Անհրաժեշտ են ներդրումներ
Հանրապետության 10 ինստիտուտներ պետական նպատակային ծրագրերից մեկիՙ «Տեղական հումքով նոր նյութերի ստացման» ծրագրի արդյունքների հաշվետու գիտաժողով էին կազմակերպել Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ): Ծրագիրն իրականացվել է երեք ուղղությամբՙ մետաղական, նանո փոշիների եւ վերջինների հիման վրա պոլիմերների հետ հատուկ խառնուրդային միացությունների ստացումՙ օպտիկական, մեխանիկական հատկություններով, նոր տիպի գործիքների պատրաստում, ագրեսիվ միջավայրում աշխատող բետոնի ստացում:
Երեք ուղղվածություններում էլ կիրառական արդյունքներ են արձանագրվել: Հայ գիտնականներն աշխատել են մեր երկրում առկա բնական հումքով, նվազագույն միջոցներ պահանջող տեխնոլոգիայով հայաստանյան իրականությունում անհրաժեշտ, գործածելի նոր հատկություններով նյութեր ստանալ ու ստացել են, ասենք, թունելի պայմաններում սովորականից ավելի երկարակյաց ու դիմացկուն բետոն: Ինչպես տեղեկացրեց ԳԱԱ քիմիայի եւ երկրի մասին գիտական բաժնի ակադեմիկոս, քարտուղար Արամ Շահինյանը, բետոնի եւ մյուս բոլոր նյութերի ստեղծման համար գործել է երկու սկզբունքՙ տեղական հումք եւ նվազագույն ֆինանսատար տեխնոլոգիա, որպեսզի ծրագրի բոլոր արդյունքներն էլ կիրառական լինենՙ ինչպիսին եւ են:
Կիրառականության ապացույցը ի հայտ եկավ հենց գիտաժողովի ընթացքումՙ Քարակերտի քարաձուլման գործարանի ներկայացուցիչը հետաքրքրություն դրսեւորեց ծրագրով առաջարկվող նյութերից մեկի կիրառման առնչությամբ ու վստահեցում ստացավ, որ Հայաստանում լիովին հնարավոր է ամեն մի համաձուլվածքի ստեղծում, եթե տրվեն մշակման տեխնիկական պայմանները:
Ծրագիրը հայ գիտնականներին հնարավորություն է ընձեռել արդեն գոյություն ունեցող լուծումները արդյունքի վերածել տեղական հումքով, ստացվել է բնության մեջ ամրությամբ միայն ալմաստին զիջող սիլիցիում-կարբիդ: ԵՊՃՀ կոմպյուտերային համակարգերի եւ ինֆորմատիկայի դեպարտամենտի դոցենտ Միսակ Տրավաջյանի տեղեկացմամբՙ սիլիցիում-կարբիդը ստեղծվել է սիլիցիումի, (որը, որոշ տվյալներով, ՀՀ-ում բավական շատ կարող է լինել), սիլիցիումի օքսիդի եւ գրաֆիտի փոշու սինթեզմամբ: Միսակ Տրավաջյանի հավաստմամբՙ սիլիցիում-կարբիդը հեռանկարային նյութ է եւ կարող է ունենալ լայն կիրառությունՙ էլեկտրոնիկայի ոլորտից մինչեւ քարի արտադրություն, քանի որ ամուր է որպես հղկանյութ օգտագործվելու համարՙ մնում է լուծել հատիկայնության խնդիրը:
Երեկ մեկնարկած երկօրյա գիտաժողովը «Տեղական հումքով նոր նյութերի ստացման» պետական նպատակային ծրագրին առնչվող երկրորդն է: 2004-ից ընթացող եւ տարեկան 30 մլն դրամ արժողությամբ ծրագիրը շարունակվելու է եւս մեկ տարի, ավարտը կլինի մեկ տարուց, եւ այդ ընթացքում գիտաժողովում ներկայացված արդյունքների հիման վրա բիզնես ծրագրեր կպատրաստվեն ու որպես ամբողջական փաթեթ կներկայացվեն համապատասխան շահագրգիռ կազմակերպություններին:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ