ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ նախագահական արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունվարի 5-ին: «Ես սեփական կամքով, արդեն երկրորդ անգամ անընդմեջ, գնում եմ նախագահական լիազորությունների ժամկետի կրճատման, քանի որ Վրաստանը ժողովրդավարական երկիր է», հայտարարել է Վրաստանի նախագահը: Սաակաշվիլին ասել է նաեւ, որ հունվարի 5-ին ժողովուրդը կարտահայտի իր կամքը, եւ ինքը հնարավորություն է տալիս ընդդիմությանը ցույց տալու ուժը: Նախագահական ընտրությունները տեղի էին ունեցել 2004-ի հունվարի 5-ին եւ Վրաստանի նախագահի առաջարկով նոր ընտրությունները պետք է կայանային ոչ թե 2009-ին, այլ 2008-ի աշնանը, խորհրդարանական ընտրությունների հետ:
Իսկ մինչ այդ, 2003-ի նոյեմբերին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ «վարդյա հեղափոխություն» իրականացրած Սաակաշվիլին նոյեմբերի 2-ից Թբիլիսիում հանրահավաքային եւ իր հրաժարականը պահանջող ընդդիմության հարցը փորձում էր լուծել հիմնականում ընդդիմադիրներին եթեր տրամադրող «Իմեդի» հեռուստառադիոընկերության եթերն անջատելով:
Նոյեմբերի 7-ի ուշ երեկոյան «Իմեդին» արդեն զրկված էր եթերից, մի շարք լրագրողներ ու մեկնաբաններ ձերբակալված էին, իսկ հեռուստաընկերության շենքում հայտնված հատուկ նշանակության ջոկատի տղաները ջարդում էին թանկարժեք սարքավորումները:
Եթերից զրկված է նաեւ «Կավկասիա» հեռուստաընկերությունը, մի շարք կաբելային հեռուստաընկերություններ, որոնք եւս ընդդիմության հանրահավաքի տեղեկություններ էին ներկայացնում: Ի թիվս ոստիկանության ծեծած ցուցարարների ու ընդդիմության առաջնորդների, նաեւ երեկ Բաթումում ցուցարարների ճնշման փորձերի, վնասվածքների իրենց «բաժինն» են ստացել նաեւ որոշ թերթերի ու գործակալությունների ներկայացուցիչներ: Եվ որքան էլ հետաքրքրական է, եթերազրկված հեռուստաընկերությունները դիմել են վրաց պատրիարքին` աջակցություն խնդրելով: Վրաստանի նախագահ Սաակաշվիլին նախընտրեց ծայրահեղությունն ու նոյեմբերի 7-ի երեկոյան արտակարգ իրավիճակ հայտարարեց Թբիլիսիում, ապա նաեւ ողջ երկրի տարածքում 14 օր ժամկետով, որի ժամանակ արգելվում են ցույցերը, հանրահավաքները, նաեւ սահմանափակվում է լրատվամիջոցների աշխատանքը` տեղեկություններ հավաքելու եւ տարածելու իմաստով: Վրացական կայքէջերը տեղեկացնում են, որ բացի հանրային հեռուստաընկերությունից, մնացյալ բոլոր հեռուստաընկերությունների եթերում ցուցադրում են միայն ֆիլմեր` հրաժեշտ տալով հանդիսատեսին երկու շաբաթով:
Միեւնույն ժամանակ, արդեն երեկ Թբիլիսիում հանդիպումներ էր անցկացնում Հարավային Կովկասի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Եվրոմիության հետ մտահոգ են նաեւ մի շարք երկրներ ու միջազգային կառույցներ: Ընդդիմության որոշ լիդերներ ձերբակալված են, մյուսները կարծես ցանկություն չեն դրսեւորում երկխոսության, բայց հանդիպում են ամերիկյան դեսպանի հետ:
Ինչեւէ, այս ամենում մեկ բան ակնհայտ է. Արեւմուտքն ու Միացյալ Նահանգները, ինչպես միշտ, իրենց երկակի ստանդարտների կիրառման բացառիկությունն են փաստում: Եթե նման բան լիներ, ասենք, մեր երկրում, պատկերացնելու չէ, թե ինչ աղմուկ կհանեին ոչ միայն մեր համասեռամոլական իրավապաշտպանները, այլեւ արեւմտյան իրավական կառույցները համատեղ ու միաձայն:
Մինչդեռ, օրինակ, Վրաստանի հետ երկխոսությունն ակտիվացրած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը մտահոգություն է հայտնել Վրաստանում արտակարգ իրավիճակ հայտարարելու եւ լրատվամիջոցների փակման առնչությամբ, ընդամենը նշելով, որ դա «համահունչ չէ եվրատլանտյան արժեքներին»:
Ամեն դեպքում, վրաց ընդդիմությունն, իր հերթին, ի պատասխան արտակարգ իրավիճակ հայտարարելուն, տարածել է, որ կվերսկսի բողոքի ցույցերը երկու շաբաթից: Իսկ մինչ այդ իրավիճակի դիտարկման նպատակով Վրաստան կայցելեն ԵԽԽՎ դիտորդները:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ