«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2007-11-03 | #203, 2007-11-06 | #204, 2007-11-07


ԿԱՐԱԳԻ ԵՎ ՁԵԹԻ ԳՆԵՐԻ ԱՃԻ ԼԻԱՐԺԵՔ ՊԱՏԿԵՐԸ

Առաջին անգամ ներկայացրեց ազգային վիճակագրական ծառայությունը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Որքան էլ նախկին նախագահին սրբացնող թերթերը եւ գործող նախագահին հեռուստաաստղ դարձնող հեռուստաընկերությունները փորձեն տպավորություն ստեղծել, թե հասարակության համար ամենակարեւոր իրադարձությունը հանրահավաքներն են կամ դրանցում հնչած ելույթների պաշտոնական պատասխանները, միեւնույնն է, բնակչության գերակշիռ մեծամասնությունն անմասն է այդ ամենից: Նրանց ավելի շատ հետաքրքրում են ամենօրյա հոգսերըՙ առողջական, աշխատանքային, տրանսպորտային, ընտանեկան բյուջեի եկամուտներն ու ծախսերը եւ իհարկե սպառողական գները: Գների մասին: Վերջին երկու-երեք ամիսներին մի շարք պարենային ապրանքների գների աճն այսօր հասարակությանն առավել հուզող հարցն է:

Ի՞նչ կարելի է ասել պարենային ապրանքների, մասնավորապես կարագի եւ բուսական յուղի գների վերջերս արձանագրված աճի մասին: Բազում հարցեր կարելի է բարձրացնել այստեղ եւ ստանալ բավարարող կամ չբավարարող պատասխաններ: Սակայն կան իրողություններ, որոնք անվիճելի են:

Կարագը եւ բուսական յուղը (ձեթ) վերջին երկու ամիսներին կտրուկ թանկացան: Ակնհայտ է նաեւ, որ այդ աճը պայմանավորված է այս ապրանքների կամ դրանց հումքի միջազգային գների աճով եւ թանկացումներից դժգոհ են ամենեւին էլ ոչ միայն Հայաստանում: Եվ վերջապես, Հայաստանում կարագը եւ ձեթը թանկացան միջազգային շուկայի թանկացումներին ոչ համարժեք, այսինքնՙ անհամեմատ ավելի բարձր գներով եւ ավելի վաղ, քան թանկացումների ալիքը պետք է հասներ Հայաստան: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը այս երեւույթը բնորոշեց որպես հակամրցակցային համաձայնություն եւ տուգանեց այդ ապրանքները ներկրողներին: Սրանք են այն իրողությունները, որոնք կարծես թե չեն վիճարկվում: Ավելի շատ վիճարկվում է, թե արդյոք տվյալ ապրանքը թանկացե՞լ է այնքան, որքան ներկայացնում է ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ):

Ընդհանրապես պաշտոնական վիճակագրության նկատմամբ անվստահությունը գալիս է այն բանից, որ բնակչության գերակշիռ մեծամասնությունը չի հասկանում, թե հաղորդելով այս կամ այն տվյալը, ի՞նչ է նկատի առնվում: Չի հասկանում այն մեթոդաբանությունը, որով կատարվում է այս կամ այն հաշվարկը: Եվ դա բնական պետք է համարել, քանի որ սա խիստ մասնագիտացված ոլորտ է եւ ազգային վիճակագրական ծառայությունը, բացի տվյալներ հաղորդելուց, պետք է պարզ եւ մատչելի բացատրություններ ներկայացնի ու հստակեցնի, թե ինչի՞ մասին է խոսքը: Դա չի արվում, եւ այդ ծառայությունը, ունենալով բարձրակարգ մասնագետներ, շարունակում է անվստահելի մնալ հասարակության համար: Սակայն ԱՎԾ հրապարակած 2007-ի հունվար-հոկտեմբերի սպառողական գների ինդեքսի մասին հրապարակման մեջ ծառայությունը, կարագի եւ ձեթի գների դինամիկայի վերաբերյալ հավելյալ բացատրություններ տալով, թերեւս առաջին փորձն է կատարել ավելի հասկանալի դառնալու համար:

Ինչպես ամեն անգամ, այս անգամ եւս նախ ներկայացված է հաշվետու ամսվա (հոկտեմբերի) սպառման ապրանքների, պարենային ապրանքների, ոգելից խմիչքների, ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների գների ինդեքսը նախորդ ամսվա (սեպտեմբերի) եւ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ: Մասնավորապես կարագի եւ բուսական յուղի վերաբերյալ հաղորդվում է, որ այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ դրանց գներն աճել են 20,5 տոկոսով, կարագիՙ 19,2 տոկոս եւ ձեթի 41,4 տոկոս թանկացման հետեւանքով: Իսկ 2006-ի հոկտեմբերի նկատմամբ գնաճը կարագի դեպքում կազմել է 39,3 տոկոս, իսկ բուսական յուղինըՙ 55,9 տոկոս:

Բնական է, որ այս ցուցանիշներին ծանոթանալով, շարքային քաղաքացին ուղղակի կասի, որ այս ամենը սուտ է եւ իրենք ականատես են կարագի եւ ձեթի անհամեմատ ավելի բարձր գնաճի, քան հաղորդում է պաշտոնական վիճակագրությունը: Վերջինիս ներկայացուցիչներն էլ հաստատակամ են մնում իրենց հաղորդած ցուցանիշի ճշմարիտ լինելու մեջ: Չնայած միմյանց հակասելով, կողմերից երկուսի դիրքորոշումներն էլ համապատասխանում են իրականությանը: Պարզապես հաղորդված տեղեկատվությունը լինում է կիսատ: Այս անգամ ԱՎԾ-ն ներկայացրել է նաեւ կարագի եւ ձեթի գների վերաբերյալ իրենց ուսումնասիրությունների եւ ստացված արդյունքների մասին հավելյալ արդյունքներ, որոնք ամեն ինչ իրենց տեղն են բերում:

Համաձայն այդ ուսումնասիրությունների, նշվում է, որ 2006 հունվար-2007 հուլիս ամիսներին Հայաստանում արձանագրված բուսական ձեթի գների 11 տոկոս գնանկմանը հաջորդել է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին արձանագրված 61,3 տոկոս գնաճը: Կոնկրետ գների գումարային ցուցանիշի վերաբերյալ նշվում է, որ 2007-ի հուլիսին 1 լ ձեթի նվազագույն միջին գինը կազմել է 478 դրամ, իսկ հոկտեմբերին արձանագրված միջին առավելագույն գինըՙ 923 դրամ: Հոկտեմբերին արձանագրված առավելագույն միջին գնի հարաբերակցությունը հուլիսին արձանագրված նվազագույն միջին գնի նկատմամբ կազմել է 209 տոկոս:

Նույն ուսումնասիրության արդյունքներն են բերվել նաեւ կարագի վերաբերյալ: Համաձայն դրանց, 2006 փետրվար-2007 ապրիլ ամիսներին Հայաստանում արձանագրված կարագի 5,4 տոկոս գնանկմանը 2007 մայիս-հոկտեմբերին հաջորդել է 42,6 տոկոս գնաճը: 2007-ի ապրիլին 1 կգ կարագի միջին նվազագույն գինը կազմել է 1400 դրամ, իսկ հոկտեմբերին միջին առավելագույն գինըՙ 2442 դրամ: Այստեղ էլ հոկտեմբերին արձանագրված առավելագույն միջին գնի հարաբերակցությունը ապրիլին արձանագրված նվազագույն միջին գնի նկատմամբ կազմել է 174 տոկոս:

Այսպիսով, վերոնշյալ ուսումնասիրությունների արդյունքները համընկնում են այն պատկերացումների հետ, որ բնակչությունն ունի կարագի եւ ձեթի գների աճի վերաբերյալ: Եվ անհրաժեշտ է, որ գնաճի ցուցանիշների վերաբերյալ ընդհանրական ցուցանիշներ, տարբեր մեթոդաբանությամբ ստացված տվյալներ հրապարակելուց բացի, վիճակագրական ծառայությունը պարբերաբար ներկայացնի նաեւ այն ուսումնասիրությունների արդյունքները, որոնք կտան իրավիճակային լիարժեք պատկեր եւ սպառիչ պարզաբանումներ հասարակության համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4