«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2007-11-03 | #203, 2007-11-06 | #204, 2007-11-07


ԲՈՒՇ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԼԱՅՆ ԱՐՁԱԳԱՆՔ Է ԳՏԵԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Դրա, թերեւս, գլխավոր արդյունքը Հյուսիսային Իրաք ներխուժելու Թուրքիայի հնարավորությունների սահմանափակումն է

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Վերջին օրերին Թուրքիայի օրակարգի առաջնահերթ խնդիրը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումն էր: Երկրում ստեղծվել էր այն տպավորությունը, թե հանդիպման արդյունքներն են կանխորոշելու Հյուսիսային Իրաքում PKK-ի դեմ ռազմական գործողությունների իրականացումը: Այս հանգամանքը պատճառ էր դարձել, որ Բուշ-Էրդողան հանդիպումը հայտնվի նաեւ տարածաշրջանի եւ եվրոպական երկրների ուշադրության կենտրոնում:

Նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան Սպիտակ տանը նախագահ Բուշը ընդունել է վարչապետ Էրդողանին: Շուրջ 1,5 ժամ տեւողությամբ այս հանդիպմանը թուրքական կողմից ներկա են եղել արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, ինչպես նաեւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը, իսկ ամերիկյան կողմը պետքարտուղարի ու պաշտպանության նախարարի երկրից բացակայության պատճառով ներկայացրել են պետքարտուղարի օգնականն ու Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը:

Հանդիպումը լայն արձագանք է գտել ինչպես թուրքական, այնպես էլ աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցներում, գնահատականն էլ, ընդհանուր առմամբ, Թուրքիայի համար դրական է: Թե որքանով են դրանք արտացոլում իրողությունը, ցույց կտա ժամանակը: Բայց որ նախագահ Բուշի հետ հանդիպմանը թուրքական կողմը ամերիկյանից պահանջել է դադարեցնել տեխնիկական մատակարարումները PKK-ին, փակել կազմակերպության ճամբարներն ու հենակետերը, ճշտել ղեկավար կազմի նկատմամբ անելիքները, դադարեցնել Հյուսիսային Իրաքում քաղաքական քողարկված գործողությունների ծավալումը եւ ստեղծել հաղորդակցության ցանց հետախուզական տվյալների փոխանակման համար, ակնհայտ է:

Նախագահ Բուշն ի պատասխան ասել է. «PKK-ն ահաբեկչական կազմակերպություն է, Թուրքիայի, Իրաքի եւ ԱՄՆ-ի ընդհանուր թշնամին: Վարչապետ Էրդողանի հետ կենտրոնացել ենք հետախուզական տվյալների փոխանակման վրա: Մարդասպաններին ձերբակալելու համար հետախուզություն է անհրաժեշտ»: Նրա խոսքերը հիմք են տվել փորձագետներին ենթադրելու, որ PKK-ի դեմ համատեղ պայքարի հարցում կողմերը առաջնահերթ նշանակություն են տալու հետախուզական տվյալների փոխանակմանը, ստեղծվելու է եռակողմ մեխանիզմ մասնակցությամբ Թուրքիայի, Իրաքի եւ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների, PKK-ն համարվելու է ահաբեկչական կազմակերպություն եւ կողմերի ընդհանուր թշնամին:

Ի դեպ, նոյեմբերի 3-ին Անկարայում հանդիպելով Թուրքիայի ղեկավարների հետ, PKK-ին ահաբեկչական կազմակերպություն էր համարել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը: Նա միաժամանակ ընդգծել էր հետախուզական տվյալների փոխանակման անհրաժեշտությունը եւ արտահայտվել PKK-ի դեմ համատեղ պայքարը եռակողմ մեխանիզմի շրջանակներում ծավալելու օգտին: Փաստորեն, նախագահ Բուշը վարչապետ Էրդողանի հետ հանդիպմանը կրկնել է այն, ինչ Անկարայում արդեն ասել էր պետքարտուղարը:

Թեեւ PKK-ի որպես ահաբեկչական կազմակերպության բնութագրում ենթադրում է համատեղ պայքար, սակայն պաշտոնական Վաշինգտոնը դա համարում է էթնիկ ահաբեկչություն տեղային նշանակությամբ, ոչ թե գլոբալ, ինչպես «Ալ Ղաիդայի» ահաբեկչությունն է: Այս մոտեցումը ի չիք է դարձնում PKK-ի դեմ պայքարում մեծ տերություններին ներգրավելու Անկարայի հաշվարկները, որքան էլ դրանց հիմքում լինի Աֆղանստանում թալիբների դեմ դաշնակիցների զինված պայքար աջակցող թուրքական զորամիավորումը:

Ինչ վերաբերում է թուրք-ամերիկյան համատեղ պայքարին, ապա Վաշինգտոնը Անկարային մատնացույց է անում PKK-ի դեմ պայքարը Բաղդադի վարչակարգի հետ համագործակցությամբ ծավալելու անհրաժեշտությունը: Մինչդեռ PKK-ն տեղակայված է Հյուսիսային Իրաքում, իսկ Բաղդադի վարչակարգն այնտեղ որեւէ ազդեցություն չունի: Այդ իսկ պատճառով վարչակարգն էլ PKK-ին առնչվող ամերիկյան հանձնարարականները փոխանցում է Քուրդիստան շրջանի ղեկավարությանը, իսկ վերջինը թուրքական կողմի հետ բանակցությունների սեղանի շուրջը նստելու մղումով Անկարայից պահանջում է PKK-ի հարցը լուծել քաղաքական եղանակով:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի հետ Անկարային այդ նույն պահանջն է ներկայացնում նաեւ Եվրոմիությունը, ինչը խիստ սահմանափակում է Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություններ ծավալելու Թուրքիայի հնարավորությունը: Սակայն բուն խնդիրն Իրաքի մասնատման ամերիկյան ծրագրերն են, որոնց հետեւանքով Հյուսիսային Իրաքը դարձել է երկրի քաղաքականապես ամենակայուն հատվածը, Քուրդիստան շրջանը դե ֆակտո ինքնիշխանություն է ձեռք բերել, իսկ քրդերը համարվել են երկրում ԱՄՆ-ի գլխավոր հենարանը:

Այլ կերպ, Հյուսիսային Իրաքի հարցում ԱՄՆ-ի ռազմավարական շահերը համընկնում են Քուրդիստան շրջանի շահերի հետ, PKK-ն դառնում է Անկարային քուրդ ղեկավարների հետ բանակցությունների մեջ ներքաշելու միջոց, ինչպես նաեւ հակակշիռ Իրանի եւ Սիրիայի հետ Թուրքիայի մերձեցման ճանապարհին: Չպետք է նաեւ մոռանալ, որ Վաշինգտոնը PKK-ին օգտագործում է Իրանի եւ Սիրիայի դեմ: Այս հանգամանքը ԱՄՆ-ի համար գործոն է դարձնում քրդական այս կազմակերպությանը, Իրաքում Քուրդիստան շրջանի վրա հենվող Վաշինգտոնը Իրանին եւ Սիրիային ապակայունացնելու համար փորձում է հենվել PKK-ի վրա: Այս ամենը ենթադրում է PKK-ի ինչպես հենակետերի, այնպես էլ ճամբարների պահպանումը Հյուսիսային Իրաքում:

Ակնհայտ է, որ Թուրքիայում PKK-ի հարցը քաղաքական լուծման ընթացքի մեջ դնելու պարագային, ԱՄՆ-ն կձերբազատվի Անկարայի հակազդեցությունից եւ նրա առջեւ կբացվի Քուրդիստանի շրջանի ղեկավարներին ընդառաջելու, ինչպես նաեւ PKK-ին Իրանում ու Սիրիայում որպես ապակայունացման միջոց ավելի արդյունավետ օգտագործելու հեռանկարը: Սա նշանակում է, որ PKK-ի հարցում Քուրդիստան շրջանի ղեկավարությունը գործում է Վաշինգտոնի առաջադրանքներին համապատասխան, ինչի շնորհիվ այս կազմակերպությունը կարողանում է Իրաքի սահմանի երկայնքով տեղակայված 150 հազարանոց թուրքական զորքերի առկայության պայմաններում ներխուժել Թուրքիայի տարածք եւ ռազմական գործողություններ իրականացնել:

Համենայն դեպս, աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները Բուշ-Էրդողան հանդիպումը համարում են Թուրքիայի ներխուժումը Հյուսիսային Իրաք կասեցնելու միջոց, ընդգծելով. «ԱՄՆ նախագահը վարչապետ Էրդողանին խոստացավ PKK-ի դեմ միջոցներ ձեռնարկել եւ ուժեղացնել համագործակցությունը համատեղ պայքարում», իսկ թուրքականները ենթադրում են, որ հանդիպումը PKK-ին նպատակային հարվածներ հասցնելու հնարավորություն է տվել թուրքական զինված ուժերին եւ ԱՄՆ-ը խոստացել է դադարեցնել կազմակերպության տեխնիկական մատակարարումները: Անկախ լրատվամիջոցների եզրակացություններից, հանդիպման գլխավոր արդյունքը պետք է համարել Հյուսիսային Իրաք ներխուժելու Թուրքիայի հնարավորությունների սահմանափակումը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4