստանից, որպեսզի շարունակեմ սիրել Հայաստանը»: Պարադոքս է, չէ՞: Սակայն դա է մեր իրականությունը. սահմանափակ, միակերպ մտածողությունից դուրս նորը, անսովորը, հատկապես տաղանդավորը չհանդուրժելու բարդույթով:

Թեքեյան մշակութային միությունը բարեբախտորեն այսօրվա հայկական իրականության մեջ այն եզակիներից է, որ մշակութային ինքնության դերի ու նշանակության գիտակցումն ունի ժողովրդի լինելիության, նրա գոյատեւման խնդրում: Եվ արդեն տարիների մրցանակաբաշխության իր ավանդույթները բարեբախտորեն սնվում են ազգային եւ գեղագիտական ճշմարիտ սկզբունքներից, եւ գնահատվում են արվեստագետներ իրենց տաղանդի եւ վաստակի հանգույն: 2006-ի ԹՄՄ ամենամյա մրցանակաբաշխության քանդակագործության անվանակարգում մրցանակակիրները երկուսն էինՙ Սամվել Ղազարյանը «Երաժիշտները» եւ Արտո Չաքմաքչյանը «Քայլող մարդը» ստեղծագործությունների համար: Այս մրցանակը սահմանել են Բաբկեն եւ Անահիտ Մկրյաններ ամուսիններըՙ Ֆիլադելֆիայից: ԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանի գնահատող խոսքից, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանի օրհնանքից հետո մրցանակը եւ պատվո հուշատախտակը Արտո Չաքմաքչյանին հանձնեց մրցութային հանձնաժողովի նախագահ Հրավարդ Հակոբյանը:

Քայլող մարդու քանդակային գաղափարն արվեստում մարմնավորել են երկու-երեք արձանագործներՙ Օ. Ռոդենը, Ա. Ջակոմետտին: Արտո Չաքմաքչյանի քայլող մարդը XX դարի բարդ իրավիճակների ծնունդ բանական էակն էՙ մտահոգությունների հսկա բեռի տակ: Շարժման գաղափարը արդեն այլընտրանքային, այլամտածության արտահայտություն է, սա մի ստատիկ, քարացած վիճակ չէ, այլ մտածողական ընթացք, որովհետեւ արձանագործի համար առաջընթաց քայլը խորհրդանշորեն մարմնավորելու է պատվանդանիՙ շեշտված առաջ մղված դիրքով, իբրեւ նախապատրաստություն հետագա շարժման: Գրականագետ Յուրի Խաչատրյանը արձանի գաղափարը զուգահեռեց դարերի միջով քայլող մեր ժողովրդի հավաքականությանը, կամ ժամանակի միջով անցնող Անցորդի կերպարին: «Դրա մեջ մեր ժողովրդի քայլի, գոյատեւելու հավաքական իմաստը կա, հրաշալի է գտնված կերպարն իբրեւ մեր երկրի անկախության այս վիճակների խորհրդանիշ»:

Կառավարական որոշմամբ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» (3 մետր բարձրությամբ) տեղադրվելու է Երեւանի նորակառույց Հյուսիսային պողոտայում: Որքան էլ տրտնջում-բողոքում ենք, այս պողոտան փաստորեն մեր կյանքի նորօրյա առաջընթացի վկայություններից մեկն է համարվում եւ իր մեջ «կրելու» է տաղանդավոր քանդակագործի փիլիսոփայական գաղափարի մարմնավորման այս աշխատանքը: Արձանը, անշուշտ, մեկնաբանությունների այլ ենթատեքստ նույնպես ունի, ասենք, որպես հսկա քայլերով ընթացող, գլուխը կորցրած, կամ անգլուխ մեկը:

1933-ին Եգիպտոսում ծնված Արտո Չաքմաքչյանը հայրենադարձվեց Հայաստան 1948-ին: Կրթություն ստացավ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ապա գեղարվեստի ինստիտուտում, սակայն ճշմարիտ ուսումնառություն ձեռք բերեց Հայաստանի տարբեր շրջաններում շրջելիս, եկեղեցիների, հնավայրերի ճարտարապետությունը, բարձրաքանդակները տարիներ շարունակ լուրջ, մանրազնին ուսումնասիրելու շնորհիվ: «Նրա արվեստի բազմաթիվ սկզբունքները, նախահիմքերը պետք է որոնել ոչ թե եվրոպական նկարչության, այլ հայ հնագույն քանդակի մեջ: Առաջին նշանակալի գիծը իր ստեղծագործության, քանդակը նատուրալիզմից ազատելն է: Իր արվեստի մեջ ի սկզբանե երկու գիծ կա, դրանցից մեկը ազգային թեման էր ընդգծված ձեւով, նա տասնյակ մտահղացումներ իրականացրել է միայն Կոմիտասի, Նարեկացու կերպարների միջոցով: Նարեկացին իր համար պարզապես «Մատյանի» հեղինակ չէ, այլ հայկական ոգու ամենաբարձր դրսեւորումներից մեկը, Կոմիտասն իբրեւ հայ ժողովրդի եւ հայկական ճակատագրի մարմնացում: Այնպես որ դրանք թեմայի սոսկական պատկերում չէին, այլ ընթացք դեպի հոգին»:

Յուրի Խաչատրյանը համառոտ ուրվագծերով ներկայացրեց արվեստագետի բարդ ներաշխարհն ու նրա ստեղծագործական կյանքի հիմնական հանգրվանները: Երբ 1962-ին լույս է տեսնում արվեստաբան Վիլհելմ Մաթեւոսյանի հոդվածը Արտո Չաքմաքչյանի մասին, եւ որը թարգմանաբար տպագրվում է իտալական հանդեսներից մեկում, սկիզբ են առնում սովետական ծանոթ հալածանքներն արվեստագետի նկատմամբ, հիմնականում ֆորմալիզմին տուրք տալու մեղադրանքով, որոնք ստանում են նաեւ վայրագ դրսեւորումներ (ինչպես Մերգելյանի դիմացի այգում տեղադրված «Կոմիտասի» քանդակի ջարդուփշուր անելն ու կտորները իր արվեստանոցի դռան առաջ գցելը): Սակայն նա շարունակում է գեղագիտական իր հավատամքները եւ ահա «Հերոսիմա» գործը Ճապոնիայում շատ բարձր է գնահատվում, որտեղից քանդակագործը նաեւ այցի հրավեր է ստանում, սակայն հասկանալի պատճառներով չի մեկնում: Սովետական համասեռ մտածողության պայմաններում Արտո Չաքմաքչյանի նման արվեստագետը այլընտրանք չուներ, եթե ոչ հեռանալ երկրից: Նրա բնակության վայրը ներկայում, ինչպես նշվեց, Մոնրեալն է: Հայ արձանագործը անդամ է Կանադայի Գեղեցիկ արվեստների արքայական ակադեմիայի: Հայաստանից բացակայության այս տարիները նրան հռչակ ու ճանաչում բերեցին: Հայտնի շատ արվեստագետների, մտավորականների Չաքմաքչյանական արտահայտությունների քանդակային կերպարները տեղադրված են աշխարհի նշանավոր շատ քաղաքներում:

Իր շնորհակալական խոսքում Արտո Չաքմաքչյանը Կանադայում սկզբնական շրջանի դժվարությունները անկարեւոր համարելով, ասաց, որ իր միակ նպատակն այդ տարիներին Հայաստանից հեռանալու արդարացումն է եղել: Եվ, հիրավի, իր խճղի ու սկզբունքի հանդեպ պատասխանատու արվեստագետը լիուլի արդարացրել է իրեն: Դա ոչ միայն իր արվեստի միջազգային ճանաչման փաստով, այլեւ Հայաստանի հանդեպ իր որդիական վերաբերմունքով: Արդեն քանի տարի Հայաստան այցի գալովՙ նա միեւնույն ցանկությունն է հայտնումՙ հնարավորություն տալ ստեղծելու ժամանակակից արվեստի կենտրոն, որի սրահներից մեկում էլ երազում է մեկտեղել Հայաստանին նվիրաբերվելիք իր շուրջ 100 քանդակներն ու 500 նկարները:

«Առաջինը որ այստեղ նկատեցի, ոչ թե կաֆեների առատությունն էր, այլ մտածող մարդկանց այն միջավայրը, ովքեր մտահոգված են մեր ապագայով, եւ հենց նրանք առիթ տվեցին, որպեսզի ծնվի մտազբաղ քայլող մարդու գաղափարը: Ես տեսնում եմ Երեւանի արձանների մեծ մասը կամ կանգնած է, կամ նստած: Մինչդեռ դինամիկա է պետք, լարվածություն: Արձանները քաղաքում առաջին հերթին դաստիարակիչ նշանակություն ունեն: Հոգ չէ, որ ժողովուրդը ամբողջովին չընդունի դրանք, որոշ ժամանակ անց կսկսի ընտելանալ այդ էլեմենտներին»:

Քանդակագործությունը վաղուց անցել է նատուրալ վերարտադրության, ըստ որում հանճարեղ դրսեւորումների ճանապարհը, XX դարի արվեստը գաղափարների վերամարմնավորման արտահայտությունների բազում ձեւեր է հայտնաբերել ու ստեղծել: Կանադայում իր դասավանդման բազմամյա փորձը հայ երիտասարդներին փոխանցելու ցանկությունը քանդակագործը կապում է արդի արվեստի կենտրոնի մտահղացման իրագործման հետ:

Արտո Չաքմաքչյանի արձանագործությունը խորքում որքան էլՙ ազգային դրոշմով, իրականում համամարդկային արժեքներ կրող արվեստ է, դրանք իր հոգեւոր ապրումների, ներքին ճշմարտությունների նյութեղեն թարգմանություններ են: Եւ դա ճշմարիտ է, որովհետեւ իրապես անկեղծ է:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4