«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2007-11-02 | #202, 2007-11-03 | #203, 2007-11-06


ՄԵՐ ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑԻՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Կիրակի օրը լեփ-լեցուն էր «Աշխատանք» մարզական միության մարզադահլիճը, որտեղ անցկացվեց Հայաստանի կիոկուշին կարատե-դոյի բաց առաջնությունը: Մրցասպարեզ էին դուրս եկել մոտ 300 մարզիկներ, որոնք ներկայացնում էին Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Արցախն ու Ղազախստանը: Մրցումներին մասնակցեցին 10-17 տարեկան պատանիներ ու աղջիկներ: Մրցանակակիրները որոշվեցին տարիքային հինգ խմբերում, քաշային 5 կարգում:

Մինչեւ 11 տարեկան պատանիների մրցավեճում թեթեւ քաշում հաղթող ճանաչվեց Դավիթ Կարապետյանըՙ հաղթելով Մհեր Հակոբյանին: Միջին քաշում Արմեն Գրիգորյանի նկատմամբ իր առավելությունը հաստատեց Արմեն Աբովյանը: Քաշային մյուս կարգերում էլ հայ կարատեիստները տոն տվեցին: Առաջին միջին քաշում ուժեղագույնը Գեւորգ Մանուկյանն էր, իսկ ծանր քաշայինների մրցավեճն ավարտվեց Սլավիկ Միկոյանի հաղթանակով:

12-13 տարեկանների թեթեւ քաշի հաղթողի կոչումը վիճարկեցին Սարգիս Հակոբյանն ու Նիկա Մախաուրին: Հաղթեց հայ պատանին: Միջին քաշում ուժեղագույնը Դանիել Ֆեդչենկոն էր, որն առավելության հասավ Հովհաննես Սարգսյանի նկատմամբ: Հաջորդ քաշերում չեմպիոնի տիտղոսին արժանացան Սերգեյ Մանուկյանը, Նարեկ Գաբրիելյանն ու Վլադիմիր Պոպովը: Աղջիկներից հաղթող դարձավ Անահիտ Սարգսյանըՙ պարտության մատնելով Ոսկեհատ Ասատրյանին:

14-15 տարեկանների մրցավեճում, ըստ քաշային կարգերի, լավագույններն էին Արտյոմ Սոլովյովը, Ժորա Կուբոյանը, Օթար Վարդոսանիձեն, Րաֆֆի Թորոսյանը: 16-17 տարեկանները մրցեցին քաշային երկու կարգում: Թեթեւ քաշում չեմպիոն դարձավ Սեւակ Հովհաննիսյանը, իսկ ծանր քաշում ուժեղագույնը ճանաչվեց Գրիշա Թորոսյանը:

Լավագույն տեխնիկայի ցուցադրման համար հատուկ մրցանակ ստացավ Դանիել Ֆեդչենկոն, իսկ հաղթանակի ձգտման համար նախատեսված մրցանակին արժանացավ Նահապետ Սուքիասյանը: Կատա մրցաձեւում լավագույնը Միկա Մախլաուրին էր:

Մրցումների ավարտից հետո խնդրեցինք արդյունքներն ամփոփել Հայաստանի կիոկուշին կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանին, որը հետեւյալը նշեց. «Նման խոշորամասշտաբ միջազգային մրցաշար առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, իսկ այս առաջնությունը 3-րդն է: Քաշային բոլոր կարգերում էլ համառ պայքար ընթացավ մրցանակային տեղերի համար: Հայաստանից մոտ 230 մարզիկներ մտան մրցասպարեզ: Հարկ է խոստովանել, որ նրանք գերազանցեցին սպասելիքները եւ շատ լավ հանդես եկան: Սա ուժերի հիանալի ստուգատես էր մեր կարատեիստների համար: Առաջնության արդյունքներով կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որին առջեւում լուրջ փորձություններ են սպասում: Դեկտեմբերի 15-16-ը մեր մարզիկները կմասնակցեն ՌԴ-ի բաց առաջնությանը, իսկ փետրվարին ուժերը կչափեն Իրանի բաց առաջնությունում»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4