Որոշ տեղեկություններ հաղորդեց Երեւանի փոխքաղաքապետը
Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ մայրաքաղաքում նորոգման ենթակա 2464 վերելակներից 76-ն արդեն նորոգվել են, իսկ մնացածների համար շարունակվում են նախապատրաստական աշխատանքները շենքերում:
Շինարարության եւ բարեկարգման ժամանակացույցով նախատեսված աշխատանքների շուրջ 95 տոկոսն արդեն կատարվել է: Մասնավորապես 10 համայնքներում 76 փողոցների 150 կմ երկարությամբ արտաքին լուսավորման աշխատանքներից 74 փողոցներում դրանք արդեն ավարտվել են: Մինչեւ ամսվա վերջ լուսավորված կլինեն նաեւ մնացած 2 փողոցները: Այնուհետեւ, ոռոգման ցանցի վերականգնման գործընթացն ավարտվել է Աջափնյակ եւ Շենգավիթ համայնքներում: Ասֆալտապատվել է 102 փողոց 420 հազար քմ մակերեսով, իսկ ճաքալցվել է 120 հազար քմ: Բարեկարգումն ավարտվել է Սեբաստիայի, Լենինգրադյան, Գայի եւ Սասունցի Դավթի փողոցներում: Իսակովի պողոտայում կառուցվող 4 անցումները գրեթե պատրաստ են, իսկ Մյասնիկյան պողոտայի 2 անցումները պատրաստ կլինեն մինչեւ նոյեմբերի վերջ: Կարապի լիճը ձմռանը սահադաշտի վերածելու համար նույնպես նախապատրաստական աշխատանքներ են սկսվել:
Ջերմամատակարարման խնդիրն Ավան եւ Դավիթաշեն համայնքներում կլուծվի համակցված ջեռուցման ծրագրով, որի իրականացման աշխատանքները շարունակվում են: Թերեւս հիշատակման արժանի տեղեկատվությունը փոխքաղաքապետի ամբողջ ասուլիսից այսքանն էր:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ