Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը երեկ Գյումրիում էր: Գյումրեցիներին անձամբ հանձնեց բնակարանների գնման վկայագրերն ու վստահեցրեց, որ ծրագիրը երկրի վարչապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում է, եւ բոլոր նրանք, ովքեր կարգի համաձայն ցանկություն կհայտնեն ծրագրից օգտվելու, վստահաբար, հնարավորություն կստանան: Բնակարանի գնման վկայականների համար միջոցներ են տրամադրվելու նաեւ եկողՙ 2008 թվականի պետական բյուջեից:
28-ամյա Արման Խնկոյանն արդեն 5-րդ անգամ է ստանում այդ հնարավորությունը եւ նախորդ չորսը չի կարողացել իրացնելՙ բնակարան գնել. «Գումարը քիչ էր: Հիպոթեկային վարկ էլ չտվեցին. իմ ու կնոջս աշխատավարձը 80 հազարից ցածր էՙ մերժեցին: Այս անգամ, հույս ունեմ, 4 մլն 700 հազար դրամ արժողությամբ վկայականը տուն կդառնաՙ մի նման բան գտել եմ»:
Գյումրեցի Համբարյան Արեւիկն էլ երկար է սպասել ԲԳՎ ստանալու իր հերթին. «Էնքան ասինՙ գնա, տարան-բերինՙ վերջում էլ , թե ուշացել ես, էլ չես կարող դիմել, իսկ տնակս իրացրել են ու հիմա բոմժի պես եմ ապրում ընտանիքիս 7 անդամների հետ»:
Ծայրահեղ են գյումրեցիների կարծիքները ԲԳՎ ծրագրի առնչությամբ, եթե մեկը բողոքում է ծրագրին մասնակցելու հնարավորությանը երկար սպասելուց, ապա մյուսը, որոնց թիվը քիչ չէ, ընդգծում է, որ ԲԳՎ տրվող միջոցները չափազանց քիչ են բնակարան ձեռք բերելու համար: Իսկ տրվող միջոցները որոշվում են կադաստրի տված բնակարանների շուկայական միջին արժեքի համաձայն: Նույն այդ տվյալով որոշվել է մեկ քմ բնակտարածքի համար 74 հազար դրամ տրամադրել 2007 թվականին տրվող ԲԳՎ ծրագրով: Ի դեպ, այս գինը վերանայվում է եռամսյակը մեկՙ համայնքի կադաստրի տված տեղեկանքի հիման վրա նոր գին սահմանվում: Քաղաքաշինության նախարարության եւ Շիրակի մարզպետարանի տվյալներով, ԲԳՎ-ների բաշխմանը զուգահեռ տվյալ բնակավայրերում աճում են նաեւ անշարժ գույքի գները: Սակայն հազիվ թե այդ աճով բացատրվեն գյումրեցիների ունեցած ԲԳՎ-ների իրացման դժվարությունները:
Պետբյուջեից ֆինանսավորվող ԲԳՎ ծրագիրն, ըստ գյումրեցիների, պահանջարկ ունի միայն կապիտալ շինարարության Գյումրիում բացակայության պատճառով, այնուամենայնիվ միայն այս տարի 300 գյումրեցի ընտանիք է մասնակցել ծրագրին, որը մարզի անօթեւանների 10 տոկոսն է միայն: Իսկ հանրապետությունում 2005 թվականից առ այսօր ԲԳՎ է ստացել ավելի քան 1500 ընտանիք, որից 700-ը Գյումրիում: Նախորդ տարի տրամադրված 670 ԲԳՎ-ից իրացվել է 560-ը, իսկ իրացման աճը 2005-ից 2006 թվականին կազմել է 20 տոկոս` 60-ից 80 տոկոսի հասնելով: Այս տվյալները ներկայացնելով քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը տեղեկացրեց նաեւ, որ կա կառավարության հստակ հանձնարարականը վթարային շենքերի վիճակը նորից ուսումնասիրելու, կարգավիճակը որոշելու, որպեսզի լուծումներ տրվեն: Իսկ մինչ այդ տանիքի նորոգման անհրաժեշտություն ունեցող Գյումրիի 120 շենքերից 30-ի տանիքն են նորոգել, ինչը Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի հետ տեղում լինելով տեսավ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Նույնկերպ եղավ նաեւ Գյումրի-Արմավիր ճանապարհի Մարմաշեն տանող հատվածում, որտեղ նորոգվել է նախկինում տրակտորով անգամ դժվարանցանելի 2 կմՙ 147 մլն դրամով, այնուհետեւ Անի թաղամասի նորոգված բակերից մեկում:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ