ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների մասնակի սառեցումից գրեթե մեկ տարի անց Եվրոպական հանձնաժողովը նոյեմբերի 6-ին հրապարակել է զեկույց, որում ամփոփվում է անցած ժամանակահատվածում ԵՄ-ին անդամակցության ուղղությամբ Թուրքիայի կատարած աշխատանքը: Ընդհանուր գնահատականն այն է, որ բարեփոխումների առումով շատ քիչ է առաջընթացը, դրանց «իրագործումը անհավասարաչափ է եղել եւ 2005-ից դանդաղել է»: Ըստ զեկույցի` շատ անելիքներ կան քաղաքական բարեփոխումների առումով, հատկապես խոսքի ազատության, զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության եւ ոչ մուսուլման համայնքների իրավունքների պաշտպանության հարցերում:
ԵՄ գնահատմամբ, խոսքի ազատության սահմանափակումները «լուրջ անհանգստության տեղիք են տալիս», թեպետեւ որոշ զգայուն հարցերով բաց քննարկումներ անցկացվել են: Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածի առնչությամբ նշվում է, որ դրա հաճախակի կիրառումը հանգեցնում է «ինքնագրաքննության» մթնոլորտի ձեւավորման, նույնիսկ գիտական շրջանակներում:
Եզրակացությունն այն է, որ «Թուրքիայի իրավական համակարգը ամբողջապես չի երաշխավորում խոսքի ազատությունը` եվրոպական չափանիշներին համապատասխան»: Նշվում է, որ «սեփական տեսակետը ազատորեն արտահայտելու համար դատապարտված լրագրողների ու մտավորականների թիվն անցնող տարվա ընթացքում նվազելու փոխարեն ավելացել է»: Հիշատակվում է նաեւ «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը:
Առաջընթաց չկա փոքրամասնությունների պաշտպանության եւ մշակութային բազմազանության ապահովման առումով: Ոչ մուսուլման կրոնական համայնքների համար շարունակում է հիմնախնդիր մնալ սահմանափակ սեփականության իրավունքը: Այս համատեքստում նշվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցի հիմնադրամի (Istanbul Armenian Hospital Foundation) հայցն ընդդեմ Թուրքիայի կառավարության:
Հայաստանի հետ հարաբերությունների մասին խոսվում է արտաքին անվտանգության եւ պաշտպանական ոլորտների քաղաքականությանը նվիրված գլխում: «Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի հետ հարաբերություններին, փետրվարին Թուրքիան Ադրբեջանի եւ Վրաստանի հետ շրջանակային համաձայնագիր է կնքել` Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծի վերաբերյալ:
Հայաստանի մասով` եղել են հայկական եւ թուրքական բարձր մակարդակի պաշտոնյաների հանդիպումներ: Ավելին, Թուրքիան նախաձեռնել է խորհրդանշական քայլեր` հրավիրելով Հայաստանի ներկայացուցիչներին մասնակցելու սպանված հայկական ծագմամբ թուրք լրագրող Հրանտ Դինքի թաղմանը 2007-ի հունվարին եւ մարտին Աղթամարի «Սուրբ խաչ» վերականգնված հայկական եկեղեցու բացման արարողությանը: Այդուհանդերձ էական զարգացումներ չեն եղել: Թուրքիան շարունակել է փակ պահել Հայաստանի հետ ունեցած ցամաքային սահմանը»:
Թեպետեւ զեկույցն ընդհանուր առմամբ քննադատական է եւ ավելի շատ բացասական եզրահանգումներ կան, այդուհանդերձ ավելի «փափուկ» է` անցած տարվա համանման փաստաթղթի համեմատությամբ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ