ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ, Լոձ-Երեւան
Նոյեմբերի 2-ին Լեհաստանի Լոձ (լեհական արտասանությամբՙ Վուչ) քաղաքում սկսվեց Քրիստոնեական մշակույթի փառատոնը: Այն անցկացվում է արդեն 11-րդ տարինՙ Լոձի ստեղծագործ համայնքների եկեղեցու քսյոնձ (քահանա) Վալդեմար Սոնդկայի ղեկավարությամբ: Փառատոնին մասնակցում են լեհական եւ արտասահմանյան երաժշտական, պարային եւ թատերական խմբեր, ներկայացվում են ցուցահանդեսներ: 40-ից ավելի լեհական հաստատություններ եւ կազմակերպություններ ամենատարբեր եղանակներով հովանավորում եւ աջակցում են փառատոնի բարձր մակարդակով կայացմանը:
Այս տարի փառատոնին մասնակցում են խմբեր տաս երկրներից (Լեհաստան, Իտալիա, Իսպանիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Նիդեռլանդներ, Բելգիա, Չեխիա եւ Հայաստան): Քրիստոնեական մշակույթի փառատոնում այս տարի առաջին անգամ ներկայացվեց նաեւ հայ խմբերգային արվեստը: Նոյեմբերի 3-ին Լոձի Ստեղծագործ համայնքների եկեղեցում ելույթ ունեցավ Երեւանի «Հովեր» կամերային երգչախմբի արական կազմըՙ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ: «Հովերի» երգիչները կատարեցին Կոմիտասի «Պատարագը»ՙ արժանանալով հանդիսասրահի բուռն ընդունելությանը: Հատուկ այս համերգին մասնակցելու նպատակով Լեհաստան էր ժամանել «Հովերի» անդամ, ներկայումս Կանադայում աշխատող երգիչ, տենոր Վարուժան Մարգարյանը, որը կատարեց «Պատարագի» մեներգային մասերը: Հանդիսատեսն ըստ արժանվույն գնահատեց նաեւ քահանայի եւ սարկավագի մեներգերը կատարող Արթուր Մանուկյանի եւ Վահե Բեգոյանի կատարումները, ինչպես նաեւ «Հովերի» գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի խմբավարական ձիրքերը: Վերջինս հարցազրույց տվեց լեհական հեռուստատեսությանը եւ Լեհաստանի «Ռուսական ռադիոյին»ՙ ներկայացնելով երգչախումբը եւ հայ հոգեւոր երաժշտությունը:
Եկեղեցին լեփ-լեցուն էր հանդիսականներով, որոնց մի մասը նստած էր հատակին, մի մասն էլՙ հոտնկայս: Բեմի դիմաց, հատակին նստած ունկնդիրներից մի քանիսը հայկական դրոշներ էին պահել: Ի դեպ, հոգեւոր երաժշտության բարձր մշակույթ ունեցող Լոձի երաժշտասերները չափազանց բուռն էին արձագանքում կոմիտասյան պատարագին, որը, ինչպես խոստովանեցին, կարծես նոր մոլորակի հայտնագործում լիներ իրենց համար:
Համերգին ներկա էր Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը:
Հաջորդ օրը «Հովերը» երգեցողությամբ մասնակցեց նաեւ Լոձի ստեղծագործ համայնքների եկեղեցու առավոտյան ժամերգությանը:
Սա «Հովերի» արական խմբի երկրորդ ելույթն էր Լեհաստանում. նրա կատարմամբ Կոմիտասի «Պատարագը» անցած մայիսին հնչել էր նաեւ Չենստոխովայի «Գաուդեմատեր» հոգեւոր երաժշտութան միջազգային փառատոնում (տե՛ս «Ազգ», 16.06.2007): Այստեղ էլ «Հովերին» առաջին անգամ ունկնդրել էր քսյոնձ Սոնդկան, որն էլ անձամբ երգչախմբին հրավիրել էր Լոձի փառատոնին: