«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2007-11-06 | #204, 2007-11-07 | #205, 2007-11-08


ԱՄՆ-Ը ԾՐԱԳՐՈՒՄ Է ՌԱԴԱՐ ՍՏԵՂԾԵԼ ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ՇՐՋԱՆՈՒՄ

ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ

Մինչ Մոսկվան եւ Վաշինգտոնը խորհրդակցում են Գաբալայի (Ադրբեջան) եւ Արմավիրի ռադարների համատեղ օգտագործման հնարավորությունների շուրջը, ամերիկացիները Ռուսաստանից հարավ հակահրթիռային պաշտպանության օբյեկտներ տեղադրելու գաղտնի ծրագրեր են մշակում: Այդ մասին հայտնի է դարձել մոսկովյան «Վեդոմոստի» թերթին:

Դեռ գարնան սկզբներին, Գաբալայի ռադարը համատեղ օգտագործելու Պուտինի առաջարկությունը կանխելով, հակահրթիռային պաշտպանության ամերիկյան գործակալության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգը հայտարարել էր, որ իր երկիրը կուզենար ռադար տեղադրել Կովկասի տարածաշրջանում:

Հոկտեմբերի վերջերին Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյում ռուսաստանցի լրագրողներին ցուցադրել էին Եվրոպայի հակահրթիռային պաշտպանության համակարգի լուսապատկերներ: Դրանցից մեկի վրա նշված է շարժական ռադար Կասպից ծովի շրջանում: Բյուրոյում ասել էին, թե ռադարը պատահաբար է հայտնվել լուսապատկերի վրա:

Սակայն, ինչպես նշում է «Վեդոմոստին», Կասպից ծովի շրջանում ճիշտ նույնպիսի օբյեկտ առկա է նաեւ հակահրթիռային պաշտպանության ամերիկյան գործակալության կայքէջում: Դա սանտիմետրային դիապազոնի ռադար է, որը հնարավոր է շարժական հարթակի վրա տեղադրել ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում: Նման ռադարը կարող է ապահովել հրթիռների արձակումների վաղ հայտնաբերումը եւ հակահրթիռների առավել ճշգրիտ ուղղորդումը:

Հակահրթիռային պաշտպանության գործակալությունում, պետդեպարտամենտում եւ պաշտպանության նախարարությունում հրաժարվել են այս կապակցությամբ մեկնաբանություններ անելուց:

ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության աշխատակիցներից մեկը թերթի թղթակցին հայտնել է, որ ռուս-ամերիկյան բանակցություններում Կովկասի եւ Կասպից ծոցի շրջանում ռադարի տեղադրման հարցը չի շոշափվել: Պաշտպանության նախարարությունում մեկնաբանություններից հրաժարվել են:

Նախարարության աղբյուրի խոսքերով, ռադարն ԱՄՆ-ին թույլ կտա հետեւել ոչ միայն իրանական մեծ հեռահարության ենթադրյալ հրթիռների արձակումներին, այլեւ Աստրախանի մարզում եւ Ղազախստանում ռուսական զենքի նոր համակարգերի փորձարկումներին:

Զինաթափման հիմնահարցերի ուսումնասիրության ռուսական կենտրոնի տնօրեն Անատոլի Դյակովը, սակայն, համոզիչ չի համարում ամերիկյան ռադարի տեղադրման ծրագիրը, նշելով, որ ԱՄՆ-ը մտադիր է իրանական հրթիռների արձակումները բացահայտել արբանյակներով: Բայց եթե ամերիկացիները որոշեն ռադիոլոկացիոն դաշտով ծածկել ՌԴ ամբողջ տարածքը, ապա Կովկասում ռադարն անհրաժեշտ կլինի: Հեռավոր Արեւելքում արդեն իսկ տեղաբաշխվում են ամերիկյան ռադարներ. մնում է ռադար տեղադրել միայն Մոնղոլիայի կողմերում:

Դասական միջուկային ռազմավարության տեսակետից Կովկասի շրջանում նման օբյեկտների ստեղծումը հիշեցնում է ենթակառույցի շինարարություն, որն ապագայում կարող է օգտագործվել նաեւ Ռուսաստանի դեմ: Այս կարծիքին է փորձագետ Իվան Սաֆրանչուկը: Ամերիկյան Կոնգրեսը Լեհաստանում հրթիռային բազայի կառուցմանը 39 մլն դոլար հատկացնելուց հրաժարվել է, բայց Չեխիայում ռադարի կառուցմանը հատկացրել է 171 մլն դոլար:

Պենտագոնի հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն, գեներալ-մայոր Պատրիկ Օ՚ Ռայլին, որը սեպտեմբերին գլխավորում էր Գաբալա այցելած ամերիկացի փորձագետների խումբը, օրերս հայտարարեց, որ Գաբալայի ռադարի տեխնիկական հնարավորությունները հարմար չեն հակահրթիռային պաշտպանության համակարգում դրա ընդգրկման համար: Այս հայտարարությունը եւս հիմք է տալիս ենթադրելու, որ ԱՄՆ-ը մտածում է մի նոր, առավել հզոր ռադարի կառուցման մասին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4