«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2007-11-09 | #207, 2007-11-10 | #208, 2007-11-13


ՀՀ ԱԺ-Ն ՈՒՆԵՑԱՎ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ

Ազգային ժողովում երեկ կին պատգամավորների առաջադրման օր էր: Նոյեմբերի 6-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Զաքարյանը նշանակվեց Վերահսկիչ պալատի նախագահ եւ ԱԺ նախագահի տեղակալի աթոռը թափուր մնաց մինչեւ նոյեմբերի 12-ը: ԱԺ երեք խմբակցություններն էլ թափուր պաշտոնի համար առաջադրեցին կին պատգամավորների թեկնածություն: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը խմբակցության անունից առաջադրեց մարդու իրավունքների ԱԺ հանձնաժողովի նախագահ Արեւիկ Պետրոսյանի (ԲՀԿ), «Ժառանգության» խմբակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանըՙ Անահիտ Բախշյանի («Ժառանգություն») թեկնածությունը: Առաջադրվեց նաեւ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ԱԺ հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի (ՀՀԿ) թեկնածությունը, առաջադրողը, ի՜նչ անակնկալ, «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանն էր: Սակայն Հրանուշ Հակոբյանը ինքնաբացարկ հայտարարեցՙ հարգելով կոալիցիոն սկզբունքը: Մինչեւ ինքնաբացարկ հայտարարելը պատգամավորը ձայն խնդրեց ու չստացավ, քանի որ նման դեպքերում կանոնակարգը խոսքի հնարավորություն չի նախատեսում:

Նախատեսված գաղտնի քվեարկությամբ ՀՀ ԱԺ 102 պատգամավոր մասնակցեց ԱԺ փոխնախագահի ընտրությանը: Ճիշտ է, քվեատուփում, ինչպես տեղեկացրեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, առկա է եղել 100 քվեաթերթիկ, 13 կողմ, 79 դեմ ձայների բաշխմամբ Անահիտ Բախշյանի եւ 79 կողմ, 13 դեմ Արեւիկ Պետրոսյանի դեպքում: Նոյեմբերի 12-ից ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում է Արեւիկ Պետրոսյանը:

Այսպիսով, ԱԺ փոխնախագահի պաշտոնը կշարունակի զբաղեցնել ԲՀԿ ներկայացուցիչը: Եթե այս իրողությունը նոր չէ, ապա ՀՀ պատմության մեջ եզակի իրողություն է, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում է կին պատգամավոր:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հ.Գ. Քվեարկության թվաբանությանը որպես տվյալ եթե ավելացնում ենք անվավեր ճանաչված քվեաթերթիկների քանակըՙ 8, ապա անհայտ է մնում 2 քվեաթերթիկի գտնվելու վայրը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4