«Պայքար, պայքար»ՙ չմոռանալով հանդուրժողականությունը
Անհանդուրժողականության, արհամարհանքի նաեւՙ չարության այն չափաբաժինը, որ ունի նախկին նախագահի կողմնակիցների մի մասը (մեծ թե փոքրՙ էական չէ) «այլախոհների» նկատմամբ, ընդունակ է անհատի նոր պաշտամունք ծնելու: Մեր երկիրը կդիմանա՞ դրան:
Այս կարծիքը ուռճացված, կտրական եւ օտար էինք համարում ընդամենը մի քանի օր առաջՙ հիշելով ՀՀՇ-ի գոնե վերնախավի գովերգված կրթվածությունն ու վարվելակերպի հղկվածությունը: Սակայն բավական եղավ կարդալ հոկտեմբերի 26-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի առնչությամբ «Ազգ»-ի կայքէջում ընթերցողների չխմբագրված արձագանքները (խմբագրված տարբերակն էլ նույնն է ապացուցում), որպեսզի կասկածի նշույլ չմնար վերը ներկայացված կարծիքի ճշմարտացիության մասին: Մի քանի տասնյակ էջ կազմող արձագանքներում առաջնային տեղ էր գրավում անեծքներով ու հայհոյանքներով համեմված խոսքը, որը հղկմամբ հրապարակելի դարձնելու մեր փորձերն ուղղակի անօգուտ եղան, քանի որ ինչպես էլ շտկեսՙ հայհոյանքը հայհոյանք, անեծքն էլ անեծք է մնում: Իսկ ընթերցողները, որքան էլ զարմանալի է, անհանդուրժողականությունն ու ագրեսիան արտահայտել էին հենց միմյանց դեմՙ փորձելով բացառել տարակարծությունը, ավելի կոնկրետՙ նախկին նախագահին որպես հայոց փրկչի, սրբացյալ անձի չընդունելը: Ինչպես կայքէջում, այնպես էլ այս նյութում հրապարակելի չենք համարում ընթերցողների լայն շրջանակների գեղագիտական ընկալումներն ու արժանապատվությունը ոտնահարող արտահայտությունները, որոնցից ամենամեղմը «ճոռթո բերան» արտահայտությունն էրՙ ուղղված ընթերցողներից նրան, ով հարկ չէր համարել մոռացության տալ 90-ականների սկզբի հայաստանյան իրականությունը, նախկին նախագահի ակտիվացումն էլ որպես փրկություն չէր ընդունել:
Դատեք ինքներդ:
Համո Արմավիրցի, Զավետեմ, Բելգիա, 2007-28-10 20:23:07, IP Code:
Մի բան, որ դու (եւ ոչ թե Դուք) պետք է անեսՙ լռելն է: Կյանքը ցույց է տվել, թե դու ով ես: Ճիշտն ասած, ափսոսում եմ քեզ վրա խոսելը, դու երբեք էլ ՀԱՅ ազգի նախագահ չես եղել:
Ի պատասխան այս կարծիքի արտահայտվել են մի քանի ընթերցող, որոնցից միայն հետեւյալն է հրապարակման ենթակա բառապաշարով գրված.
Միհրան, Երեւան, 2007-29-10 10:30:27, IP Code: a9933
Համո Արմավիրցին ինչի՞ է փախել բելգիաները: Թե՞ վախենում է, որ իր նմաններն առաջին հերթին են...
Անկախ քաղաքական դիրքորոշումից, անհնար է չնկատել, որ երեւանցի Միհրանը իր պատասխանում սպառնալիք է ներառել, չնայած նրան կարելի է մեղմ արտահայտվողների շարքին դասել, ասենք, երեւանաբնակ մի սովորական հայ կնոջ, 2007-30-10 03:45:14, IP Code: 3425b համեմատությամբ. «Պարոն Տեր-Պետրոսյան, արդյոք ունե՞ք այդքան ուժ, առողջություն ու համբերություն, որ կարողանաք պայքարել այս իշխանության ճիրաններում հայտնված ստրուկի հոգեբանությամբ մասսայի դեմ (կամ համար): Ափսոս եք: Սրանք կամ դրանք արժանի չեն: Ու եթե որոշել եքՙ ԱՍՏՎԱԾ ձեզ օգնական: Մեղք են էս փչացածները»:
Շատ կուզենայի հավատալ, թե մի սովորական հայ կին չի նկատել, չի գիտակցել, որ ստրկամիտ ու փչացած է համարում մի ողջ ժողովրդի, կամ, անգամ մի հատվածի որին, իր գնահատմամբ, արժանի առաջնորդը պետք է նվազագույնը արհամարհանքի արժանացնիՙ չիջնելով իր ենթադրյալ բարձրությունից: Կուզենայի, սակայն չեմ կարողՙ նկատի առնելով Լ. Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին ու դրանից հետո էլ դրսեւորած վերաբերմունքը, որը ներառում էր ե՛ւ անտարբերություն, ե՛ւ արհամարհանք, ե՛ւ սպառնալիք ու դրա իրագործում:
Կարելի՞ է չպաշտպանել կամ չողջունել Լ.Տ-Պ-ի վերադարձը, ու կարծիքդ հայտնելու հնարավորություն ունենալ նրա կողմնակիցների հետ զրուցելի՞ս: Փորձեք, ու եթե դուք դա կարողանաք անել հանգիստ տոնով, ու հետն էլ լսված լինելՙ ուրեմն ձեր բախտը պարզապես բերել է. դուք ամեն դեպքում կիրթ մարդու հետ եք խոսում: Համենայն դեպս կայքէջում արտահայտվողներին դա մեծ մասամբ չի հաջողվել, քանի որ ՀՀ նախկին նախագահի հոկտեմբերի 26-ի հանրահավաքում ներկայացրած ելույթը հավանության արժանացրածներից շատերն ուղղակի հարձակողական տրամադրությամբ ու վիրավորանքների շարանով էին պատասխանել այլ կարծիք արտահայտողներին: Լեւոն Տեր-Պետրոսյանից ակնկալիքներ ունեցողներից շատերի ելակետը համանման էր լոսանջելեսցի Խաչատուրի, 2007-29-10 11:21:44 , IP Code: 627e0 ելակետին. «Համոզված եմ, որ նախագահը տեղյակ չի եղել կողմնապահությանը, չարաշահումներին, մենաշնորհի ստեղծման հիմքերին... Սակայն կարծում եմ, որ պետք է դատապարտի իր ժամանակ եղած պրոբլեմները»: Դատապարտմամբ բավարարվելու եւ «ժողովրդի հայրությունը» որեւէ մեկին հանձնելու պատրաստակամությունը երեւի իներցիայի կարգով փոխանցվել է խորհրդային ժամանակներից, սակայն նկատելի անհանդուրժողականությամբ ու չարությամբ է դրսեւորվում:
Նախկին ու ներկա իշխանավորների համեմատությամբ գնահատելով ապագայի հնարավորություններըՙ ընթերցողների մի մասն էլ ապագայի ակնկալիքը տեսնում է ներկա իշխանությունների ձեռքին, ընդգծելով արձանագրված հաջողություններն ու առաջընթացը: Սակայն լավագույն թեկնածուին ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանավորների մեջ չնկատողներն էլ քիչ չեն. «Ամոթ է, գոնե լռեք, սեւ ու մութ տարիները դուք սարքեցիք: Դա էր ձեր երազանքը: Ափսոսում եմ նյարդերս ու ժամանակս ելույթդ կարդալու համար: Հեռացի՛ր Լեւոն», բնավ ոչ ներկա իշխանություններով հիացող, դժվար աշխատանքով վաստակող եւ Հայաստան ուղարկող, 65-ամյա Գայանե Հովհաննիսյան եւ ընտանիք, Բրուքլին, ԱՄՆ, 2007-29-10 17:35:18 , IP Code: 43f9c
Իսկ իրավիճակը տեղի-անտեղի սրելու ՀՀ նախկին նախագահի քայլերը հաստատ անարդյունք չեն մնա: Ու արդյունքն այդ խիստ կանխատեսելի էՙ անարդարություններից դժգոհ մարդկանց ակտիվ կամ պասսիվ աջակցությամբ ընթացող ցույցեր, շիկացած մթնոլորտ, «լավագույն» դեպքումՙ փողոցային խժդժություններ... Տպավորություն է, թե ինչ-որ մեկն ինչ-որ բանի համար փորձում է վրեժ լուծել. ումի՞ցՙ ժողովրդի՞ց:
Կկարողանա՞նք արժանի չլինել դրան...
Եվ ի հավելումն.
Վազգեն, Գյումրի, 2007-30-10 03:13:35 , IP Code: 79e86
Վա՜յ, խե՜ղճ հայ ժողովուրդ, տե՛ս, ով է եկել քեզ նորից փրկելու ... Նաՙ ով 10 տարի կորած էր...
Սարգիս Պետրոսյան, Դիլիջան, 2007-30-10 02:33:57 , IP Code: d149
Պարոն Լեւոն, էդ ո՞նց հանկարծ հիշեցիր, որ Հայաստան կա, Ղարաբաղ կա, ժողովուրդ կա...
Հ.Գ. Անհանդուրժողականությունից ու չարությունից բաժին է հասել նաեւ «Ազգ»-ի խմբագրին. «Հակոբ Ավետիքյան, ափսոս էն օդը, որ շնչում եք: Հոգի ունեք տալու, հուսամՙ շուտով, մարդ եղեք, ամոթ է...»: Սա Հայ Սուրիկի, 2007-02-11 08:10:48 , IP Code: 2d755 հեղինակած անեծքի մի մասն է, որի շարունակությունը իր անձը գաղտնի պահող մեկն է հեղինակելՙ մեղադրելով Հակոբ Ավետիքյանին տարիքի բերումով անհեռատես գործունեություն ծավալելու մեջ:
Անեծքատուներին չհիշեցնելով, որ անեծքը բումերանգի էֆեկտ է ունենում, եւ առանց դրան էլ պարկեշտ մարդու, առավել եւս, տղամարդու բան չէ, ասենք, որ Լ.Տ-Պ-ն աշխարհ է եկել «Ազգ»-ի խմբագրից մի քիչ ավելի վաղ, ուրեմն այդ հոգեբանության ու տրամաբանության դեպքում ինչպե՞ս եք հանդգնում մի ողջ երկրի ապագան Լ.Տ-Պ-ին վստահելու կոչեր անել:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ