«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2007-11-03 | #203, 2007-11-06 | #204, 2007-11-07


ՋԱՎԱԽՔՑԻՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻՑ ԿԱՄ ԷԼ ԱՌՆՎԱԶՆ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԵՐԻՑ

Հայերը փոխարինում են հեռացած դուխոբորներին

Արշալույս Զորօղլյանի ընտանիքը օրերս տան նորամուտ էր նշում` գերդաստանի, ընկերների, հին ու նոր հարեւանների մասնակցությամբ: Նինոծմինդայի շրջանի Գարելովկա գյուղում, հարեւան մի քանի գյուղերի հետ, դուխոբորները բնակություն են հաստատել ավելի քան հարյուր հիսուն տարի առաջ: Այսուհետեւ Նինոծմինդայի մեկ այլ գյուղում` Փոգայում ծնված Արշալույսի երեխաները կլրացնեն Գարելովկայի բնակչության շարքերը:

Զորօղլյանների ընտանիքը փոգացիներից միակը չէ, որ թողել է իր գյուղը: Պարզապես շատերի համեմատությամբ, Զորօղլյանները տեղափոխվել են նույն շրջանի Գարելովկա գյուղ, փոխանակ մեկնելու Վրաստանից: Թեեւ կլիմայական պայմանների, հատկապես խստաշունչ ձմռան առումով, Գարելովկան քիչ է տարբերվում Փոգա գյուղից, բայց դրա փոխարեն ավելի մոտ է Հայաստանի սահմանին, գյուղում էլ ավելի շատ հարմարություններ կան ու դրանք ստեղծելու հնարավորություններ, քան Փարվանայի ափին մնացած Փոգայում:

Դուխոբորների գյուղում այսօր հայեր շատ են ապրում: Նրանք այստեղ են տեղափոխվել նաեւ այլ հայկական գյուղերից, որոնց բնակչությունը նշանակալի պակասում է: Ամեն դեպքում, հանուն ճշմարտության պիտի ասել, որ հայկական գյուղերի պայմաններն ու սեփական ջեռուցման համակարգերով ապահովված Գարելովկայի տների միջեւ տարբերությունն ակնհայտորեն հայրենի գյուղի օգտին չէ: Արշալույս Զորօղլյանի գնած տունն էլ գյուղում լավագույններից է, ունի բոլոր հարմարությունները:

Հարեւանությամբ ապրում է Մարիա Կուզնեցովան, որ նոր հարեւանների մասին ոչինչ ասել չի կարող, հների հետ էլ առանձնակի հակասություններ չի ունեցել: Դուխոբոր Կուզնեցովայի տունը Հայաստան-Վրաստան սահմանի Բավրայի անցակետից շրջանային Նինոծմինդա կենտրոն տանող ճանապարհի վրա է, ցածրիկ, բայց կոկիկ ու ներսում բավականին տպավորիչ: Ամենամեծ սենյակում աչքի է զարնում պատը ծածկող լուսանկարների հավաքածուն, որտեղ ամենայն հավանականությամբ հնարավոր կլիներ գտնել Մարիա Կուզնեցովայի բոլոր գարելովկաբնակ նախնիներին:

Մարիա Կուզնեցովան 59 տարեկան է, արդեն թոշակառու: Ծնվել է Գարելովկա գյուղում, ավարտել նույն գյուղի դպրոցը, սովորել Թբիլիսիի Պուշկինի անվան ինստիտուտում, ավարտել ու ստացել տարրական դասարանների ուսուցչուհու որակավորում: Գարելովկայում աշխատել է նախ գրադարանավարուհի եւ արդեն ութերորդ տարին դասավանդում է գյուղի դպրոցում: Ամուսինը մահացել է տասներեք տարի առաջ, ունի երկու որդի, խնամում է նաեւ մորը: Վերջինս ութսուներկու տարեկան է, ծնվել եւ ողջ կյանքն ապրել է Գարելովկայում, հիմնադրել է ժամանակին Գարելովկայի կոլտնտեսությունը: Մարիայի որդիներից մեկը մեկնել է Ռուսաստան, այնտեղ ամուսնացել, գյուղում մնացած որդին էլ իր ընտանիքն ունի:

«Դուխոբորները հավատում են աստծուն, հավատում են հոգու գոյությանը, բայց չեն ընդունում եկեղեցին, չեն ընդունում պապին: Այդ իսկ պատճառով էլ դուխոբորներին 1842 թվականին արտաքսեցին Ջավախքիՙ Հայաստանին սահմանակից գյուղեր», պատմում է Կուզնեցովան: Իսկ վերջին ժամանակներում դուխոբորների գաղթելու առնչությամբ Մարիա Կուզնեցովան տեղի ունեցածը բնութագրում է որպես ոչ հերթական բաժանում:

Առաջին հոսքը հեռացավ Ռուսաստան 1989-ին, երկրորդ հոսքով դուխոբորները հեռացան 1999 -ին: Կուզնեցովայի բացատրությամբ, հիմնական պատճառը Վրաստան-Ռուսաստան խնդիրներն ու հարաբերությունների վատացումն էր, որ դուխոբորների մեջ վախ առաջացրեց: Շատերն էլ ուղղակի հեռացել են, քանի որ անհնար էր դարձել շփումը ռուսաստանաբնակ իրենց բարեկամների ու հարազատների հետ:

Գարելովկայում մինչեւ առաջին հոսքը ընտրելու իրավունք ուներ մոտ երկու հազար բնակիչ, ըստ այդմ էլ կարելի է ասել, որ ներկայումս ղեկավարություն չունեցող գյուղում ապրել են երեք հազարից ավելի դուխոբորներ, ինչը սիբիրյան կլիմայական պայմաններ հիշեցնող այս տարածաշրջանում զգալի թիվ է: Վերջին ընտրությունների ժամանակ գյուղում ընտրելու իրավունք ունեցող դուխոբորների թիվը կազմել է 640: Ըստ Կուզնեցովայի, ներկայումս դուխոբորների թիվն էլ ավելի է կրճատվել:

Ամուսինը` Վոլոդյա Կուզնեցովը հետեւում էր գյուղի էթնոգրաֆիական թանգարանի պահպանմանը, տեղական «Արշալույս» թերթին էր թղթակցում: Ի դեպ, ամուսնու մահվանից հետո դեռեւս չորս տարիՙ մինչեւ 1998-ը Գարելովկայում գործում էր թանգարանը, բայց երբ Վոլոդյան հիվանդության պատճառով մեկնեց Մոսկվա, անտերության մատնվեց, ուրիշները չպահպանեցին:

Գարելովկան այն եզակի գյուղերից է, որտեղ դուխոբորների ընտանիքները դեռ բավականին մնացել են: հարեւան մի շարք գյուղեր ժամանակին դուխոբորներինն էին, բայց ներկայումս, օրինակ, Սպասովկայում, մնացել է միայն երկու ընտանիք, Օրլովսկում եւս երեք ընտանիք, Եֆրեմովկայում մնացել է վեց ընտանիք:

Դուխոբորների մեծ մասն էլ շարունակում է հեռանալ: Չնայած շատ այլ ընտանիքներ հեռանում են Ռուսաստան եւ միանում ընտանիքի մյուս անդամներին, Մարիա Կուզնեցովան գյուղից հեռանալու մտադրություն չունի: Ինչ վերաբերում է դպրոցին, ապա առաջին դասարանում միայն երեք աշակերտ կա: Հարեւան գյուղերի դուխոբոր ընտանիքների երեխաները եւս բարձր դասարաններ հաճախում են Գարելովկայի դպրոց:

Բացի դպրոցից, Կուզնեցովան յոթ կով է պահում, պանիր պատրաստում ու այդպես հոգում ապրուստը: Ժամանակին գյուղը բավականին զարգացած էր, ավելի հաճախ Գարելովկան հիշատակում էին որպես միլիոնատեր կոլտնտեսություն, միայն 1200 գլուխ կթու կով է ունեցել, 11000 ոչխար, ունեցել են իրենց փուռը, երշիկի եւ լիմոնադի արտադրամասեր, այսօր գործում է միայն կաթի վերամշակման արտադրամասը, որտեղ պանիր են պատրաստում:

Ինչ վերաբերում է հայերի մուտքին գյուղ, ապա զգալի հակասություններ, ըստ Մարիա Կուզնեցովայի, չեն եղել, բախումներ եւս: Սկզբում եղել են խնդիրներ, բայց հիմա հարեւանների հետ հարաբերությունները շատ նորմալ են: Վերջին ժամանակներս արդեն պատահում են նաեւ խառը ամուսնություններ, բայց դրանք եզակի բնույթ են կրում: «Յուրաքանչյուր ընտանիքում, անգամ երբ հարս է գալիս, էլի անախորժություններ լինում են: Այնպես որ այս դեպքում էլ դա թերեւս բնական էր», կարծում է Կուզնեցովան:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Գարելովկա, Նինոծմինդայի շրջան, Վրաստան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4