«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2007-11-08 | #206, 2007-11-09 | #207, 2007-11-10


ՇՈՒՐՋ 23 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ` ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

VIVACELL-ի բարեգործությունն ապագա սերունդների համար է

«Իմ արածը բարերարություն չէ, այլ պարտավորություն ու պարտականություն: Մեր գործարարությամբ մենք օգտվում ենք, չէ՞, հասարակությունից, բայց մենք հավատում ենք, որ միեւնույն ատեն մենք պետք է օգտակար դառնանք հասարակությանը, որն ունի բազմաթիվ փորացավեր կամ գլխացավ: Ուրախ կլինենք, եթե կարողանանք այդ հարցերից մեկը հարթել: VIVACELL-ը պատասխանատվություն ու պարտականություն է ստանձնում առողջապահական, մշակութային, բնապահպանական եւ այլ ոլորտներում օգնելու, ավելի զարգացնելու դրանք»: Այս սրտառուչ եւ համեստությամբ լի խոսքերը հնչեցրեց VIVACELL-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով մի խումբ աշխատակիցների հետ երեկ այցելել էր Հայաստանի Ազգային գրադարան: Նրան հրավիրել էին երախտագիտության պարգեւ եւ շնորհակալական խոսքեր հղելու` հայաստանյան իրականությունում հանդիպող եզակի բարերարության համար: Հիրավի, պարբերաբար տրամադրած ընդհանուր հաշվով 12, 5 միլիոն դրամի օգնությունը Ազգային գրադարանի համար փոքր, բայց էական նվիրաբերում է: Դրանով հիմնանորոգվել են չորս մասնաշենքերի սանհանգույցները եւ գրադարանի տանիքը: Երեկ Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը բազմաթիվ ընթերցողների եւ իր անունից երախտագիտություն հայտնեց Ռալֆ Յիրիկյանին շնորհելով նրան Հակոբ Մեղապարտի անվան մեդալ, ազգային գրադարանի պատվավոր ընթերցողի խորհրդանշական տոմս եւ հուշանվեր: Իսկ երբ հյուրն իմացավ, որ մյուս տարի նախատեսում են տոնել գրադարանի ստեղծման 175-ամյակը, տեղում եւս 10 միլիոն դրամի բարերարության մասին որոշում կայացրեց: Այս քայլով, գործարարն ապացուցեց իր յուրահատուկ վերաբերմունքը գրականության եւ գրքերի պահպանության նկատմամբ:

Դժվար է, ասել, թե վերջին ժամանակներում ո՞ր բարձրաստիճան ու պատասխանատու պաշտոնյան է շրջագայել Ազգային գրադարանի գրապահոցներում, սակայն կարծես բոլոր պատասխանատուների փոխարեն Ռ. Յիրիկյանը կամավորապես դա արեց` անկեղծ հետաքրքրասիրությամբ ու սրտացավությամբ: Ի դեպ, նա 10 միլիոն դրամ նվիրաբերեց մինչ շրջագայության մասին մտահղացումը, որը ծնվեց գրադարանի տնօրեն Դ. Սարգսյանին ուղղված «Ազգի» հարցադրումից հետո:

- Ոչ հեռու անցյալում գրապահոցներում ջերմությունն ու խոնավությունն ապահովում էիք ջրի դույլերի եւ էլեկտրական վառարանների օգնությամբ: Այսօր ինչպիսի՞ն է վիճակը:

- 2008 թվականին պետական միջոցների հաշվին մեր թամանյանական մասնաշենքը (1938-40 թթ.) հիմնանորոգվելու է: Մենք պիտի դատարկենք այդ շենքի գույքը եւ տեղավորենք մյուս երեք շենքերում: Շենք առ շենք նորոգում իրականացնելուց հետո արդեն կկարողանանք պահպանել գրքերի պահպանման չափորոշիչները` անդրադառնալ տեխնոլոգիական խնդիրներին:

Շրջագայությունը ազգային գրադարանի բաց ու փակ պահոցներում լավ առիթ էր տեսնելու մեր գրավոր հարստության աչքից հեռու մասն ու իմանալու ավելին, քան հայտնի է: Մասնավորապես գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը հայտնեց, որ որոշել են թանգարան բացել` ցուցադրելու 650 անուն այն հնատիպ գրքերն ու հազվագյուտ հրատարակությունները, որոնք 1512-1800 թվականների հրատարակություն են: Թանգարանի համար հարմար է նկատվում ներկայիս ընթերցասրահը:

Շրջագայությունից հետո Ռ. Յիրիկյանը «Ազգի» համար մեկնաբանեց, թե ինչո՞ւ է բարեգործությունն ուղղված հենց գրադարանին: Բացի այն, որ գործարարը հավատարիմ ընթերցողի պես կարեւորում է գիր ու գրականության անզուգական դերն ու նշանակությունը մարդու հոգեւոր ձեւավորման եւ ազգային անփոխարինելի հարստություն լինելու հարցում, զրուցակիցս հիշատակեց եւ գրադարանին իր յուրահատուկ մոտեցման անձնական պատճառը. «Համալսարանական տարիներուս կաշխատեի այն համալսարանին գրադարանում, ուր եւ ուսանում էի: Նույնպիսի մթնոլորտում էի եւ հենց մտա գրապահոց, հիշեցի 1987-89 թթ. ուսանողական տարիները: Եվ վերջապես ազգային գրադարանը հարստություն է, սերունդների, հարյուրավոր տարիների պատմություն է: Եթե դա չկա, ուրեմն ոչ մի արժեք չունի ազգը: Ամեն մեկս պետք է աշխատինք մեր կարողության սահմաններում, որ պահպանենք այս գանձը»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4