«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2007-11-03 | #203, 2007-11-06 | #204, 2007-11-07


ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԳՏԱՆ ԻՐԱՐ

«Ազգի» հրապարակումն օգնեց

Այս գուցե սովորական մարդկային պատմության էջերում նաեւ անցած-գնացած լուսավոր դեմքեր են, մարդկային ճակատագրերի տարբեր բեկբեկումներ` կորուստների ցավով ու հանկարծահաս գտնումի ուրախության լույսով համակող:

«Ազգի» հուլիսի 27-ի համարում մի հրապարակում էինք արել «Արձագանքեք, Նորա եւ Սվետա Կորկոտյաններ» վերնագրով: Խոսքն այն մասին էր, որ այս հայրական ազգանվամբ քույրերին, ծնված Լենինական-Գյումրիում, մեկըՙ 1937-ին, մյուսըՙ 1943-ին, հետո տեղափոխված Երեւան, փնտրում է վաղուց կորած եղբայրը` Սանկտ Պետերբուրգում ռուսական անուն-ազգանունով մեծացած Յուրի Բարկովսկին: Վերջինիս հետ անցյալ տարի Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում պատահաբար հանդիպել ու ծանոթացել էր իմ համալսարանական տարիների կուրսընկեր, վանաձորցի Ժիրիկ Խաչատրյանը: Ընկերոջս պատմածով` այս մարդու դեռ երեխա ժամանակ նրա մայրը տղայի հետ ինչ-ինչ հանգամանքներում մեկնել է Սանկտ Պետերբուրգ, հետո այնտեղ ամուսնացել երկրորդ անգամ, իսկ ռուս ամուսինը տղային որդեգրելով ու տալով իր անուն-ազգանունը, արգելել է բոլոր կապերը հայկական անցյալի ու ազգային արմատների հետ... Այդպես անցել են տարիները, բայց արյան կանչն ի վերջո նորից զարթնել է` արդեն հասուն ու ինքնուրույն տարիքի մարդուն մղելով գտնել իր հարազատներին:

Կուրսընկերս տվել էր Նորա եւ Սվետա Նիկոլայի Կորկոտյանների լենինականյան նախկին բնակության հասցեները եւ խնդրել էր հետաքրքրվել ու գուցե հին հարեւանների, իմացողների միջոցով փորձել գտնել նրանց կամ հնարավոր տեղեկություններ նրանց մասին: Սկսելով որոնումները` նախ փորձեցինք քաղաքի քարտեզի վրա գտնել հասցեում նշված Երկաթուղայինների փողոցը կամ հեռախոսային բաժանորդների գրքում` Կորկոտյան ազգանունով որեւէ մեկին, սակայն ոչ մեկը, ոչ մյուսը չգտանք: Չհուսահատվելով եւ հարցուփորձելով կայարանամերձ հրապարակում, հանդիպեցինք տարիքով մի մարդու, որը ճանաչեց եւ լավ հիշում էր, ինչպես իմացանք, ժամանակին անվանի մեքենավարներ, եղբայրներ Կոլյա (Նիկոլայ) եւ Վահագն Կորկոտյաններին: Այս մարդու եւ զարմանալի զուգադիպությամբ քիչ հետո մեզ պատահաբար հանդիպած` Կոլյա Կորկոտյանի տան այսօրվա տիրոջ ցույց տվածով գտանք նշված փողոցն ու այնտեղ Վահագնի հանգուցյալ դստեր` Հրածինի տունը, հանդիպեցինք վերջինիս որդուն` սահմանապահ սպա Արմենին: Թվում էր` թելի ծայրը գտնված է... Բայց Արմենը, որի հետ երկար զրուցեցինք, չկարողացավ ոչ որեւէ ստույգ տեղեկությամբ օգնել, ոչ էլ նշել նման հնարավոր տեղեկություն ունեցող որեւէ մեկին:

Ստեղծված ցավալի փակուղուց այլ ելք չտեսնելով էլ` որոշեցինք որոնյալներին կամ նրանց տեղն իմացողներին դիմել «Ազգի» միջոցով, ինչը եւ արեցինք` փոքր հույսով, թե միգուցե նրանցից որեւէ մեկը կարդա ու արձագանքի: Ի դեպ, թերթի հրապարակումից հետո ճշտվեց, որ Յուրին Կորկոտյան քույրերի ոչ թե եղբայրը, այլ քրոջ որդին է: Բայց դրանից հարցի էությունը չէր փոխվում. մարդն անձկությամբ փնտրում էր իր իմացած գուցե միակ հարազատներին` հույս ունենալով հենց նրանց գտնել եւ նրանց հետ կապված լինելով նվիրական հիշողություններով:

Եվ ահա` հեռախոսազանգ Երեւանից: Զանգողը ներկայացավ` Կորկոտյան Վահե Վահագնի: Այս հարգարժան 78-ամյա մարդը մեր որոնյալների հորեղբորորդին էր...

Վահե Կորկոտյանի մեզ հայտնած երկու տեղեկություններից մեկը տխուր էր, մյուսը` հենց մեր որոնածը: Նորան` քույրերից ավագը, անցյալ տարվա ապրիլին մահացել է: Իսկ Սվետան կա, Ամերիկայում է, ահա նրա հեռախոսի համարը: Սվետայի աղջիկն էլ Երեւանում է, ամուսնացած:

Հերթական անգամ լսեցինք նաեւ, թե հարազատներին փնտրող այդ «տղայի» մայրը (անունը` հավանաբար Լուսյա) Մանյայի աղջիկն էր: Տարբեր մարդկանց վկայություններից, հետո Երեւանում Վահե Կորկոտյանին այցելած, զրուցած Ժիրիկ Խաչատրյանի պատմածներից հայացքիս դեմ այնպես կենդանի հառնում է Հայաստանի երեւի առաջին կին մեքենավար, Լենինականի դեպոյում Լոթի Սերգոյի հերթափոխը եղած այս Մանյա Աբուլովայի (Աբուլյան) խրոխտ կերպարը` բերետը թեք դրած, պապիրոսով: Մանյան` Կիրովականում երկաթուղային հանգույցի հեռագրատան պետ աշխատած Կարապետ Սեմյոնի Աբուլյանի դուստրը, Կորկոտյան Նիկոլայ-Կոլյայի հետ ամուսնացել է` արդեն ունենալով մի տղա եւ մի աղջիկ` Յուրայի ապագա մորը: Իսկ Կոլյայի հետ ամուսնությունից ծնվել են Նորան եւ Սվետան:

Ինչեւէ, կուրսընկերս Երեւանում հանդիպել, զրուցել էր նաեւ Սվետայի դստեր հետ: Վերջինս, հայտնելով, որ Նորայի որդին էլ` Աշոտ Հովհաննիսյանը, ապրում է Մոսկվայում, խնդրել էր ընկերոջս եւ Յուրայի հեռախոսահամարները: Դե, իսկ մնացածն արդեն դժվարություն չէր ներկայացնում: Սվետայի աղջիկը զանգել էր Մոսկվա` Աշոտին, պատմել այս ամենը, նա էլ իմացած անակնկալ նորությունից ուրախացած` անմիջապես կապվել էր Յուրայի` իր հանկարծ գտնված մորեղբորորդու հետ... Եվ արդեն հաջորդ օրվա ուշ երեկոյան Յուրան երջանկությունից հարբած զանգում է ընկերոջս` Վանաձոր. «Դու գիտե՞ս ի՜նչ տվեցիր ինձ, ի՜նչ...»: Մնացածը շնորհակալությունների տարափ էր, որ իր ինքնությունը վերագտած մարդու բերանից հնչում էր օրհնության հանգույն: Երբեմն մարդուն ուրախացնելու, երջանկացնելու համար այնքան քիչ բան է պետք:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4