Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին երեք տուրերում վերելքով խաղալով, Հայաստանի հավաքականներն ընդգրկվեցին առաջատարների շարքը եւ լավ հնարավորություն ստացան պայքարելու մրցանակային տեղերի համար:
Տղամարդկանց հավաքականը 6-րդ տուրում 2,5-1,5 հաշվով հաղթեց հունգարացիներին: Մեր թիմի հաղթանակը, ինչպես եւ թուրքերի հետ նախորդ մրցախաղում, ապահովեց Վլադիմիր Հակոբյանը: Նա պարտության մատնեց Զոլթան Գիյմեսիին: Արոնյան-Ալմազի, Սարգսյան-Բերկեշ եւ Ասրյան-Ռուիս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հաջորդ տուրում մեր շախմատիստները նույնպիսի հաշվով առավելության հասան Սլովենիայի հավաքականի նկատմամբ: Այս անգամ միակ հաղթանակն իր օգտին գրանցեց Գաբրիել Սարգսյանըՙ պարտության մատնելով Մարկո Տրատարին: Արոնյան-Բելյավսկի, Հակոբյան-Պավասովիչ, Ասրյան-Լենիչ պարտիաներում մրցակիցները հաշտություն կնքեցին:
8-րդ տուրում մեծ հետաքրքրությամբ էր սպասվում մեր շախմատիստների մրցավեճն ադրբեջանցիների հետ, որոնք 10 (16) միավորով 5-րդ տեղում էին: Գրանցվեց մարտական ոչ-ոքի: Մեր շախմատիստներից հաղթեց Գաբրիել Սարգսյանըՙ պարտության մատնելով Վուգար Ղասիմովին: Ադրբեջանցիներից իր օգտին հաղթանակ գրանցեց Թեյմուր Ռաջաբովը Վլադիմիր Հակոբյանի հետ պարտիայում: Արոնյան-Մամեդյարով, Ասրյան-Մամեդով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Հայաստանի հավաքականը 12 միավորով (ընդհանուրըՙ 19) ընթանում է 2-րդ տեղում: Նույնքան միավոր է վաստակել նաեւ Իսրայելի հավաքականը: Իսկ չեմպիոնի տիտղոսը ժամկետից շուտ նվաճեց Ռուսաստանի ընտրանին, որը մինչ այդ շահել էր բոլոր 7 մրցախաղերը: Ռուսները հերթական հաղթանակները տարան Իսրայելի (3-1) եւ Ֆրանսիայի (2,5-1,5) ընտրանիների նկատմամբ ու ոչ-ոքի խաղացին իսպանացիների հետ: 8 տուրից հետո ռուսները վաստակեցին 15 միավոր (ընդհանուրըՙ 22,5)): Մրցանակային տեղերի բաշխման հարցում կարեւոր նշանակություն ուներ նաեւ Սլովենիա-Իսրայել մրցախաղի արդյունքը (1,5-2,5):
Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականն առավելության հասավ ռումինացիների (2,5-1,5), բուլղարացիների (3-1) ու լեհերի (2,5-1,5) նկատմամբ եւ այժմ 12 միավորով (ընդհանուրըՙ 19) 2-3-րդ տեղերն է բաժանում լեհերի հետ: Իսկ առջեւում ռուսներն ենՙ 14 միավոր (ընդհանուրըՙ 23), որոնք 3,5-0,5 հաշվով պարտության մատնեցին հոլանդացիներին:
Ռումինացիների հետ խաղում մեր թիմից հաղթեցին Լիլիթ Մկրտչյանն ու Նելլի Աղինյանըՙ պարտության մատնելով համապատասխանաբար Կարմեն Վոյչուին եւ Ալինա Մոտոցին: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Իզաբելա Պեպտանի հետ, իսկ ահա Սիրանուշ Անդրեասյանը պարտվեց Ժոզեֆինա Պաուլետին:
Բուլղարացիների հետ մրցախաղում Դանիելյանն ու Աղինյանը հաղթեցին համապատասխանաբար Անտոանետա Ստեֆանովային ու Մարիա Վելչեւային: Մկրտչյան-Վոյսկա, Անդրեասյան-Ռաեւա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Լեհաստանի հավաքականի հետ մրցախաղում մեր շախմատիստուհիներից միակ հաղթանակը տոնեց Լիլիթ Մկրտչյանըՙ պարտության մատնելով Իվետա Ռայլիխին: Մնացած պարտիաներումՙ Դանիելյան-Սոսկո, Աղինյան-Զավադսկա, Անդրեասյան-Դվորակովսկա, գրանցվեց ոչ-ոքի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ