«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2007-11-03 | #203, 2007-11-06 | #204, 2007-11-07


ՀԱՐԿԱՅԻՆԻ ԱՇԽԱՏՈՂԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ԳԱԼԱ-Ի ՕՊԵՐԱՏՈՐԻ ՎՐԱ ԵՎ ԲՌՆԵԼ ԿՈԿՈՐԴԻՑ

Ընդդիմանալու գինը

Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության շուրջը ծավալվող իրադարձությունները շիկացել են այն աստիճան, որ երեկ հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության գլխավոր օպերլիազոր Հարություն Սուքիասյանը հարձակվել է հեռուստաընկերության օպերատոր Գրիգոր Շաղոյանի վրա եւ բռնել նրա կոկորդից:

Հոկտեմբերի 29-ից հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունում սկսել են հարկային ստուգումներ իրականացնել: Այս շրջանում բոլոր ստուգումների ժամանակ ԳԱԼԱ-ի աշխատակիցները նկարահանել են հարկային ծառայության աշխատակիցների ստուգումների գործընթացն ու ցուցադրել հեռուստաընկերությամբ: Երեկ հարկայինի աշխատակիցները ժամը 13-ի սահմաններում արձանագրություն են կազմել, ինչն էլ նկարահանել է հեռուստաընկերության օպերատորը: Հարկային ծառայության օպերատիվ հետախուզության վարչության գլխավոր օպերլիազոր Հարություն Սուքիասյանը նախ փորձել է փակել տեսախցիկի տեսադաշտը, ապա ձեռքով փակել տեսախցիկի մոնիտորն ու փորձել խլել տեսախցիկը: Հեռուստաընկերության աշխատակից Արմինեի խոսքով, օպերատոր Գրիգոր Շաղոյանը շարունակել է իր աշխատանքը, ինչը հունից հանել է Սուքիասյանին, ե վերջինս հարձակվել է օպերատորի վրա ու բռնել նրա կոկորդից: ԳԱԼԱ-ի տնօրենի եւ աշխատակիցների միջամտությունից հետո միջադեպը շարունակություն չի ունեցել:

Օպերատոր Գրիգոր Շաղոյանը իր հետ կատարվածի վերաբերյալ հայտարարություն է տվել ոստիկանությունում, որտեղ էլ սկսել են ուսումնասիրել կատարվածը: Քրեական գործ, երեկվա տվյալներով, դեռ չէր հարուցվել, միայն ոստիկանությունում կատարվածի վերաբերյալ ցուցմունք է տվել Գրիգոր Շաղոյանը: Այսօր, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի տեղեկությամբ, հարցաքննության են հրավիրվելու միջադեպի ականատեսներն ու օպերատորի վրա հարձակվողը: Լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է, իսկ քր. օր.-ի 164-րդ հոդվածի երկրորդ մասը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքն օգտագործելով լրագրողի աշխատանքին խանգարելուն:

Մինչեւ ժամը 19 խառնաշփոթը դեռ չէր դադարել հեռուստաընկերությունում: Հարկայինի օպերատիվ հետախուզության վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանն իր կոլեգայի արարքը մեկնաբանել է, թե օպերատորի նկարահանում կատարելը խանգարում է իրենց աշխատանքին: Բացի այդ, դրանով միջամտություն է լինում իրենց ներքին խոհանոցին, իսկ իրենք էլ, Օհանյանի խոսքով, դերասաններ չեն, որ իմանան, թե որ պահին իրենց ինչպես պետք դրսեւորեն տեսախցիկի առջեւ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԳԱԼԱ-ի հիմնադիր-տնօրեն Վահան Խաչատրյանը հայտարարել էր, որ ինքը պատրաստվում է մինչեւ վերջ կատարել իր աշխատանքը` եթեր տրամադրել բոլոր ցանկացողներին: Իսկ որ նման խնդիրներ իրենք ունենալու էին, Վահան Խաչատրյանը չէր էլ կասկածել:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4