«Շանթ» հեռուստաընկերությամբ արդեն 4 ամիս ընթացող «Ժողովրդական երգիչ» նախագիծը կիրակի հասավ իր վերջնակետին եւ հայտնի դարձավ հաղթողի անունըՙ Սեւակ Ամրոյան: Անցած կիրակի ցուցադրված եզրափակիչ համերգին մասնակցած տաղանդավոր երեք երիտասարդներիցՙ Նարեկ Պողոսյան, Արմեն Դավթյան, Սեւակ Ամրոյան, ամենից շատ ձայն հավաքեց Սեւակը, որի հոգեզմայլ ձայնն իրոք գերել էր շատերին: Այս հիրավի տաղանդավոր երիտասարդը կիսաեզրափակիչ համերգի քվեարկության արդյունքներով պիտի դուրս գար մրցույթից, սակայն նախագծի կազմակերպիչները գործի դրեցին իրենց վետոյի իրավունքըՙ պահելով նրան նախագծում: Վերջին քվեարկության ժամանակ Սեւակի երկրպագուների թիվն այնքան մեծ էր, որ նրանց տված ձայների շնորհիվ նա դարձավ նախագծի հաղթողըՙ դառնալով առաջին «ժողովրդական երգիչը», արժանանալով «Շանթ» հեռուստաընկերության գլխավոր մրցանակին, որի համար սահմանված էր 1 մլն դրամ:
Անկասկած, «Ժողովրդական երգիչը» կարելի է անվանել «Շանթ» հեռուստաընկերության ամենահաջողված ու մեծ ժողովրդականություն վայելող նախագիծըՙ աչքի ընկած թե՛ ժյուրիի կազմով, թե՛ լսարանով եւ երաժիշտ կատարողներով:
Թեպետ ավարտին հասավ նախագծի մրցութային մասը, սակայն բոլոր 13 մասնակիցներն առաջիկա ամիսներին համերգներով հանդես կգան Հայաստանի տարբեր քաղաքներումՙ հագեցնելու ժողովրդական զուլալ երգ ունկնդրելու մարդկանց քաղցը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ