Իսկ ե՞րբ է գալու զարհուրելի շինությունների ժամանակը
Ամեն անգամ, երբ աչքդ դիպչում է հայկական ճարտարապետության հետ ոչ մի աղերս չունեցող շինությունների կամ թամանյանական դպրոցի ավանդույթներով 1950-60-ականներին կառուցված շենքերի սոսկալի աղավաղումներին, իսկույն մտածում ես, որ ժամանակն է մրցանակ սահմանելու ոչ միայն լավագույն կառույցների, այլեւ զարհուրելի շինությունների համար: Այս առաջարկով երեկ դիմեցի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանին, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին ու քաղաքաշինության նախարարության ճարտարապետական վարչության պետ Ռազմիկ Օհանյանին, որոնք երեկ «Հայացք» ակումբ էին եկել խոսելու «Տարվա նախագիծ եւ կառույց-2007» ճարտարապետական 2-րդ մրցույթ-ցուցահանդեսի մասին: Հարցին գրեթե միասին արձագանքեցին Մկրտիչ Մինասյանն ու Աշոտ Գրիգորյանը, ասելով, որ այդ մտադրությունն ունեն, սակայն սպասում են մի քիչ ավելի հարմար ժամանակների, «հիմա չեն կարող հարսանիքն ու թաղումը մեկտեղել»: Հավաքվել է հսկայական արխիվ, որի ցուցադրությունը տխուր ու ցավագին կլինի բոլորիս համար, քանի որ պատմական հուշարձանների միջավայրը պատկերող լուսանկարներում իրականությունը մեր պատկերացրածից շատ ավելի դառն է:
Մինասյանը փորձեց մի քիչ մեղմել ընդհանուր վիճակն ասելով, որ ճարտարապետական միջավայրն այսօր խաթարվում է ոչ միայն Հայաստանում. «Ամբողջ աշխարհում ֆինանսական մեծ հոսքերը բերում են տիպականացված կառույցներ, ցանկություններ: Մեր ճարտարապետների խնդիրն է այդ մեծ հորձանուտում հնարավորինս պահպանել մեր ճարտարապետական դիմագիծը, քանի որ ուժգնացող հոսանքը երբեմն ուղղակի սպառնում է վերացնել վաղուց ձեւավորված ճարտարապետական դպրոցը: Ճարտարապետությունը մի գիտություն է, որը մարդու համար ստեղծում է ամենալավ միջավայրը: Հիմա բոլորդ կասեքՙ «Այս ի՞նչ միջավայր է մեզ մոտ»: Այո, մեծ սխալներ նաեւ մենք ենք թույլ տվել: Բայց դա միայն ճարտարապետի սխալը չէ, այսինքնՙ հոսքերը երբեմն պարտադրում են, մենք երբեմն անուժ ենք դիմագրավելու: Այս խնդիրը գոյություն ունի բոլոր ժամանակներում, բայց այսօրվա նոր տեխնոլոգիաներով հագեցած պայմաններում պետք է կարողանանք գտնել ամենաբարենպաստ վիճակը մեր դիմագիծը պահելու: Երեւանում ամենամեծ վտանգն արդեն հասել է մինչեւ 60-ականները կառուցված շենքերին. կցակառույցներով աղավաղվում են դրանց ճակատներն ու տանիքները: Մենք դիմում ենք բոլոր նրանց, ում պետք է, բայց երբեմն մեր ուժը չի պատում, որովհետեւ ապօրինի շինություն կառուցողները հաճախ հենց նրանք ենք, ովքեր ամենից շատ են բողոքում դրանից: Այսինքնՙ երեւանցին իր քաղաքից ավելի սիրում է իրեն, օլիգարխներն էլՙ իրենց հերթին», ասաց Մինասյանը:
Մրցույթի անվանակարգերը ընտրելիս երկար են մտածել ճարտարապետական որեւէ ուղղություն տեսադաշտից բաց չթողնելու մասին. «Ցանկացանք մի փոքր ընդհանրացնել ու ներառել բոլոր թեմաները: Վերջնարդյունքում որոշվեցին հետեւյալ անվանակարգերըՙ լավագույն կառույց, նախագիծ, հուշարձան շենքի վերականգնում, բնակելի շենք, ինտերյեր, գիտատեսական աշխատանք», ասաց Ռազմիկ Օհանյանը: Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել հայաստանցի եւ օտար մոտ 60 ճարտարապետներ: Արդյունքները կամփոփվեն մինչեւ դեկտեմբերի 25-ը, մինչ այդ կանցկացվեն հասարակական քննարկումներ, որոնց ընթացքում յուրաքանչյուր ճարտարապետ կներկայացնի սեփական նախագիծըՙ պատասխանելով հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին: Լավագույն աշխատանքներն ընտրելիս ժյուրին հաշվի կառնի նաեւ հասարակական քվեարկության արդյունքները: «Մեզ համար առաջնայինը հասարակության պահանջն է, որն անհայտ է գոնե ինձ: Բայց կան ընդունված պահանջներ, որոնք պիտի լուծում գտնեն պրոֆեսիոնալ մակարդակով: Կարեւորն այն է, թե որքանով է տվյալ կառույցը համահունչ ու ներդաշնակ միջավայրին», հավելեց Գրիգորյանը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ