«Ղարաբաղ» կոմիտեի նկատմամբ 1998-ին հարուցված քրեական գործը գտնվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ», երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության վարչական շենքի բացման ժամանակ հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա հավելել է, որ «Ղարաբաղ» կոմիտեի գործը դատախազության արխիվից անհետացել է դեռեւս 1996-ին. «Դատախազության այն ժամանակվա քննչական բաժնի պետն անձամբ է գործն արխիվից հանել եւ հանձնել Լեւոն Տեր-Պետրոսյանին»:
Հիշեցնենք, որ նախօրեին «Ազգը» գրել էր, որ կարծիք է շրջանառվում, թե հիշյալ գործն անհետացել է դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին:
Գլխավոր դատախազն ասել է, որ «Ղարաբաղ» կոմիտեի գործի անհետացման մասին միայն վերջերս են իմացել, քանի որ որոշ տեղեկություններ իմանալու համար դատախազը դիմել է արխիվին` գործն իրեն հանձնելու հանձնարարությամբ. «Ես հանձնարարեցի, որպեսզի գործն արխիվից ինձ ներկայացնեն: Պարզվեց, որ գործն արխիվից բացակայում է: Բնականաբար, ես նշանակեցի ծառայողական քննություն եւ պարզվեց, որ գործը դեռեւս 1996-ի նոյեմբերի 6-ին դատախազության այն ժամանակվա քննչական մասի պետը գլխավոր դատախազի հանձնարարությամբ արխիվից հանել եւ հանձնել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին», Հանրային ռադիոյի փոխանցմամբ ներկայացրել է Աղվան Հովսեփյանը:
Աղվան Հովսեփյանը տեղեկացրել է, որ դատախազության աշխատակազմի ղեկավարը, որի ծառայակազմում է արխիվը, այսօր գրություն է ստորագրել` առաջին նախագահին խնդրելով գործը վերադարձնել դատախազություն: Գլխավոր դատախազն ակնկալություն է հայտնել, թե առաջին նախագահը «այնքան խոհեմ կլինի, որ գործը կվերադարձնի դատախազություն»:
Աղվան Հովսեփյանն ընդգծել է, որ օրենքով արգելված է քրեական գործերը քննող մարմնից մեկ այլ մարմնի հանձնելը. «Նույնիսկ հանրապետության նախագահն օրենքով իրավունք չունի քրեական գործերը պահանջել եւ պահել իր մոտ. 1996-ին տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտում, քանզի քրեական գործերը չեն կարող պահվել մեկ այլ մարմնի արխիվներում, առավել եւս` մասնավոր արխիվներում»:
Նախօրեին սպանված Որսորդների միության նախագահ Սայաթ Դավթյանի սպանությանն անդրադառնալով` դատախազը նշել է, որ բոլոր հիմքերը կան սպանությունը բացահայտելու համար:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ