«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2007-11-06 | #204, 2007-11-07 | #205, 2007-11-08


ԻՆՉ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԵՎ ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԱՅՆ ՈՒՏՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կազմակերպած մի համաժողով, որն, ըստ էության, Հայաստանի նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակման մեկնարկն էր: Փաստորեն, արդեն մի քանի տարի գործողության մեջ դրած առաջին հակակոռուպցիոն ռազմավարության կիրարկումն ավարտեցինք, օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջին փուլն էլ հետը, եւ այժմ ոտք ենք դնում մեր երկրի ղեկավարների կողմից սիրված եւ անընդհատ թմբկահարվող բարեփոխումների երկրորդ փուլ, որի ընթացքում ազգովին հանձն առած հակակոռուպցիոն պայքարը, հասկանում եք, պետք է ունենա կոնկրետ արդյունքներ. այս անգամ էլ չենք կարողանա միջազգային հանրությանը խաբել, թե բարեփոխվում ենք` դրա համար հազար տեսակ գրանտ պոկելով մեծ լվացքի, ինչպես նաեւ մինչեւ լվացքը շնորհանդեսային եւ այլ կարգի կերուխումների համար` անունը ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Այժմ, նոր ռազմավարություն մշակելուց եւ 5 տարում իրականացնելուց հետո, գոնե կոռուպցիայի ընկալման համաթվի 5-րդ ցուցիչին պետք է հասնենք` հիմիկվա 3-րդ ցուցիչի մակարդակից երկու նիշ բարձրանալով 10 թվանոց ընդհանուր սանդղակում: Ու այլեւս միջազգային հանրության աչքերին թոզ փչել չի լինի` միջազգային հակակոռուպցիոն նոր փաստաթղթեր ենք ստորագրել-բան, պարտավորություններ ստանձնել: Ու էլ առաջվա նման չի լինի դոնորների փողերը մի քանի կազմակերպությունով մեջ-մեջ անել հիմա` իրակա՛ն, եւ ոչ թե միայն թղթի վրա հասարակության մասնակցություն պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարի նոր փուլում, գնահատման` մոնիտորինգի համակարգ պետք է ներդրվի, վերահսկողական անկախ մարմինն ուժեղացվի, կոռուպցիոն արարքներն էլ օրենսդրությամբ քրեականացրել ենք, այնպես որ` կոռուպցիոներներ, զգուշացեք: Հավատացի՞ք: Ես էլ` ձեզ նման:

Այս տրամադրությունն էր երեկ փոխանցվում, երբ համաժողովի դահլիճում դեմ-դիմաց կրկին ու կրկին կարելի էր տեսնել արդեն 10 տարի այս կարգի համաժողովներում երեւակվող դեմքերը` պրոֆեսիոնալ ծրագիր գրողներ, պրոֆեսիոնալ գրանտ ուտողներ, պրոֆեսիոնալ սեմինար անողներ, ու այս բոլորի արդյունքում` մենք «հաջողությամբ պայքարեցինք»-իրականացրինք հակակոռուպցիոն առաջին ռազմավարությունը:

Սակայն լրջանանք եւ առանց գրանտի կատարենք հասարակությանն իրազեկելու մեր լրագրողական պարտքը, քանի որ շատ լուրջ ու ներկայացուցչական մասնակիցներով էր այս համաժողովը ու քանի դեռ մեզ չեն մեղադրել պարտքը չկատարելու մեջ:

Եվ ուրեմն: Այդ համաժողովի ծրագրով ողջույնի խոսք էր հատկացված Հայաստանի նախագահի օգնական, հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Մհերյանին, Հայաստանում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնին, ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովային, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մարկ Բոյանիչին:

Ըստ Գ. Մհերյանի, 2003-2007 թվականներին ավարտվել են հակակոռուպցիոն առաջին ռազմավարության ծրագրով պետության առջեւ դրված խնդիրները եւ մի շարք միջազգային կառույցների (ԳՌԵԿՕ, Համաշխարհային բանկ, ԵԱՀԿ) առջեւ ստանձնած պետության պարտավորություններից է բխում նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակումը: Առաջին ռազմավարության իրականացմամբ կատարված օրենսդրական բարեփոխումներն այժմ պետք է կյանքի կոչվեն` բացահայտելով դրական եւ թերի կողմերը: Նոր ռազմավարությունը, փաստորեն, պարտավորությունների կատարման պայմանների ստեղծում պետք է պարունակի` կոնկրետ պետք է սահմանվեն պարտավորությունների կատարման սահմանանիշերը: Այն ստեղծելու գործում պետք է ներգրավվեն հասարակական կազմակերպությունները, քննարկումները բաց են ընթանալու: Նախորդ ռազմավարության ծրագիրը ֆինանսավորել էր Համաշխարհային բանկը` մոտ 300 հազ. դոլար: Նոր ռազմավարական ծրագիրը, բնականաբար, էլի միջազգային դոնորները կֆինանսավորեն, բայց այս անգամ վերահսկողության ավելի խիստ մեխանիզմ է գործելու: Մինչեւ դեկտեմբերի վերջ տեխնիկական փաստաթուղթը պետք է մշակվի, իսկ 2008-ին կմշակվի բուն ռազմավարությունը` սա իմացանք մոնիտորինգի հանձնաժողովի անդամ եւ հավանաբար նոր ռազմավարության ապագա մշակողներից մեկի` փորձագիտական խմբի համակարգող Արմեն Խուդավերդյանից:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ֆրանսուա Վեզինան պատմեց այդ ռազմավարության մեջ ներդրվող 4 բաղադրիչների մասին: Առաջին բաղադրիչով Հայաստանում պետք է ստեղծվեն 11 հակակոռուպցիոն կենտրոններ, դրանցից 5-ը` Շիրակում, Տավուշում, Սյունիքում եւ Երեւանում, որոնք կօժանդակեն կոռուպցիայի զոհերին, հասարակության իրազեկմանը եւ այլն: Այս նոյեմբերին ՄԱԿ-ը դրամաշնորհներ է տրամադրելու այդ կենտրոնների ստեղծման համար (ի զեն, գրանտով սնվող կազմակերպություններ-Մ.Խ): Մյուս բաղադրիչով աջակցություն է լինելու Վերահսկիչ պալատին, որ իսկապես անկախ մարմին դառնա, նաեւ ` հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովին, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ մարզային հակակոռուպցիոն կենտրոնների կապի ստեղծմանը: Իսկ ահա 4-րդ բաղադրիչով նախատեսվում է հասարակությանը ներգրավել հակակոռուպցիոն միջոցառումներում, ինչպես նաեւ նպաստել հասարակության տարբեր շերտերի իրազեկմանը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ-Հայաստան» ՀԿ ղեկավար Ամալյա Կոստանյանը դրական համարեց, որ փակ դռների հետեւում չի մշակվելու նոր ռազմավարությունը, բայց եւ ինչպես միշտ նշեց հակակոռուպցիոն պայքարի բացասական կողմերը. դոնորների ոչ արդյունավետ աջակցություն, պայքարի համակարգային լինելու անհրաժեշտություն եւ այլն: Նա խոսեց ընտրություններում համատարած ընտրակաշառքի տալ-առնելու մասին` այս փուլում չգտնելով պատասխանըՙ ո՞վ է մեղավոր, եւ ուղերձ անելով այդ բոլորը լավ նախագահական ընտրություններով ուղղելու մասին: Ըստ նրա, կոռուպցիայի դեմ պայքարի երեք պարտադիր պահանջները` կանխարգելում, բացահայտում եւ դատապարտում, հասարակության մասնակցություն, առանց վերջինի անիմաստ կդառնա. «Ծրագիրը չի իրականանա, եթե վերջինը չնպաստի արատավոր շրջանը կոտրելուն», ասաց նա:

Հետաքրքրական է, որ համաժողովին հրավիրել էին բանախոսելու կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտների` առողջապահության, կրթության, սոցապահովության ներկայացուցիչներին, որոնց ոլորտներն, ի դեպ, ակտիվորեն ներգրավված են բարեփոխումների ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ փուլերում: Մենք կարողացանք լսել միայն ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին, որը պատմեց կոռուպցիան նվազեցնելու բազմաթիվ միջոցառումների մասին, որոնք Բոլոնիայի գործընթացին Հայաստանի կրթական ոլորտի մասնակցության համատեքստում են:

Մնացյալը սպասենք նոր ռազմավարությունից, որը, վստահ ենք շատ արհեստավարժ կգրվի, ու... կմնա իրականացնելը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4