Վարդյա հեղափոխության որոշ «վարդեր» դառնում են «փուշ»
Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Թբիլիսիում, ամենից առաջ աչքի է ընկնում կիրառվող տեխնոլոգիաների աննախադեպությամբ: Այն ժամանակ, երբ իշխանությունները հանրահավաքային իրականություն ստեղծող ընդդիմությանը եւ հիմնական ֆինանսներ մատակարարող Բադրի Պատարկացիշվիլուն մեղադրում են ռուսական կամակատարներ լինելու մեջ, ընդդիմությունն, իր հերթին, իշխանություններին է մեղադրում Ռուսաստանի հետ համագործակցության համար:
Երեկ նոյեմբերի 2-ին սկսված հանրահավաքի մասնակիցները, այսպես կոչված, խայտառակության կենդանի օղակներով շրջապատած պահեցին Վրաստանի խորհրդարանի եւ նախագահական նստավայրի շենքերը: Միեւնույն ժամանակ, վրաց ընդդիմությունը հանրահավաքը երեկ շարունակեց` քայլելով թբիլիսյան փողոցներում:
Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շենքի դիմաց ցույցի մասնակիցները վանկարկում էինՙ «Հետ վերցրեք ձեր լրտեսին», նկատի ունենալով երկրի նախագահ Սաակաշվիլուն: Իսկ իշխանական ճամբարի մյուս դեմքերի տների առջեւ բողոքի ցույցն ընթացավ արդեն բազմիցս կրկնված պիտակների բարձրաձայնմամբ:
Առավել հետաքրքրական է իրավիճակը կապված Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլու հետ, որն արտերկրից ընդդիմադիր «Իմեդի» հեռուստաընկերության եթերում նախ ներողություն է խնդրել «ցույցին մասնակից չլինելու համար», ապա եւս մեկ անգամ հաստատել սեփական մեղադրանքները վրաց իշխանավորների եւ Սաակաշվիլու հասցեին, որ հնչել էին դեռեւս սեպտեմբերի 25-ին, դրանց ավելացնելով պաշտպանական միջոցների հաշվին սեփական ինքնաթիռ ձեռք բերելու Սաակաշվիլու հրամանը:
Օկրուաշվիլին սեպտեմբերի 27-ի ձերբակալությունից հետո տրամագծորեն հակառակ ցուցմունքներ տալու համար եւս ներողություն է խնդրել` ընդգծելով, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել: Ինչ վերաբերում է լեգենդ դարձած մոտ 6 մլն դոլար գրավին, որ վճարվել էր Օկրուաշվիլու հանդեպ խափանման միջոց կալանքը փոխելու համար, ապա «Իմեդիի» եթերից նախկին նախարարը հայտարարել է, թե գրավը մուծել է հենց Սաակաշվիլու «պալատական գործարարներից» մեկը:
Ցխինվալում 2007 թվականին Նոր տարին դիմավորելու խոստումներ տված Օկրուաշվիլին այս անգամ էլ սպառնացել է Սաակաշվիլուն` հայտարարելով, որ հնարավոր է վնասեն իր ընտանիքի անդամներին: Նման դեպքում Օկրուաշվիլին խոստացել է, որ վրեժ կլուծի Սաակաշվիլուց: Ավելին, Օկրուաշվիլու խոսքերով. «Թող ոչ ոք չմտածի, թե ես քաղաքական ապաստան կխնդրեմ որեւէ երկրից, ես կվերադառնամ Վրաստան եւ հույս ունեմ, որ դա կլինի շուտով»:
Նախկին համախոհին, թիմակցին ու պաշտոնակցին Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն անվանել է «Վրաստանի իշխանությունների գլխավոր սխալ»: Թերեւս Բուրջանաձեն պետք է «սխալներ» որակի նաեւ իշխանական ճամբարի այլ ներկայացուցիչների, քանի որ արդեն իսկ խորհրդարանական մեծամասնության մի քանի պատգամավոր հայտարարել են իշխող կուսակցության շարքերը լքելու մտադրության մասին:
Վրացական իրականության եւս մեկ առանձնահատկություն կա, որ այս դեպքում առնչվում է վրաց եկեղեցուն: Վերջինս պատրաստակամություն է հայտնել միջնորդ դառնալու իշխանության եւ ընդդիմության միջեւ, եթե կողմերը համաձայնեն: Այնուամենայնիվ, որեւէ մեկը նման խնդրանքով դեռ վրաց պատրիարքարան չի դիմել:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ